Ալիեւի գործակալները

Ալիեւի գործակալները

Փորձենք հասկանալ այս իշխանությունների մտածողությունը, բացատրել նրանց դիրքորոշումն ու մտնել նրանց դրության մեջ: Ընդունենք, որ, իրոք, դեպքերի ու իրադարձությունների չարաբաստիկ դասավորությունն է մեր երկիրը հասցրել այս վիճակին. չենք կարողացել խելացի լինել եւ ժամանակին կանխատեսել ու կանխել պատերազմը, չենք պատկերացրել, որ այն անխուսափելի է, եւ պետք չէ հրաժարվել դիվանագիտական բանակցություններից:

Երիտասարդական անփորձությունն ու մաքսիմալիզմը տարել են այն ուղիով, որ կորցրել ենք մեր վաղեմի դաշնակիցներին եւ այնքան իմաստնություն չենք ունեցել, որ նոր բարեկամներ ձեռք բերենք: Չենք հասկացել, որ թշնամին արագորեն ուժեղանում է, իսկ մենք պարգեւավճարների վրա ենք ծախսում մեր սուղ միջոցները: Չենք կարեւորել զինվելն ու ժամանակակից զենքի ձեռքբերումը: Չենք գիտակցել, որ գեներալների ու հեղինակավոր անձանց դեմ անհիմն, հորինված քրեական գործերով վարկաբեկում ենք բանակն ու զինծառայությունը եւ երկրի ներսում ստեղծում  մի վիճակ, որ մարդկանց որոշ խմբեր օտարվում են պետությունից եւ բացասաբար են տրամադրվում իշխանությունների հանդեպ, ինչը նշանակում է, որ երկրի ներսում էլ բարեկամների քանակը նվազում է:

Չենք պատկերացրել, որ Արցախին պետք է ոչ թե խոսքով սատար կանգնել, այլ` իրականում, եւ հատկապես չի կարելի արցախցի-հայաստանցի պառակտում մտցնել: Չենք կարեւորել հանրային համերաշխությունը եւ սեւ-սպիտակի քարոզչությամբ բզկտել ենք երկիրը... Շարքը դուք շարունակեք:

Բայց ոչ մի կերպ չեմ հասկանում այն իշխանականներին, ովքեր երկրորդում-հաստատում են Ալիեւի ասածները, խոսում են այն մասին, որ Գորիս-Կապան ճանապարհը, Տավուշի գյուղերը պատկանում են Ադրբեջանին, հայտարարում են, թե Արցախն Ադրբեջանի կազմում չլինելու շանս չուներ: