Ուկրաինային աջակցող հայերի երեսպաշտության եւ կեղծավորության մասին

Ուկրաինային աջակցող հայերի երեսպաշտության եւ կեղծավորության մասին

Շաբաթ օրն ուկրաինական Բախմուտ (ռուսներն Արտյոմովսկ են անվանում) քաղաքի համար մղվող մարտերի ընթացքում հինգ վրացի կամավորական է զոհվել, կան բազմաթիվ վիրավորներ, այդ թվում՝ ջոկատի հրամանատարը: Վրաստանը եւ վրաց ժողովուրդը սգում է իր որդիների կորուստը. ռուս-ուկրաինական պատերազմի ավելի քան 9 ամիսների ընթացքում չէր եղել դեպք, որ մեկ օրվա ընթացքում միանգամից այդքան վրացի կամավորական զոհվեր: Դրանից մեկ օր առաջ եւս մեկ վրացի կամավորական էր զոհվել: Տարբեր տեղեկություններով՝ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում վրացի կամավորականներն ունեցել են 33-37 զոհ, որոնցից 5-ը՝ անցած շաբաթ օրը: 

Մինչեւ փետրվարի 24-ը եւս տասնյակ վրացի կամավորականներ էին կռվում ուկրաինական բանակի կազմում, իսկ լայնամասշտաբ ռազմական գործողություններից հետո հազարավոր վրացիներ անդամագրվեցին Ուկրաինա մեկնող կամավորական ջոկատներին: Նրանց մի մասը հետագայում վերադարձավ հայրենիք, մյուսները շարունակում են կռվել կանոնավոր բանակի եւ կամավորականների շարքերում: Այս պահին, դարձյալ ոչ պաշտոնական տվյալներով, Ուկրաինայում է գտնվում ավելի քան հազար վրացի կամավորական: Կամավորականների քանակով վրացիները երկրորդն են՝ լեհերից հետո: Վրացի ազգայնականները կամ առնվազն նրանց մեծամասնությունը համարում են, որ ռուս-ուկրաինական պատերազմը նաեւ իրենց պատերազմն է, որ ուկրաինական բանակի շարքերում պատերազմելով Ռուսաստանի դեմ՝ իրենք պայքարում են նաեւ Վրաստանի ազատության համար, որ Ուկրաինայի հաղթանակը եւ Ռուսաստանի պարտությունը նաեւ Վրաստանի հաղթանակն է լինելու ընդդեմ Ռուսաստանի: 

Հայաստանում եւս կան մարդիկ եւ քաղաքական ուժեր, որոնք սատարում են Ուկրաինային, համարում, որ ուկրաինական բանակի հաղթանակը ճանապարհ կբացի Հայաստանը ռուսական օկուպացիայից ազատագրվելու համար: Ազգային ժողովրդավարական բեւեռի յուրաքանչյուր հանրահավաք անցնում է ուկրաինական դրոշներով, անդրադարձ է կատարվում ուկրաինական բանակի հաջողություններին: Վերջին`նոյեմբերի 26-ի հանրահավաքը եւս բացառություն չէր: ԱԺԲ-ի ներկայացուցիչ Վահե Գասպարյանը, խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի մասին, ասում է․ «Ուկրաինացիները խոսում են մինչեւ Նոր տարի Ղրիմի ափին լինելու մասին, հերթական հակահարձակման վկան ենք լինելու, եւ, որպես պատասխան, նկատելի է Ռուսաստանի ներսում, Կրեմլի ներսում խուճապ: Որեւէ բանակցություն չի լինելու, որեւէ զինադադար չի լինելու, որեւէ պաուզա՝ պայմանավորված, այսպես կոչված, ձմռան պայմանների հետ, չի լինելու, որովհետեւ ձմեռը, հակառակը՝ ուկրաինացիների համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի՝ զարգացնելու հակահարձակումը: Այնպես որ, կարծում եմ՝ մինչեւ Նոր տարի շատ հետաքրքիր, վճռական զարգացումներ կլինեն: Էնպես որ, կեցցե ուկրաինացի ժողովուրդը, կեցցե ուկրաինական բանակը, որն ազատագրում է մեզ՝ բոլորիս»: 

Ի՞նչ իրավունքով է ԱԺԲ ներկայացուցիչն ասում՝ «ոչ մի բանակցություն, ոչ մի զինադադար»: Քանի՞ ԱԺԲ-ական է կռվում Ռուսաստանի դեմ, քանի՞ հայ կամավորականի գիտեք, որ Ռուսաստանին Հայաստանի թշնամի համարելով՝ մեկնել է ռազմաճակատ եւ կռվում է ուկրաինական կողմում: Երկու կողմում էլ կան կռվող հայեր, երկու կողմից էլ կան ազգությամբ հայ զոհեր, բայց նրանք այդ պատերազմին մասնակցում են որպես իրենց երկրների քաղաքացիներ եւ ոչ որպես կամավորներ: Երբ վրացիներն են ասում, որ ուկրաինական բանակն ազատագրում է մեզ բոլորիս, նրանք դրա բարոյական իրավունքը վաստակել են, գոնե այնքանով, որ գրեթե ամեն շաբաթ վրացական կողմը եւս զոհեր է ունենում: Վրաստանում անընդհատ գումար եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ են հավաքում եւ ուղարկում ռազմաճակատ: Թե՞ ԱԺԲ-ում համարում են, որ իրենք այնքան խելոք են, որ կարող են ուրիշի ձեռքով կրակից շագանակներ հանել. ուկրաինացիները կկռվեն, կզոհվեն՝ հանուն հայերի ազատագրման: Որտե՞ղ եք նման բան տեսել, որ մի երկրի բանակ ազատագրի մեկ այլ ժողովրդի կամ պետություն։ Նման բան չի եղել մարդկության ամբողջ պատմության ընթացքում: Բոլոր նման ազատագրումներն իրականում եղել են նոր նվաճումներ`ազատագրման կարգախոսների տակ:

Ո՞ւր էր նույն Վահե Գասպարյանը կամ ԱԺԲ վերնախավը, երբ Նիկոլ Փաշինյանն էր նոյեմբերի 9-ին կապիտուլյացիայի հայտարարություն ստորագրում. ինչո՞ւ գոնե նոյեմբերի 10-ին չէին գոռում՝ «ոչ մի բանակցություն, ոչ մի զինադադար»: Որովհետեւ այն ժամանակ իրենց հարց կարող էին տալ, թե ինչու իրենք չեն գնում կռվելու եւ ազատագրելու Հայաստանը կամ Արցախը, որը համարում էին ոչ թե առանձին պետություն, այլ, Փաշինյանի նման՝ Հայաստանի մարզ: Թե՞ հիմա կարելի է ուկրաինացի ժողովրդի արյան հաշվին Երեւանի Ազատության հրապարակում պատերազմը մինչեւ հաղթական ավարտ շարունակելու կոչեր անել, անհաշտ ու անզիջում դիրքորոշում դրսեւորել, բայց հենց գալիս է սեփական հայրենիքը պաշտպանելու ժամանակը, նրանք միանգամից դառնում են պարտվողական ու կապիտուլյանտ: Գուցե իսկապե՞ս համարում են, որ իրենց փոխարեն Հայաստանը պետք է պաշտպանեն եւ ազատագրեն ուկրաինացիները, վրացիները, ամերիկացիները, ֆրանսիացիները, նորվեգացիները: Մի խոսքով՝ բոլորը, բացի իրենցից: 
Ահա թե ինչու վրացիները կարող են ուկրաինական բանակի եւ Ուկրաինայի հաղթանակը համարել իրենցը, իսկ ԱԺԲ-ն եւ Հայաստանում Ուկրաինային, այսպես կոչված, բարոյապես աջակցող մյուս ուժերը՝ ոչ:

Ավետիս Բաբաջանյան