Միքայել Մինասյանի ու Արթուր Վանեցյանի կապը կոմբինատի հետ․ ԶՄՊԿ-ի ղեկավարության պարզաբանումը (տեսանյութ)

Միքայել Մինասյանի ու Արթուր Վանեցյանի կապը կոմբինատի հետ․ ԶՄՊԿ-ի ղեկավարության պարզաբանումը (տեսանյութ)

«Մենք որպես ընկերություն պարտավորություն ենք զգում եւ կրելու ենք տարվա վերջին մեր բաժնետերերի ցանկը հասանելի դարձնել հանրությանը, որը մենք արել ենք ժամանակից շուտ։ Ինչ վերաբերում է մեր բաժնետերերի ցանկին, մենք մեր պարտավորությունները կատարել ենք։ Ավելին ասեմ՝ մենք գործընթաց ունեցանք անցած ամիս, տեղաբաշխեցինք պարտատոմսեր, որը մեր առաջին քայլն է։ Մենք նախատեսում ենք առաջիկայում ընկերությունը տանել բաց բաժնետիրական ընկերության ֆորմատի»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մհեր Պոլոսկովն՝ անդրադառնալով Արթուր Վանեցյանի եւ Միքայել Մինասյանի կողմից բաժնեմաս ունենալու խոսակցություններին։

Նա նշեց, որ իրենք պատասխանատու են ընկերության աշխատանքի, բնապահպանական խնդիրների, հարկերի վճարման համար։

Տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանն էլ թեմայի վերաբերյալ ասաց․ «Կոմբինատի բաժնետերերը չորսն են եւ բոլորն էլ իրավաբանական անձինք են։ Հարցն անդրադառնում է ոչ թե բաժնետերերին, այլ բաժնետերերի բաժնետերերին՝ 4-րդ, 5-րդ մակարդակի փոփոխություն։ Կոմբինատը մասնավոր ընկերություն է, այն պահին, երբ ՀՀ կառավարությունը մասնավորեցել է կոմբինատը, նա այս ձեռնարկությունը թողել է ազատ նավարկության։ Ով ում հետ է փոխկապակցված, դա կոմբինատի մենեջմենթին  չի վերաբերում»։

Ճշգրտող հարցին՝ Միքայել Մինասյանն այլ անձնանց միջոցով հանդիսանո՞ւմ է սեփականատեր, ստանո՞ւմ է եկամուտ, թե՞ ոչ, Նարեկ Ամբարյանը պատասխանեց․ «Երբ կոմբինատը դարձել է մասնավոր հիմնարկ, այն կարգավորվում է միայն ՀՀ օրենսդրության սահմանափակումներով։ Կոմբինատի բաժնետերերը, որոնք 4-ն են, արդեն 6 տարի եւ ավելի է ոչ մի դրամ եկամուտ չեն ստացել էս հիմնարկի աշխատանքից»։

Պոլսոկովը նաեւ ավելացրեց․ «Մենք տեսե՞լ ենք որեւէ պաշտոնյաների բարեկամների, որոնք մեզ ցուցում տան՝ ոնց աշխատենք։ Ոչ, չենք տեսել»։