Արցախի կառավարության կառուցվածքի ուսանելի տարբերությունները

Արցախի կառավարության կառուցվածքի ուսանելի տարբերությունները

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է հանրապետության կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը։ Վերջինիս հպանցիկ համեմատությունը ՀՀ կառավարության կառուցվածքի հետ երևան է բերում մի քանի ուշագրավ և, կարծում եմ, ուսանելի տարբերություններ։
Ինչպես նախորդ, այնպես էլ այս կառավարությունում, պետական նախարարի հետ մեկտեղ, պահպանվել է նախարարությունների թիվը՝ 12։ Ողջունելի է, որ Արցախի նախագահը չի առաջնորդվել «կրճատել՝  խնայելու համար» պոպուլիստական մտայնությամբ, ինչպես վարվեցին ՀՀ իշխանությունները, երբ պետական բյուջեի միջոցների օգտագործման իրենց խնայողական վարքը ցուցանելու համար կրճատեցին տնտեսության այնպիսի էական ոլորտ համակարգող նախարարություն, ինչպիսին է  գյուղատնտեսությունը։ Ոչ մի բանական հիմնավորում, ոչ մի  քննարկում կամ խելամիտ փաստարկում չեղավ․ մարդիկ փակեցին կարևորագույն այդ նախարարությունը՝ մտքով իսկ չանցկացնելով իրենց քայլի ողջ տնտեսական ու նաև հոգեբանական վնասաբերությունը (երկիր պահող գյուղացին հարազատ կառավարության կառուցվածքում արդեն երկու տարի  իրեն «անտեր» է զգում)։ 
Արցախում, այո, չեն տրվել կառավարության կառուցվածքի առումով Հայաստանին նմանակելու գայթակղությանը, իսկ այդպիսի գայթակղություն կարող էր ծնվել, քանի որ նմանակելու պարագայում Արցախի իշխանությունը Նիկոլի իշխանության կառուցվածքը հռչակած կլիներ «օրինակելի»։ 
Արցախում Նիկոլի ճանապարհով չեն գնացել ոչ միայն գյուղատնտեսության նախարարությունը պահպանելու, այլև կրթության, գիտության և մշակույթի նախարարությունն «անվանակոչելու» առումով։ Այս նախարարության անվանումից բացակայող «սպորտ» բառը և փոխարենը ներառված «մշակույթ» բառը ամեն ինչ բերում են ոլորտային տրամաբանականության դաշտ՝ իրար համախումբ դարձնելով կրթությունը, դրանից ածանցվող գիտությունը և մշակույթը։
Ոլորտային մերձավորության սկզբունքը հիանալի է պահպանվել «ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարություն» անվանման մեջ․ «սպորտը» հայտնվել է տրամաբանորեն շատ բնական-հարազատ միջավայրում՝ ռազմահայրենասիրություն, երիտասարդություն, զբոսաշրջություն։ Ի դեպ, Արցախի նախորդ կառավարության կառուցվածքում սպորտը ներկայիս հայաստանյան տարբերակի նույն «անհարմար» վիճակում էր՝ «կրթության, գիտության և սպորտի նախարարություն»։ Մինչդեռ «մշակույթ» և «սպորտ» ոլորտները տրամաբանական փոխատեղման արդյունքում, ինչպես արդեն նշեցի,  ձևավորել են ավելի «ընկալելի» նախարարություններ։
Ուշագրավ փոփոխության է ենթարկվել նախորդ կառավարության կազմում գործած աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը․ «վերաբնակեցում» քաղաքական որոշ անցանկալի ենթատեքստ ունեցող բառը փոխարինվել է «բնակարանային» չեզոք բառով։
Ուշագրավ է նաև Արցախի նախորդ կառավարության բնապահպանության  և բնական ռեսուրսների նախարարությունը բնապահպանության կոմիտեի փոխելու իրողությունը։ Հայաստանյան կառավարության կառուցվածքում այդ նախարարությանը համապատասխանում է շրջակա միջավայրի նախարարությունը, որն իր ճապաղ, անորոշ անվանումը պրոյեկտում է նաև այն ոլորտի վրա, որը պահպանելուն կոչված է։ (Այդ նախարարության կարևորությունը նույնքան անորոշ է, որքան անորոշ է շարունակում մնալ, օրինակ, Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդիրը)։
Արցախի կառավարության նախարարությունների ցանկում ավելացել է  տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը։ Այս փոփոխությունը պետք է դիտարկել որպես էական, որովհետև Արցախի ներկա միջազգային կարգավիճակում (չճանաչված պետություն) թե՛ տարածքային կատավարումը, թե՛ նաև զարգացումը հսկայական նշանակություն ունեն, իսկ ռազմավարական նշանակության առումով այդպիսի նախարարություն  կառուցվածքում ընդգրկելն ավելի հիմնավորված է, քան հայաստանյան նրա «անվանակցինը» (տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն), որի տարածքային կառավարման գործառույթն ավելի շատ քաղաքական կառավարման, այն է՝ քաղաքական գործընթացների վերահսկման և ուղղորդման գործառույթ է։ Էլ չենք խոսում այն ֆինանսական ու այլ միջոցների մասին, որոնք հսկայական բեռի պես ծանրացած են պետական բյուջեի վրա և ծախսվում են, օրինակ, միանգամայն անօգուտ և անիմաստ մարզպետարանները պահելու համար։

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ