Ինչո՞ւ ընդդիմությունը չի մասնակցում իրենց վերաբերող հարցի քննարկմանը (տեսանյութ)

Ինչո՞ւ ընդդիմությունը չի մասնակցում իրենց վերաբերող հարցի քննարկմանը (տեսանյութ)

Ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորներն այսօր մեկը մյուսի հետևից հայտարարեցին, թե չեն ցանկանում մասնակցել ՔՊ-ի կազմակերպած շոուին, դրա համար էլ դատախազի միջնորդության քննարկման ժամանակ դահլիճում չեն:

Նրանց խոսքով` Սեյրան Օհանյանի դեմ կազմակերպված այս շոուն նպատակ ունի շեղել հանրության ուշադրությունը ավելի կարևոր հարցերից, օրինակ` բանակում տեղի ունեցող ողբերգական դեպքերից, Հայաստանի ու Արցախի առջև ծառացած իրական օրակարգից:

Նույնը այսօր ասում էր նաև «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` գործին հաղորդելով միայն քաղաքական երանգ ու չցանկանալով մտնել իրավական հարցերի մեջ:

Hraparak.am-ը հարցրեց նրան` ճիշտ չէ՞ր լինի, արդյոք, իրենք այսօր մասնակցեին քննարկմանն ու իրենց ելույթներով և հարցադրումներով մերկացնեին դատախազի միջնորդությունը թե իրավական մասով, թե քաղաքական շոուի մասով:

Տիգրան Աբրահամյանն ասաց` քանի որ հարցը վերաբերում է «Հայաստան» խմբակցության իրենց գործընկերոջը, իսկ «Հայաստան» խմբակցությունը որոշել է այդ հարցի քննարկմանը չմասնակցել, ուստի իրենց խմբակցությունն էլ, ի համերաշխություն գործընկերներ ֆրակցիայի, նույնպես չի մասնակցում այս հարցի քննարկմանը:

Մանրամասն` տեսանյութում