Ապագայում Եվրոպային սպասում է աշխարհի հարմարավետ ծերանոցի կարգավիճակը

Մասնագետները պնդում են, որ Եվրոպան՝ տեխնոլոգիաների ոլորտում գնալով հետ է մնում ոչ միայն ԱՄՆ-ից, այլև Չինաստանից: Ժամանակակից Եվրոպան չունի նաև հստակ քաղաքական պատասխաններ իր իսկ առջև ծառացած մարտահրավերների մեծ մասի համար։ ԵՄ անդամ երկրների դեմոգրաֆիական, սոցիալ-տնտեսական և էթնո-քաղաքական իրավիճակը, որոշ վերլուծաբանների թույլ է տալիս եզրակացնել, որ ապագայում Եվրոպային սպասում է աշխարհի հարմարավետ ծերանոցի կարգավիճակը: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը:
«Համաշխարհային արդի զարգացումների վրա ազդեցության տեսանկյունից նույնպես, Եվրոպան աստիճանաբար հայտնվում է աշխարհում տեղի ունեցող արագ փոփոխությունների հետնամասում, ոչ թե առաջնագծում:
Ավտանգության և կայուն խաղաղության առումով ԵՄ-ի հարևան տարածաշրջանները սկսել են զգալի վտանգ ներկայացնել: Թուրքիան ընդլայնում է իր հավակնությունները Կովկասից մինչև Լիբիա՝ չմոռանալով Կիպրոսի և Հունաստանի տարածքային ջրերի մասին։ Մերձավոր Արևելքում՝ Իրանը հեռու չէ աշխարհի «միջուկային ակումբին» միանալու հեռանկարից։ Լիբիան՝ Քադաֆիի տապալումից հետո այդպես էլ չվերականգնվեց, իսկ Թունիսն ու Ալժիրը խճճվել են ավտորիտարիզմի, իսլամացման և ժողովրդավարության ձգտումների միջև: Բացի այդ, Մաղրիբից դեպի հարավ, մայրցամաքային Աֆրիկայում, մոտակա տասնամյակներում բնակչության ակնկալվող կրկնապատկումը վկայում է Եվրամիության վրա միգրացիոն հոսքերի և ծանրաբեռնվածության կտրուկ աճի մասին: Այս ամենին եթե ավելացնենք Եվրոպական մայրցամաքում իսլամադավան բնակչության աճի տեմպերը, ապա քրիստոնեական արժեքների վրա հենված և ժողովրդավարության ջատագով եվրոպական քաղաքակրթության ոչ հեռու ապագան կդառնա խիստ անկանխատեսելի»,- նշել է նա:
Կարծիքներ