Հայրենիք ենք կորցնում, չեմ կարող հանգիստ խոսել 

Հայրենիք ենք կորցնում, չեմ կարող հանգիստ խոսել 

Արմեն Աշոտյանի ձերբակալությանը յուրաքանչյուրը յուրովի է արձագանքում։ Յուրաքանչյուր արձագանքի մեջ ցավ, ցասում, զայրույթ կա։ Կարդում եմ սոցիալական ցանցի  գրառումներն ու զարմանում, որ մի քանի տարվա մեջ հանրապետականներին հայհոյող ժողովուրդը ո՜նց սկսել հայհոյել նրան, ով իշխանության էր եկել՝ նախկին իշխանության նկատմամբ ատելութուն, թույն սերմանելով։ Երբ ՔՊ-ական ենիչերները դագաղներով, մեկ անձի կողմից ուղղորդվող խմբերով հարձակվում էին նախկինների տների վրա, արատավորում նրանց անունը, հրապարակում հեռախոսի համարներ, որ նրանց հետևից գազազած ամբոխը գնա, մտովի պատկերացնում էի այն ժամանակները, երբ մեր թշնամին փղերին հարբեցնում ու բաց էր թողնում հայերի վրա։ Դրսից ղեկավարվող մի խումբ էր գործում՝ ատելության, երկիրը հանձնելու անհագուրդ տենչով։  

Ո՜նց կարողացավ այս իշխանությունը դագաղներով գալ իշխանության և երկիրը վերածել համատարած դագաղների․․․Ո՜նց կարողացավ խաբել հինավուրց մի ժողովրդի և երկիրը մաս- մաս անել, թշնամուն հանձնել․․․ Հիմա վերջին արարն է։ Շատերին է ձերբակալելու, ովքեր քաղաքական կշիռ ունեն։ Պատճառ պետք չէ։ Պատճառն այն է, որ իրենց երկիրը չեն ուզում հանձնել դարավոր թշնամուն։ Այդ տեսակին գալու առաջին օրվանից կոտրում, արատավորում, նվաստացնում են։ Ալիևն արդեն հայտնել է, որ մոտիկ է իր երազանքի իրագործումը։ Նիկոլը շտապում է։ Պետք է ձերբակալի բոլոր նրանց, ովքեր փորձում են բացել մարդկանց աչքերը, ովքեր դեմ են գնում երկիրը հանձնելուն։ Ադրբեջանը դրսից է հայ ժողովրդին կրակի տակ առնում, Նիկոլը՝ ներսից։ Երկուսով իրագործում են թշնամու դարավոր երազանքը։ 

Արմեն Աշոտյանը վերջին ժամանակներս, մասնավորապես կապիտուլյացիայի ստորագրումից ու Նիկոլի բանավոր պայմանավորվածություններից  հետո ոնց որ մի ուրիշ մարդ լիներ։ Փոխվել էր նրա բառապաշարը, կոշտացել։ Հասկանում էի նրա զայրույթը, ցասումը։ Հասկանում էի, որովհետև արդեն հայի տուն չկար, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության վերաբերյալ նման բառապաշարով չխոսեր։ Յուրաքանչյուր ոք իր բողոքը մի ձևով է արտահայտում։ Մեկը բարձրաձայնում է, մյուսը փորձում է «բառերը դասավորել», հետո խոսել, մեկ ուրիշն էլ լռում և ուզում է, որ իր բողոքը մեկ ուրիշն արտահայտի։ Քչերն են պոռթկում ամպրոպի պես, այդ քչերից է Արմենը։ Աշոտյանը բարձրացնում է  բոլորի բողոքի ձայնը, խոսում է բոլորի փոխարեն։ Խոսում ու գործում է։ Նիկոլը նրա լծակներից, կապերից է վախենում։ Նրա «բացահայտումները» ծանր է տանում Նիկոլը, մանավանդ կոշտ ու ճշմարիտ մերկացնող բառապաշարը։ Դա հասկանում էի ու մի օր Աշոտյանին գրեցի (ասեմ, որ նախկին իշխանությունների ամենաթունդ քննադատն եմ եղել ժամանին, բայց »պատուհասին»  չեմ ընտրել)․ «Ոնց որ բառամթերքդ կոշտացել է, գուցե գործից ելնելով, մի քիչ մեղմացնե՞ս»։ Պատասխանեց․  «Հայրենիք ենք կորցնում, չեմ կարող հանգիստ խոսել»։