«Զախվատ օպերացիան» շարունակվում է

«Զախվատ օպերացիան» շարունակվում է

Երեկ մենք լուր էինք գրել, որ նույն օրը առավոտյան Ոստիկանության վեցերորդ վարչությունը Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից ծաղկի շուկայի տարածքում «զախվատ օպերացիա» է իրականացրել՝ բերման ենթարկելով մի խումբ մարդկանց։ Գրել էինք, որ  ռեպրեսիվ մեթոդներով փորձում են  «գործ սարքել» ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ: 
6-րդ վարչություն էին տարել շուկայի աշխատակիցներից Կարեն Ղազարյանին եւ ստիպել, որ ասի, թե ծաղկավաճառներից գումարներ է շորթել։

Նաեւ պարտադրել են գրել, թե «ով է իր կռիշը», ում է տվել շորթած գումարները: Աշխատակիցը հրաժարվել է կեղծ հայտարարություններ անել, որից հետո նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրվել՝ հարվածել են կողերին, ոտքերին:

Բանն այն է, որ Արթուր Վանեցյանի հայրը՝ Գագիկ Վանեցյանը, «Ավ գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիրն է, իսկ սա մեկն է այն ընկերություններից, որոնք Հայաստան ծաղկեփունջ, ծաղիկներ, կոկոններ ու դեկորատիվ կանաչ են ներմուծում: Ոստիկանությունից հաստատել էին Կարեն Ղազարյանին բերման ենթարկելու փաստը։ Ավելի ուշ պարզել էինք նաեւ բերման ենթարկված 5-ն քաղաքացիների ինքնությունը։ Նրանց մի մասի վրա կան մարմնական վնասվածքներ։

Նրանց թվում է նաեւ Կարեն Ղազարյանի հարազատ եղբայրը՝ Արմանը, ով ոստիկանությունում հայտնել է, որ շուկա էր մտել ընդամենը ծաղիկ գնելու համար, սակայն նրան էլ պարտադրել են ցուցմունք տալ, որ իր եղբայրը՝ Կարենը շուկայի «նայողն» է  եւ ասի, թե փողերն ում է տանում-տալիս: Պարզեցինք նաեւ մյուսների ինքնությունը՝ Գևորգ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան, Դավիթ Մուրադյան: Ուշագրավ է, որ հինգ հոգուն շուկայի տարբեր վայրերից առանձին-առանձին տարբեր մեքնենաներով են բերման ենթարկել, սակայն նույնաբովանդակ պահանջներ ներկայացրել, ավելին, ոմանց դեպքում բացահայտ շոշափվել է Վանեցյանի անունը, հարցրել են՝ շուկան արդյոք Վանեցյանին չի պատկանում եւ Կարեն Ղազարյանի «տանիքն» էլ ԱԱԾ նախկին տնօրենն է: 

Երեկ ոստիկանության վեցերորդ վարչություն բերման ենթարկված Կարեն Ղազարյանը դիմել է բժիշկներին՝ մարմնական վնասվածների փաստը հաստատելու համար, հենց նոր տեղեկացանք, որ նա արդեն ստացել է տեղեկանքը։

Ըստ այդ տեղեկանքի՝ Ղազարյանը «պարանոցի աջ եւ ձախ կողմնային, աջ եւ ձախ ճաճանչ-դաստակային հոդերի, գոտկային եւ ձախ սրունք-թաթային հոդի շրջանների քերծված վերքեր ունի»։ Տեղեկանքը տվել է մասնագիտացված բժշկական հիմնարկի վիրաբույժը։

Հիշեցնենք, որ Ղազարյանը ոստիկանության գործողությունների վերաբերյալ  ՀՔԾ դիմում-բողոք է ներկայացրել։