Ինչու չի ներկայանում դատախազ Իսախանյանը նիստերին

Ինչու չի ներկայանում դատախազ Իսախանյանը նիստերին

Ցմահ ազատազրկման դատապարտված եւ 25 տարի կալանավայրում անցկացրած Ստեփան Գրիգորյանը մի քանի տարի է պայքարում է վաղաժամկետ ազատ արձակման համար։ Նրան կամ վաղաժամկետի հանձնաժողովն է մերժում, կամ կալանավայրերի ադմինիստրացիան։ Կամ դատախազությունն է բողոքարկում։ Հիմա հարցը հասել է դատարան, սակայն վերջին երկու նիստերը չեն կայանում՝ դատախազի պատճառով։

Կալանավայրերի նկատմամբ հսկողություն իրականացնող, պատիժների եւ հարկադրանքների վրա հսկող դատախազ Իսախանյանը արդեն երկրորդ դատական նիստն է չի գալիս դատարան, գրություն է ուղարկում՝ իբրեւ թե ծանրաբեռնված է։ Դատապարտյալին բերում են նիստին, փաստաբանը գալիս է, լրագրողները տասնյակ կիլոմետրեր կտրում՝ գալիս են Արմավիրի դատարան, որտեղ քննվում է գործը, դատավորը գալիս է, դատական ծախսեր են արվում, իսկ դատախազը՝ չի ներկայանում։ Այս կառույցի համար, փաստորեն, մարդու իրավունքները ոչինչ են։ Ոչ միայն առանց հիմնավոր պատճառաբանության դեմ են արտահայտվում մարդու վաղաժամկետ ազատմանը, մի մարդու, ով 25 տարի կալանքի տակ է անցկացրել, այլեւ դատական նիստերին են չեն գալիս։ Հավանաբար, գիտեն, որ դատարանը բավարարելու է մարդու խնդրանքը, քանի որ պատգամավորներ ու հանրային հայտնի գործիչներ են նաեւ միջնորդել Ստեփան Գրիգորյանի համար։ Եւ մարդը նյարդային վիճակում՝ ամիսներ շարունակ սպասողական դրության մեջ, այլեւս չի դիմանում այս խոշտանգմանը։ 

Երեկ հերթական նիստն է եղել, որին չի ներկայացել մեղադրողը, դատապարտյալը դատավորին ասել է, որ սա դատախազի կողմից ոչ հարգալից վերաբերմունք է դատարանի նկատմամբ։ Նրա առողջական վիճակը վատացել է՝ ճնշումն ընկել է, շտապօգնություն են կանչել։