Վովա Գասպարյանը իրեն մեղավոր չի համարում
Այսօր ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչի կողմից ՀՀ ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ մասով:
Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
«Վ.Գասպարյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է քննության այս փուլում ցուցմունքներ տալուց: Վ.Գասպարյանը առաջադրված մեղադրանքին լուրջ չի վերաբերվում, քանի որ այն զավեշտի աստիճանի ակնհայտ անհիմն է և, բացի այդ սա արդեն 5-րդ թե 6-րդ քրեական գործն է, որը կապվում է իր անվան հետ իր պաշտոնից ազատվելուց հետո:
Այդ քրեական գործերից մի քանիսի վարույթն արդեն կարճվել է նախաքննության փուլում, համոզված ենք, որ այս գործը ևս չունի որևէ իրավական ապագա և կարճվելու է:
Գեներալ-գնդապետ Վ.Գասպարյանը իր ողջ կյանքը նվիրել է Հայոց պետականության կայացմանը, հավատարիմ է իր այդ նվիրումին նաև հիմա, իսկ ինչ վերաբերում է տեղի ունեցող քրեական գործընթացներին, ապա դրանք դիտարկում է երկրում տիրող իրավական նիհիլիզմի ընդհանուր համայնապատկերի մեջ», - ասված է նրա գրառման մեջ:
Կարծիքներ