Նիկոլի առեւտուրն Ալիեւի հետ

Նիկոլի առեւտուրն Ալիեւի հետ

Նիկոլը գնաց Մոսկվա եւ նորից Հայաստանը սկուտեղի վրա մատուցեց Ադրբեջանին, որն անում է մաս-մաս, ամեն անգամ՝ մի մաս: Նախապես Պուտինը գրկում է Նիկոլին` սփոփելով, որ այս անգամ էլ ցավոտ է լինելու, տալու ես` չստանալով ոչինչ: Սահմանների բացումը, ճանապարհների ապաշրջափակումը Նախիջեւանը Մեղրիով կապում է Ադրբեջանի հետ առաջին հերթին, Թուրքիան նույնպես անցնում է այդ ճանապարհով: Որպեսզի անվտանգ լինի Մեղրիով ճանապարhը, ուրեմն Գորիս-Կապան ճանապարհը պետք է տեղ-տեղ անցի Ադրբեջանի սահմանով, իսկ դրա համար պետք էր Սյունիքի անվտանգ դիրքերը ներս բերել հօգուտ Ադրբեջանի, ինչն էլ արվեց: Այսինքն` պոչներս դրեցինք Ադրբեջանի ոտքի տակ: Չենք կարող չհամաձայնել, ադրբեջանցիները ճանապարհը կփակեն, չենք կարող նեղություն տալ, քանի որ մեզ նեղություն կտան: Լավ է մտածված, խոսք չկա: 

Շուռնուխ այցելած ադրբեջանցի լրագրողն էլ նույնն ասաց` բռունցքը օդում թափահարելով, որ կապկում էր իր տիրակալի սպառնալիքը, թե երկաթե բռունցքով կպատժվեն հայերը, եթե փորձեն չար նպատակով երթեւեկել: Իսկ հետո հանգիստ անցավ Շուռնուխի՝ Հայաստանին մնացած տարածք, մտավ հայի տուն, ամուսինների հետ թեյեց՝ որպես իրենց հպատակների: Վերջում փողոցում քայլելով ազդարարեց, որ սա իրենց առաջին ֆիլմն է Ալիեւի վաղուց խոստացած Ադրբեջանի պատմական մաս Զանգեզուրի մասին, որ հաղթանակի սկիզբը մեկնարկված է, իսկ հաջորդ ֆիլմերը լինելու են ավելի մեծ հաղթանակի` Զանգեզուրն ամբողջովին Ադրբեջանին վերադարձված լինելու մասին: Այդպիսի բաներ, Նիկոլ: 

Կարծում եք՝ ադրբեջանցի լրագրողը բլթցրե՞ց: Չէ, էդ մենք ենք բլթբլթում: Մեր Նազարն ասում էր, թե` Ուստիան, էշը բեր, նստեմ գնամ Մոսկվա` գերիներին ազատեմ, մինչեւ գերիներին չազատեմ, բան ստորագրողը չեմ: Բայց ստորագրեց: Էշն ավելորդ է, դու ուղղակի գնա, ինչպես գնացիր: Ալիեւն այնքան հիմար չէ, որ որպես շռայլություն՝ գերի վերադարձներ: Մեղրիով միջանցք է ուզում: Զինադադարից հետո մի 62 գերի ենք տվել, որոնց Մեղրիով միջանցքի դիմաց կվերադարձնի, եւ մենք գոհ կմնանք: Շատ ճկուն է Նիկոլը խաղում նուրբ լարերի վրա: Բայց հարցը բարդանում է, խաղադրույքը բարձրանում է, քանի որ այդ գերիներին Ադրբեջանն աշխարհին ներկայացնում է որպես ահաբեկիչներ: Հնարավոր է, որ միայն միջանցքով վճարած գինը քիչ լինի: Շատն ու քիչն էական չեն, վաղն էլ Սյունիքից մի 100 գերի կտանք` Ադրբեջանին զիջելիք հերթական տարածքի դիմաց ետ ստանալու համար: Եվ այդպես շարունակ: Բա մեր վարչապետը մեր տղաներին թողնի թուրքին գերի՞, փրկիչ է: Լավ առեւտուր է սկսել Նիկոլը Ալիեւի հետ: Իսկ թուրքը երբեք չի բավարարվի եւ կանգ չի առնի:   

Երբ այսպես իրականությունն ենք փաստում, ոմանց թվում է, թե սեւ հոռետեսությամբ չափազանցում ենք: Այդ ադրբեջանցի լրագրողը կարող էր մի պանրի դանակով իրեն հյուրընկալած հայ ընտանիքին քշել սահմանից այն կողմ եւ գերեվարել, հետո ետ գար ու նորից: Նախորդ հոդվածում գրել էինք` գնալու ես նստես Ալիեւի տակ ու նկարես նապաստակ: Սեւ հոռետեսություն: Ալիեւը գոհ մնաց մոսկովյան հանդիպումից, ադրբեջանցիներն էլ ուրախ են, որ Ալիեւ ունեն: Իսկ մենք լացում ենք, որ Նիկոլ ունենք: Միայն կարողանում ենք լացի միջից ծղրտալ` հաջորդն ի՞նչ ես ստորագրելու:

Հուսիկ Արա