Վարչապետի 100 փաստերին իրական հակափաստարկներ

Վարչապետի 100 փաստերին իրական հակափաստարկներ

Տնտեսությանը վերաբերող

Օրերս վարչապետի տված երկարաժամկետ խոստաների շարքում իմացանք, որ մինչև 2050 թվականը ունենալու ենք ՀՆԱ-ի 15-ապատկում, այսինքն՝ տարեկան միջինը առնվազն 9,5 տոկոս աճ: Բայց որպես դրական փաստ՝ անհասկանալիորեն ներկայացվում է 2019 թվականի 7 ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 6,8 տոկոս: Սա էլ այն դեպքում, երբ 2018 թվականի առաջին կիսամյակին այդ ցուցանիշը եղել է 9,1 տոկոս:
Փաստում են, որ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը աճել է: Բայց չեն նշում, որ դրանց ծավալը՝ զուտ հոսքերի (ներհոսքից հանած արտահոսք) տեսանկյունից 30 միլիարդ դրամով կրճատվել է: 2019 թվականի առաջին 6 ամիսներին զուտ հոսքերը եղել են ընդամենը 7,8 միլիարդ դրամ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 38,6 միլիարդ դրամ:

Պետական բյուջեի հարկային եկամուտները 2019 թվականի 7 ամիսներին հավելյալ աճել են 57 միլիարդ դրամով, իսկ տարին խոստանում են ապահովել 62 միլիարդ դրամ: Նույնիսկ խոստացածը կատարելու պարագայում՝ 2018 թվականի համեմատ կլինի ընդամենը 15 տոկոս աճ: Նախորդ 2-3 տարիներին արձանագրվել են համադրելի աճեր՝ 10-11 տոկոս: «Բա ու՞ր մնաց 40-50 տոկոս հարկային ստվերը, որի տեղն օրվա իշխանությունը գիտեր և խոստացել էր օր առաջ վերացնել»:

Ասում են՝ իշխանափոխությունից հետո աննախադեպ ավելացրել է օրինական գրանցված աշխատողների թիվը: Իրական պատկերն այլ է՝ 2018 թվականի մայիսից մինչև օգոստոս այս ցուցանիշի ամսական միջին աճը կազմել է 4062, իսկ մինչև իշխանափոխությունը՝ 2018 թվականի հունվար-ապրիլին այդ աճը եղել է 7095: Այսինքն՝ իշխանափոխությունից հետո այս ցուցանիշի աճի ամսական միջին տեմպը նվազել է 43 տոկոսով:
Զուգահեռաբար՝ անհասկանալի բացատրություններով փորձում են արդարացնել վերջերս իրենց նախաձեռնած հարկային փոփոխությունները, որի հետևանքը լինելու է այդ համակարգից սոցիալական բաղադրիչի իսպառ վերացումը: Այս մասին ևս բազմիցս ներկայացրել ենք հիմնավորված փաստարկներ:
Պետական բյուջեի կապիտալ ծախսերի 74 տոկոս թերակատարումը (65 միլիարդ դրամի չափով) բացատրում են հնարավոր կոռուպցիոն ռիսկերով: Պարզ հարց է առաջանում. «Ինչո՞վ եք զբաղված և ինչու՞ չեք ստեղծել անհրաժեշտ մեխանիզմներ՝ երկրի տնտեսական զարգացման համար առանցքային այս խնդիրը լուծելու նպատակով»:
Կառավարությունն իր հնգամյա «ծրագրով» խոստացել էր՝ մեր երկիրը պետք է ունենա արտահանմանը միտված տնտեսական զարգացման մոդել: Բայց 2019 թվականի առաջին կիսամյակում արտահանումը նվազել է 0,5 տոկոսով, իսկ 7 ամիսների տվյալներով աճել է ընդամենը 3 տոկոսով: Սա էլ այն դեպքում, երբ 2018 թվականի առաջին կիսամյակում արտահանումն աճել է շուրջ 25 տոկոսով:

Սոցիալական ոլորտին վերաբերող

Օրվա իշխանավորները հեռահար խոստացան 2050 թվականին 2,5 միլիոն մարդու դարձնել զբաղված: Նորից «բայց»՝ 2019 թվականին զբաղվածության մակարդակը նվազել է 0,2 տոկոսային կետով, գործազուրկների թիվն աճել է 16 հազարով, գործազրկության մակարդակը դարձել է 22 տոկոս՝ աճելով շուրջ 1 տոկոսային կետով: Իսկ բացասական այս միտումների պարագայում՝ 2018 թվականին զբաղվածության պետական ծրագրերի կատարողականը եղել է աննախադեպ ցածր՝ 25 տոկոս: Այսինքն՝ նույնիսկ եղած սուղ հնարավորությունների պայմաններում շուրջ 3000-4000 գործազուրկներ չեն ստացել հնարավոր աջակցություն պետությունից և չեն դարձել զբաղված:

Այս իրավիճակը բացատրելու փոխարեն՝ «100 փաստի» 47-րդ կետից տեղեկանում ենք, որ զբաղվածության պետական ծառայության մասնագետները կապ են հաստատել շուրջ 12000 գործատուների հետ, ներկայացվել են 7488 թափուր աշխատատեղ, պետական ծրագրերի միջոցով աշխատանքի է տեղավորվել շուրջ 1008 աշխատանք փնտրող: Իհարկե, այստեղ էլ կան անպատասխան թողնված առարկայական հարցեր: «Դրական փաստ է՞, որ շուրջ 300 աշխատողներ ունեցող զբաղվածության պետական ծառայության աշխատողները 7 ամսվա ընթացքում կապ են հաստատել գործատուների ընդամենը 25 տոկոսի հետ, որը նրանց հիմնական գործառույթն է»: Փաստորեն, պետական այդ ծառայության 1 աշխատողը 1 ամսվա ընթացքում կապ է հաստատել ընդամենը 5 գործատուների հետ: «Ինչպե՞ս բացատրել նաև հետևյալ փաստը. պաշտոնական վիճակագրությամբ 2019 թվականի 7 ամիսներին վարձու աշխատողների թիվն աճել է 40 հազարով, իսկ զբաղվածության պետական ծառայությունը հավաքագրել է ընդամենը 7488 թափուր աշխատատեղ (ենթադրյալ 40 հազար թափուր աշխատատեղերի ընդամենը 18 տոկոսը)»: Ի դեպ՝ զբաղվածության պետական ծրագրերով 2019 թվականին աշխատանքի տեղավորված անձանց թիվը նախորդ 2-3 տարիների միջին ցուցանիշի համեմատ նվազել է շուրջ 3 անգամ: Եվ վերջապես՝ «Ի՞նչ եղան իշխանափոխության օրերին խոստացված «Աշխատի՛ր Հայաստան» ծրագրի, «մշակելու ենք զբաղվածության նոր ռազմավարություն», «որակյալ կրթության միջոցով խթանելու ենք արժանապատիվ աշխատանքը», «ունենալու ենք սոցիալական ներառական զարգացում», «աղքատությունը հանելու ենք մարդկանց գլուխներից» և նմանատիպ բովանդակությամբ մյուս խոստումների իրական արդյունքները:

Իշխանափոխությունից հետո բազմիցս, ինչպես նաև «100 փաստի» 53-րդ կետով խոստացվում է բարձրացնել նվազագույն աշխատավարձի շեմը՝ 55 հազար դրամից 68 հազար դրամ, որը կվերաբերի մասնավոր ոլորտում աշխատող 45 հազար մարդու, պետական ոլորտում՝ 35 հազար մարդու: Փաստն այն է, որ նվազագույն աշխատավարձը չի բարձրացել 2015 թվականից և արդեն 15 տոկոսով ցածր է 1 անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից: Ի դեպ, այս հարցի շուրջ օրվա իշխանությունների քննարկումներին հետևելով՝ կարելի է հիմնավոր եզրակացնել, որ այս խոստումը ևս լիարժեք կյանքի չի կոչվելու:

Մյուս կողմից. «Ու՞ր մնաց պետական հատվածում կառավարության խոստացած աշխատավարձերի համընդհանուր բարձրացումը»: Իհարկե, լավ է, որ վերջերս գոնե 10 տոկոսով բարձրացան ուսուցիչների և զինծառայողների աշխատավարձերը: Սակայն մտահոգիչ է այն, որ օրվա իշխանությունները հետևողական են ուսուցիչների թվի էական կրճատման իրենց մտադրության մեջ: Դրան էլ զուգահեռ, ղեկավար պաշտոն զբաղեցնողների ամսական վարձատրությունը կրկնապատկել են արատավոր պարգևատրումներով: Վերջին ամիսներին արդեն պրակտիկա են դարձրել ամսական պարբերականությամբ առավելագույն պարգևատրումները «ընտրյալներին»: Փաստորեն, ղեկավար պաշտոն ունենալը դարձել է պարգևատրման հիմք:
«100 փաստն» այդպես էլ չի անդրադառնում աշխատանքային իրավունքի պաշտպանության ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներին: Առանցքային այս ոլորտը ընդհանրապես դուրս է օրվա իշխանության օրակարգից՝ անհասկանալի պատճառներով բարեփոխումները կասեցված են: 

Կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափերի՝ խոստացված բարձրացումները չկան: Աշխատանքային գրքույկների թվայնացումը, անապահովության գնահատման համակարգի խոստացված բարեփոխումները անընդհատ հետաձգվում են, ինչը թույլ կտար վերացնել ստաժերի անօրինական հավելագրումները, բարձրացնել նպաստների հասցեկանությունը: Արդյունքում՝ մի քանի անգամ ավել կլիներ պետական բյուջեի խնայողությունը, քան այն խիստ համեստ չափը, որ ներկայացված է «100 փաստի» 86-րդ կետում՝ 3.8 միլիարդ դրամ: Ի դեպ, մինչև իշխանափոխությունը ևս՝ այս ոլորտում այս չափից էապես ավել խնայողություններ են եղել:
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի արմատական վերանայման խոստումը կատարելու փոխարեն էլ՝  գործող իշխանությունները կոսմետիկ փոփոխություններով արմատավորեցին այն և լիարժեք գործադրեցին: Իսկ «100 փաստը» չի արձանագրում՝ 2019 թվականին պետական բյուջեից այս համակարգի ֆինանսավորման համար հատկացվել է 56 միլիարդ դրամ, որը 2018 թվականի համեմատ աճել է 12 միլիարդ դրամով: Այս գումարը կարող էր ուղղվել կենսաթոշակների բարձրացմանը:
Օրվա իշխանավորները հեռահար խոստացել են նաև, որ 2050 թվականին մեր երկրի մշտական բնակչությունը դառնալու է 5 միլիոն: Սակայն «100 փաստում» ոչ մի խոսք չկա ժողովրդագրական խորացող խնդիրների վերաբերյալ: Իսկ 2019 թվականի ժողովրդագրական ցուցանիշներն իրականում մտահոգիչ են՝ ծնվածների թիվը նվազել է 150-ով, մահացածների թիվն աճել է 572-ով, միգրացիայի բացասական մնացորդը նույնն է, ինչ 2018 թվականին՝ -6,0: Մշտական բնակչության թիվը նվազել է 8200-ով: Իսկ ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով խոստացված ռազմավարական ծրագիրը չկա ու չկա: Բազմազավակ ընտանիքների աջակցության օրենքը ևս չկա, որը Սահմանադրության 83 և 86-րդ հոդվածների պահանջն է: Փոխարենը առաջ են տանում մեր ազգային և ընտանեկան ավանդույթներին ու արժեքներին հակասող Ստամբուլյան կոնվենցիան: 
Ամփոփում

«100 փաստը» ներառում է վիճակագրական բոլոր այն ցուցանիշները, որոնք որոշակի դրական միտում են ունեցել: Իսկ իրավիճակն առարկայական բնութագրող հիմնական փաստերը կա՛մ լրիվ անտեսված են, կա՛մ էլ ներկայացված են դրվագային՝ խնդիրների բուն էությունից կտրված: Հետևաբար՝ այս մոտեցմամբ իրավիճակային գնահատումներն ու եզրահանգումները չունեն նաև մասնագիտական օբյեկտիվ հենք:
Ակնհայտ է դառնում՝ «100 փաստ» ձևաչափով օրվա իշխանությունները ջանում են խնամքով թաքցնել մեր երկրում հետևողականորեն չլուծվող սոցիալական ու տնտեսական խնդիրները: Խնդիրներ, որոնք օր առաջ լուծելու անսահման խոստումների հենքով մեր երկրում փոխվեց իշխանությունը: Խնդիրներ, որոնք վերաբերում են յուրաքանչյուրիս կյանքի որակին:

Օր օրի մեր երկրում կուտակվող այդ խնդիրների իրական և խորքային գնահատականները, դրանց մտահոգիչ միտումները պարբերաբար ներկայացրել ենք նաև իշխանափոխությունից հետո՝ նախընտրական փուլում, կառավարության հնգամյա «ծրագրի» հաստատատման, հակասոցիալական հարկային փոփոխություններ կատարելու և նմանատիպ մնացած առիթներով:

Ցավոք, իշխանությունների պատասխանը լայն իմաստով մնում է նույնը. «ընտրություններում ունեցել ենք ջախջախիչ հաղթանակ, և ուրեմն՝ մի օր բոլորի համար ամեն ինչ լավ է լինելու, որովհետև մեր քաղաքական ուժը բոլորից զորեղն է, ամենա ... է, ամենա ... է, միայն մենք ենք հասկանում ժողովրդի դարդն ու ցավը, իսկ մեր ձախողումը բոլորի ձախողումն է, քանի որ այդ դեպքում անխուսափելիորեն ամեն ինչ ծայրահեղ վատ է լինելու»: Իհարկե, սա որևէ կապ չունի ժողովրդավարության հաստատման և ամրապնդման հետ և՝ ընդհակառակը: Սա ուղղակի անսահման պոպուլիզմի դասական օրինակ է, որը որևէ արդյունք չի կարող ապահովել հանրային համընդհանուր շահի տեսանկյունից:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ