Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահում կրքերը հանդարտվել են

Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահում կրքերը հանդարտվել են

Մոտ 3 շաբաթ առաջ Գյումրու Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահն անժամկետ դադարեցրեց աշխատանքը։ Պատճառն աշխատանքային տարաձայնություններն էին եւ առաջացած կոնֆլիկտը պատկերասրահի աշխատակցուհիներից մեկի հետ, ում հայրը, ըստ աշխատակիցների, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի մտերիմ ընկերն է, եւ հենց քաղաքապետի ճնշմամբ էլ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Վարդպարոնյանը ստիպված էր եղել ազատման դիմում գրել, ինչի համար պատկերասրահի աշխատակազմը մի քանի օր շարունակ գործադուլ էր անում՝ պահանջելով ապահովել Մ․ Վարդպարոնյանի վերադարձը։  

Քաղաքապետարանը, իրավիճակին լուծում տալու համար, հապճեպ նշանակում արեց՝ տնօրենի նոր ԺՊ նշանակելով Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ամբիոնի վարիչ Գագիկ Մանուկյանին։ Բայց, ինչպես տեղեկացանք, այս նշանակումը կարճ ժամանակ անց քաղաքապետարանը չեղարկել է եւ պատկերասրահի տնօրենի ԺՊ-ի պաշտոնում նշանակել նկարիչ Կարեն Բարսեղյանին, ով համատեղության կարգով որեւէ այլ տեղ չի աշխատում, ինչպես նախորդ 2 ԺՊ-ները։  

Նախկին տնօրենի ԺՊ Մ․ Վարդպարոնյանը չցանկացավ որեւէ որակում կամ գնահատական տալ այս նշանակմանը։ Հիշեցնենք, որ Մ․ Վարդպարոնյանն իր մյուս աշխատավայրից արդեն ազատման դիմում էր գրել՝ պատկերասրահում անարգել աշխատելու համար, բայց արդյունքում զրկվեց 2 աշխատանքից էլ։ Թե հիմա ինչով է զբաղվում, ասաց, որ զրոյից իր սեփական գործն է ուզում նախաձեռնել։

Պատկերասրահի նոր տնօրենի ԺՊ Կարեն Բարսեղյանը եւս կարճ խոսեց մեզ հետ, ասաց՝ ֆոնդերում աշխատանք է տանում, միայն նշեց, որ աշխատակիցները գործադուլը վաղուց են դադարեցրել, իսկ թանգարանն էլ բնականոն հունով աշխատում է՝ «դեռ մի բան էլ ավել»։ Հետաքրքրվեցինք՝ կոնֆլիկտները հարթվե՞լ են։ «Ոչ մի խնդիր չկա»,- ասաց ու հավելեց, որ նախկին աշխատակցուհին, ում պատճառով առաջացել էր այս իրավիճակը, թանգարանում չի աշխատում։ Հնարավո՞ր է, որ ինչպես նախկին ԺՊ-ի, այնպես էլ իր առջեւ պայման դնեն, որ նա վերադառնա թանգարան։ «Ո՞վ պետք է իմ առաջ պայման դնի, քաղաքապետարա՞նը, չեմ կարծում, որ կարող է նման իրավիճակ տեղի ունենալ»։

Տնօրենի ԺՊ-ն դեռ չի որոշել՝ հետագայում կառաջադրվի՞ տնօրենի պաշտոնում, թե՞ ոչ․ «Այս հարցին հիմա չեմ կարող պատասխանել, որովհետեւ արվեստագետ եմ ու կարող է որոշեմ՝ վաղը գնամ իմ արվեստանոց ու նկարեմ»։