Իշխանասարում կրակոց չկա․ Մ․ Պետրոսյան

Իշխանասարում կրակոց չկա․ Մ․ Պետրոսյան

Մայիսի 12-ից ադրբեջանցի զինվորականները ներխուժել են Սյունիքի մարզի Սև լճի տարածք ու 3 կիլոմետր խորացել, վերհսկողության տակ վերցրել հայ-ադրբեջանական սահմանին Սև լճի տարածքի մեծ մասն ու մինչև հիմա դուրս չեն գալիս։ Ավելին, ադրբեջանական ուժերն իրենց դիրքերն են ամրացրել այդ հատվածում։ Ադրբեջանցի զինվորականների կողքին նկատվել են թուրք հատուկջոկատայիններ։  

Ադրբեջանական կողմը, օգտվելով 44-օրյա պատերազմի և փաշինյանական կապիտուլյացիայի հետևանքով թուլացած Հայաստանի վիճակից, պնդում է, որ սևլիճյան տարածքի մեծ մասն իրենց է պատկանում։ Նշենք սակայն, որ պատմությունը և քարտեզները հակառակն են ապացուցում, և Սև լճի տարածքի չնչին մասն է «Գուգլ» քարտեզների համաձայն իրենցը։

«Հրապարակը» Սիսիան համայնքի Իշխանասար վարչական շրջանի ղեկավար Մարատ Պետրոսյանից հետաքրքրվեց, թե սահմանային իրավիճակն ինչպես է։

«Նորմալ, մեր տարածքում նորմալ», - ասաց նա։ Ըստ վարչական շրջանի ղեկավարի՝ գիշերը կրակոցներ էլ չեն եղել։

Նրա խոսքերով՝ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը «ոչ մի արտառոց դեպք տեղի չի ունեցել», ադրբեջանական կողմը որևէ սադրանքի չի դիմել։

Այլ մանրամասների համար Պետրոսյանը հորդորեց դիմել պաշտպանության նախարարությանը։  

Հարցին՝ «իսկ հետ քաշվելու միտումներ նկատո՞ւմ եք ադրբեջանական կողմից», Իշխանասարի ղեկավարը պատասխանեց, որ ոչ։ «Ոչ։ Սա արդեն կարող եք պաշտպանության նախարարությանից իմանալ»։

Հարցերին՝ «հետքաշման հարցով բանակցություններ տեղի ունենո՞ւմ են, Դուք տեղեկություններ ունե՞ք», Պետրոսյանը պատասխանեց․ «Ես տեղեկություն ունեմ, գիտեմ, որ մեր տարածքը լրիվ մաքուր է, չկա ոչ մի արտառոց դեպք։ Կրակոց չկա, մեր ժողովուրդը հանգիստ է, անասունը դուրս է գալիս դաշտ։ Իսկ կոնկրետ իմանալու համար, հարցրե՛ք պաշտպանության նախարարությանը»։

Իշխանասար գյուղը Մեծ Իշխանասար լեռան ստորոտային մասում է տեղակայված։ Լեռան արևելյան լանջին տարածվում է Սև լիճը։