Եթե Էրդողանին ու Ալիևին չկանգնեցնի միջազգային հանրությունը, կնշանակի դասեր չենք քաղել Երկրորդ համաշխարհայինից

Եթե Էրդողանին ու Ալիևին չկանգնեցնի միջազգային հանրությունը, կնշանակի դասեր չենք քաղել Երկրորդ համաշխարհայինից

Կոչ ենք անում մեծացնել ճնշումը Ադրբեջանի նկատմամբ, ստիպել, որպեսզի Ադրբեջանում ազատ արձակվեն բոլոր գերեվարված հայերը, ստեղծել պատերազմական հանցագործությունները քննելու գործուն մեխանիզմներ։ Այս մասին քիչ առաջ ԱՄՆ դեսպանատան մոտ մեկնարկած ակցիայի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի պատասխանատու Սոս Հակոբյանը։ Նշենք, որ ՀՀԿ-ի և «Հայրենիքի» երիտթևի ներկայացուցիչները եկել են նամակ փոխանցելու դեսպանատանը։

«Ճանաչել Արցախի անկախությունը, հստակ գնահատական տալ խաղաղ բնակչության նկատմամբ մարդասպան ռոբոտների կիրառման պրակտիկային, կանխել Արցախում մշակութային ցեղասպանությունը։ Համաշխարհային աղետները ՝ թե առաջին, թե երկրորդ համաշխարհայինները, սկսել են փոքր ազգերի նկատմամբ անարդարությունից ու միջազգային հանրության կողմից դրա անտեսումից։ Էրդողանն ու Ալիևը ունեն բոլոր հնարավորությունները դառնալու 21-րդ դարի Հիտլերն ու Մուսոլինին։ Եթե նրանց չկանգնեցնի միջազգային հանրության միասնական բռունցքը, կնշանակի, որ մենք դասեր չենք քաղել Երկրորդ համաշխարհայինից»,- ասաց Հակոբյանը։