Սահմանադրությունը հոպարի տղա չէ 

Սահմանադրությունը հոպարի տղա չէ 

Վարչապետը հրաժարական է տալիս, բայց վարչապետը հրաժարական չի տալիս: Պաշտոնի անվան ձեւակերպման մեջ ավելանում է երկու բառ՝  ժամանակավոր պաշտոնակատար: Ընդամենն այսքանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դառնում է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան: Մնացած ամեն ինչ նույնն է մնում, եւ ամեն բան իր տեղում է մնում: Մեկ էլ կառավարության անդամներն են նույն ձեւաչափով դառնում ժամանակավոր պաշտոնակատարներ՝  իրենց տեղում, իրենց գործին: Եվ Ազգային ժողովն է արձակվում ժամանակավորապես, պատգամավորներն ամբիոնից կամ նստած տեղից ելույթ ունենալու փոխարեն դեմ առ դեմ կհանդիպեն մարդկանց, նույնը կասեն ընտրարշավի օրերին: Ձեւ է եւ ձեւականություն:

Ժամանակավոր հրաժարական է տալիս նույն օրը, երբ երեք տարի առաջ Հանրապետության հրապարակում հայտարարեց, որ կա՛մ ինքը կլինի վարչապետ, կա՛մ Հայաստանը չի ունենա վարչապետ: Սպառնալիքը նույնն է՝  կա՛մ հունիսի 20-ին ինքը կլինի վարչապետ, հա՛մ Հայաստանը չի ունենա վարչապետ: Ժամանակավոր պաշտոնակատար է մնում այն դեպքում, երբ երեք տարի առաջ նույն հրապարակից հայտարարում էր, որ հրաժարական տված վարչապետը չի կարող մնալ ժամանակավոր պաշտոնակատար: 

Այն, ինչ չեն արել նախկինները, անում են ներկաները: Այն, ինչ չէր կարելի Սերժին ու մյուսներին, կարելի է Նիկոլին ու իր թիմին: Սահմանադրությունը Սերժին թույլ չէր տալիս, Սահմանադրությունը Նիկոլին թույլ է տալիս: Պարզվում է՝ Սահմանադրությունը մի դեպքում հոպարի տղա է, մյուս դեպքում հոպարի տղա չէ:

Նիկոլն այսօր անում է այն, ինչը երեկ մերժում էր: Ժողովրդին խոթում է այն կեղտաջուրը, որից պայքարում էր դուրս գալ ժողովուրդը, եւ որի արդյունքում էլ՝ պայքարի ալիքի վար, Նիկոլը եկավ իշխանության: Եկավ, որ չանի այն, ինչ հիմա է անում: Եկավ, որ մեզ այդ անելու պարտադրանքից ազատի: Ոչ միայն խոստացել էր, այլեւ հենց դա էր նրա իշխանության գալու առիթն ու պատճառը: 
Աղտը մերժում էր, երբ ընդդիմություն էր, նույն աղտը կիրառում է, երբ իշխանություն է: Ինքն է որոշում ընտրությունների օրը, ինքն է կազմակերպում ընտրությունները: Ինքը մնում է կառավարության ղեկին եւ օգտվում իշխանական բոլոր լծակներց, կիրառում դրանց հնարավորությունները: Ուսուցիչներին հրահանգում են աշակերտներին հավաքել եւ բերել Նիկոլին ընդառաջ, համայնքապետ ու մարզպետ մարդկանց բերում են Նիկոլի հրապարակ: Այս ամենն ամեն օր է հաստատվում:

Դեռ չի հայտարարվել ընտրարշավ, բայց Նիկոլը մարզերում զբաղված է ակտիվ քարոզչությամբ: Այլ կերպ չես կարող բնորոշել, քան անօրինական քարոզարշավ: Այս անօրինականությունը շարունակվելու է ամեն օր՝ բոլոր հնարավոր միջոցներով, ե՛ւ ընտրության օրը, ե՛ւ ընտրատեղամասերում: Մենք տեսնելու ենք շատ ավելի խայտառակ ընտրություններ, քան տեսել ենք եւ կարող էինք երեւակայել մեր հոռետեսական պատկերացումներում: 

Բարոյական մարդը հրաժարականից հետո վայր կդներ լիազորությունները եւ թույլ կտար ընտրությունները կազմակերպեր բոլորի կողմից վստահելի մեկը որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար: Ընտրություններին կմասնակցեր հավասար իրավունքով ու միջոցներով: Միայն այդ դեպքում արդարացիորեն կորոշվեր ունեցած իրական հնարավորությունն ու վստահությունը: Բայց սա մենք չենք տեսնի:

Հուսիկ Արա