Ո՞ւմից չպետք է կախված լինի դատական համակարգը

Եթե հունվարի 12-ին 62 տոկոս հանրային դժգոհության բեռը շալակած կառավարության ղեկավարը հերթական «փիլիսոփայական» ճառով հանդես չգար, ապա միջին վիճակագրական հայաստանցին չէր իմանա, որ այդ օրը Հայաստանում տոնվում է Դատավորի օրը: Եվ որ չնայած հայկական օրենսդրությամբ դատավորն ընդհանրապես անկախ է կամ պետք է լինի այդպիսին, սակայն դատական համակարգը չի կարող անկախ լինել ժողովրդից: Այստեղ տրամաբանական հարց կառաջանա, թե որ ժողովրդից: Այն ժողովրդից, որն իր ամբողջության մեջ (71 տոկոսը հենց դրա ցուցանիշն է՝ հիշենք «ոսկե հատման» հարաբերությունը) դժգոհ է դատարաններից: Եվ եթե այդպես է, ապա «ժողովրդավարության բաստիոնում» (ինչից դժգոհ է այդ նույն ժողովրդի 66%-ը) պետք է փոխվեին համարյա թե բոլոր դատավորները: Եվ առաջին հերթին «թավշյա» կոչված իշխանափոխությունից հետո նշանակված երիտասարդ դատավորները, որովհետև նրանք չեն արդարացրել նույն այդ ժողովրդի՝ իրենց նկատմամբ ակնկալված հույսերը՝ վկա 71% ցուցիչը: Եթե հատկապես հաշվի առնվի նաև, որ երիտասարդներն, ի սկզբանե, պետք է լինեն ազնիվ, արդարամիտ, ինքնուրույն և համարձակ: Կամ գոնե տարիքային այդ խմբի մեծամասնությունը:
Իսկ գուցե դատական համակարգը չպետք է անկախ լինի այն ժողովրդից, որն 2021-ի հունիսին ընտրատեղամաս գնալով՝ ձայն է տվել Նիկոլին, իսկ այսօր համատարած խոստովանում է, որ սխալվել է: Իհարկե, կան նաև այնպիսիք, ովքեր սխալ գործելու իրենց համառությամբ չեն զիջում իրենց կուռքին: Բայց ժողովրդի այդ տեսակը, վստահաբար, Հայաստանում փոքրամասնություն է կազմում: Իսկ, ինչպես մեզ սովորեցնում է ժողովրդավարությունը, որևէ երկրի իշխանությունը պատկանում է ոչ թե անորոշ ժողովրդին, այլ ընտրատեղամասերում քվեարկած ընտրողների մեծամասնությանը: Եվ եթե դրան գումարվում է նաև Նիկոլի ասած՝ «ժողովուրդը պետք է լինի նաև դատական համակարգի գեներացման աղբյուրը», ապա վախենամ, որ նման համակարգի պատկերը բացարձակ դուր չգա այդ մտքի հեղինակին: Եվ ոչ միայն դուր չի գա, այլ կվերածվի ատելության կերպարի, քանի որ կփորձի երկրում հաստատել իրական արդարադատություն, արդարություն և ճշմարտություն: Ինչի քարոզն էր անում նշված օրը ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձը: Իսկ եթե նման բան հաստատվի երկրում, ապա նրան սպառնում է չորս պատերով ու ճաղավանդակ բացվածքով երկաթապատ դռնով պարփակված վայրում չափազանց երկար ժամանակով կրկին հայտնվելու հեռանկարը:
Վերջինիս ելույթում նշվել է նաև այն հանգամանքի մասին, որ «ոչ մեկի մտքով չի անցնում գնալ դատավորների, դատական համակարգի մոտ, տալ նրանց ուղղված հարցերը և պատասխաններ ստանալ»: Եվ խոսքները մեկ արած՝ դիմում են կառավարությանը, քաղաքական իշխանությանը, այսինքն՝ մեծ հաշվով հենց իրեն: Ինչն ինքը համարում է պետական համակարգի աշխատանքի թյուրըմբռնման արդյունք: Սակայն մոռանում է, որ 2018-ի իշխանափոխությունից հետո հենց ինքն էր հայտարարում, որ Հայաստանում չպետք է լինի այնպիսի դատավոր, ով չկատարի իր կամքը: Այդ հայտարարությունից անցել է ավելի քան 6 տարի, սակայն որքան տեղյակ եմ, նույն անձը չի հայտարարել, որ ինքն այն ժամանակ սխալվել է: Եվ ներողություն է խնդրում բոլոր դատավորներից, որ նման բան է ասել նրանց հասցեին կամ էլ իր կոչով շրջափակման է ենթարկել դատարանների շենքերը: Էլ չասած «վնգստալու» և նմանատիպ այլ «քաղաքական» տերմինաբանության մասին: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինիս խոսքը և նույնիսկ «վոթսապային» հաղորդագրությունն ունի օրենքի ուժ, ապա այն պետք է չեղարկվի որևէ օրենքի՝ ուժը կորցնելու գործընթացով: Իսկ, ինչպես ասվեց, դատավորների՝ միայն իրենից կախյալ լինելու հանգամանքը հայտարարվել է ժամանակին, և այն դեռևս մնում է ուժի մեջ: Ու այդ պատճառով էլ մարդիկ ինչ հարց էլ լինի՝ և այդ թվում դատական, դիմում են հենց իրեն: Հուսալով, որ հենց պոպուլիզմով առաջնորդվելով՝ վերջինս «կհասցեագրի» իրենց պահանջը:
Կարծիքներ