Արժե՞ ոգեւորվել

Արժե՞ ոգեւորվել

ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատում ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի քննարկմանն ու քվեարկությանը ներկա է գտնվել Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը: Լրատվամիջոցներից մեկն այդ առթիվ կարծիք է հայտնում, թե դա հազիվ թե պատահաբար համընկած լիներ, ապա հիմնավորում. «Արցախը իրավիճակի փոփոխության կենդանի օրինակ է, որ տարածաշրջանում հաստատվել էր Ռուսաստանի եւ Թուրքիայի, ապա Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի միջեւ պայմանավորվածություններով: Ստատուս-քվոն հաստատվել էր առանց ԱՄՆ-ի՝ շրջանցելով Վիլսոնի իրավարար վճիռն ու Վաշինգտոնի հավանությանն արժանացած Սեւրի պայմանագիրը»- իսկ վերջում հարցադրում. «ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը վկայու՞մ է, որ ԱՄՆ-ն  մտադիր է այս անգամ մասնակցել ստատուս-քվոյի ձեւավորմանը»: 

Ո՞վ, ինչպե՞ս եւ ինչու՞ է Արցախի արտգործնախարարի ամերիկյան այցը կազմակերպել այնպես, որ նա ներկա գտնվի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի քննարկմանը՝ կռահելի է: Մասիս Մայիլյանը հայտարարել է Արցախի նախագահի պաշտոնում առաջադրվելու որոշման մասին, եւ նրա վաշինգտոնյան ուղեւորությունը, հավանաբար, փիառի տարրեր նույնպես ունի, ինչը, ցավոք, պաշտոնական ձեւակերպում է ստացել. Արցախի ԱԳՆ-ն Ներկայացուցիչների պալատի բանաձեւի կապակցությամբ հայտարարել է, թե այն կնպաստի տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը: Ոչ մի ակնարկ Արցախի հարցում բանաձեւի հնարավոր ազդեցության մասին: Դա էլ, երեւի, թողնված է Մասիս Մայիլյանի քարոզչությունն ապահովող շրջանակներին, ինչի դրսեւորում կարելի է համարել վերը մեջբերվածը:

Բայց արժե՞ ոգեւորվել եւ, մանավանդ, ոգեւորել: Խորքային առումով կարող ենք գործ ունենալ բոլորովին այլ զարգացումների հետ: Իրողություն է, որ ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացում սկսվեց, երբ Անկարային Բրյուսելից գրեթե բաց տեքստով հասկացրին, որ Եվրամիության դռները նրա առջեւ վերջնականապես փակված են: ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների սառնությունը, որ վերաճել է բացահայտ լարվածության, Անկարային ավելի չի՞ մղում Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական ալյանսի: Ընդ որում, դա լիովին ձեռնտու է նաեւ Ռուսաստանին: Այլ բան է Արեւմուտքի հետ մրցակցել միայնակ, բոլորովին այլ՝ Թուրքիայի, իսկ հեռանկարում՝ նաեւ թուրքական աշխարհի հետ դաշինքով: Թերեւս հենց այդ նկատառմամբ է, որ Ռուսաստանը ոչ մի խանդ չի տածում Թուրքիայի եւ հետխորհրդային տարածքի թուրքախոս երկրների ռազմա-քաղաքական սերտ համագործակցության հանդեպ: Իսկ եթե դա հենց ռուսական նախագի՞ծ է: Այս իմաստով, ահա, ցանկալի է ունենալ Արեւմուտքի՞, թե՞ Ռուսաստանի հետ համերաշխված Թուրքիա: Մասնատման սպառնալիքի հանդեպ ազգայնականացո՞ղ, թե՞ անվտանգությունը միջազգայնորեն երաշխավորած եւ դեպի ժողովրդավարություն եւ համամարդկային արժեքներ ձգտող Թուրքիա: Միացյալ Նահանգներն, այո, կարող է կանխածրագրել Մերձավոր Արեւելքի՝ 100 տարի առաջ հաստատված ստատուս-քվոյի փոփոխություն:

Բայց դրանից մեր շահը ո՞րն է: Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի եւ Իրանի մասնատմամբ կարող է ստեղծվել քրդական պետություն, ոչ թե՝ Վիլսոնի գծած սահմաններով Հայաստան: Եւ չկա երաշխիք, որ այդ Քրդստանը Հայաստանի հանդեպ ավելի հանդուրժողական է լինելու, քան այսօր Թուրքիան է: Եվ եթե ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում քվեարկելուց անմիջապես հետո Թուրքիայի նախագահը հրավիրում է իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստ եւ հայտարարում, որ հարցականի տակ է նոյեմբերի 13-ին ծրագրած ամերիկյան այցը, իսկ Ռուսաստանի նախագահին կարող է հանդիպել ցանկացած ժամանակ, դրանից ինչ-որ հետեւություն պե՞տք է արվի: Այսինքն, չարժե՞ փորձել հասկանալ՝ Ներկայացուցիչների պալատի բանաձեւը մերձավորարեւելյան-հարավկովկասյան նոր ստատուս քվոյի հեռանկա՞ր է բացում, ընդ որում՝ մեզ համար չափազանց մշուշոտ, թե նպաստում ռուս-թուրքական պայմանավորվածություններով մեկ դար առաջ հաստատվածի վերականգնման աշխարհաքաղաքական կանխածրագրումի՞ն: Ո՞վ ունի այս հարցի գոնե մոտավոր պատասխանը: