«Հրապարակ». Եթե օրինագիծն ընդունվի, ամիսը մեկ պետք է վճռաբեկ դատարանի կազմը փոխեն

«Հրապարակ». Եթե օրինագիծն ընդունվի, ամիսը մեկ պետք է վճռաբեկ դատարանի կազմը փոխեն

2007-ից մինչ օրս ընդունված ՄԻԵԴ-ի վճիռները, որոնցով արձանագրվել են Հայաստանի դատավորների կողմից միտումնավոր եւ կոպիտ խախտումներ, ուսումնասիրվելու են, եւ տվյալ դատավորները ենթարկվելու են կարգապահական պատասխանատվության: Օրենքի նախագիծը՝ ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, ԱԺ-ն անցյալ շաբաթ ընդունեց առաջին ընթերցմամբ: «Այսինքն՝ նախագիծը երբ ուժի մեջ մտնի, վարույթ հարուցող մարմինները կարող են վեր հանել գործերը, տեսնել՝ արդյոք դատավորը կատարե՞լ է խախտում, եւ դրա հիման վրա կարգապահական պատասխանատվության ենթարկել այսօր գործող օրենսդրությամբ սահմանված կարգով»,-  նշել է արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը:

Առաջին հարցը, որ ծագում է՝ ինչո՞ւ են դիտարկվում 15 տարվա վաղեմության գործերը, ոչ թե 20 կամ, ասենք՝ 4: «2007 թվականից սկսած, երբ ընդունվեց առաջին Դատական օրենսգիրքը, դատավորների համար սահմանվեց կարգապահական պատասխանատվություն՝ նյութական եւ դատավարական օրենքի խախտման համար։ Այսինքն՝ 15 տարի շարունակ դատավորի համար կանխատեսելի է եղել, որ նման խախտումները կարող են հանգեցնել լիազորությունների դադարեցման»,- պատասխանում են նախարարությունից: Պատասխանը պարզ է՝ 15 տարի առաջ եղել է Մարտի 1, եւ այս օրինագիծն առաջին հերթին Մարտի 1-ի «զանգվածային անկարգությունների» գործերով դատավորների դեմ է:

ԱԺ փորձագիտական վարչությունը կոպիտ սխալներ է հայտնաբերել օրինագծում, անընդունելի կետեր, որոնք հակասում են ՀՀ Սահմանադրությանը: Մասնավորապես, 3-րդ հոդվածով սահմանվում է, որ կարգապահական տույժը, ընդհուպ՝ դատավորի լիազորությունների դադարեցումը, կարող է կիրառվել նաեւ մինչեւ «սույն օրենքի ուժի մեջ մտնելը կայացված ՀՀ մասնակցությամբ միջազգային դատարանի ակտերի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումներով», եթե միջազգային դատարանի կայացրած ակտն ուժի մեջ մտնելուց հետո չի անցել 15 տարի: ԱԺ փորձագետներն արձանագրել են, որ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի համաձայն` «տարածվում են դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա»: ԱԺ փորձագետները եզրակացրել են, որ անձի իրավական վիճակը վատթարացնող դրույթը չի կարող հետադարձ ուժ ունենալ:

Փաստաբան Հայկ Ալումյանին խնդրեցինք գնահատել օրինագիծը։ Նա այլ ասպեկտ նշեց, որն անհնարին է դարձնելու այս օրենքի կիրառումը, եթե ընդունվի: Ալումյանը խորհուրդ տվեց հարցնել Գրիգոր Մինասյանին, թե որ ատյանի դատավորին է պատրաստվում պատժել: Եվ հիշեցրեց, որ հենց առաջին որոշումից, որը ՄԻԵԴ-ն ընդունել է Հայաստանի դեմ, դատավորներին կարգապահական պատժի ենթարկելու հարցը քննարկվել է, բայց մինչ օրս նման կարգավորում չի եղել ոչ թե այն պատճառով, որ ոչ մեկը գլխի չի ընկել, կամ չեն ցանկացել պատժել դատավորներին, այլ՝ որովհետեւ գլխավոր խնդիրն այն է, թե որ ատյանի դատավորներին պատժել: «Ստացվել է, որ ցանկացած գործով առաջին հերթին պետք է պատժես վճռաբեկի դատավորին, որովհետեւ, եթե գործը հասել է Եվրոպական դատարան, ենթադրվում է, որ այն բոլոր ատյաններով անցել է: Ու եթե ՄԻԵԴ դիմելուց հետո բացահայտվել է, որ ակնհայտ կամ կոպիտ խախտումներ են եղել, ապա հարց է առաջացել՝ լավ, առաջին ատյանը չի տեսել խախտումը, բայց նա իրավունք ունի սխալվելու: Վերաքննիչը չի տեսել խախտումը, նա էլ իրավունք ունի սխալվելու: Բայց վճռաբեկ դատարանը, որը վերջին ֆիլտրն է, իրավունք չունի սխալվելու: Հետեւապես, եթե նախարարության առաջարկած ալգորիթմով սկսեն աշխատել, ամիսը մեկ պետք է վճռաբեկի ամբողջ կազմը հանեն գործից, նորերին ընդունեն»,- ասում է Հայկ Ալումյանը:

Նրա փաստաբանական գրասենյակն օրերս 5 գործով հաղթել է ՄԻԵԴ-ում: Բոլոր այս գործերով ՄԻԵԴ-ը ճանաչել է կոնվենցիայի խախտումներ: «Այդ 5 գործերից յուրաքանչյուրով վճռաբեկը թույլ է տվել կոպիտ խախտումներ, որովհետեւ այն խնդիրը, որ մենք դրել ենք ՄԻԵԴ-ի առաջ, մինչ այդ դրած ենք եղել վճռաբեկի առաջ: Վճռաբեկը ոչ թե մեզ մերժել է, այլ նույնիսկ վարույթ չի ընդունել, չի էլ հասկացել, որ այստեղ, իրոք, խնդիր կա, այսինքն՝ այնքան չի հասկացել, որ վարույթ էլ չի ընդունել: Հիմա ցանկացած գործ, որով հարկ կլինի դատավորին պատժել, դա կլինի առաջին հերթին վճռաբեկի դատավորը: Ստացվում է, որ մեր այս հինգ գործերը հերիք են, որ վճռաբեկ դատարանի ամբողջ կազմի լիազորությունները դադարեցվեն: Այստեղ է խնդիրը»,- ասաց փաստաբանը: