Պատերազմում պարտվողների համար երկրորդ մրցանակ չկա

Պիտի հիշեցնել։ Պիտի հիշեցնել Նիկոլ Փաշինյանին, որ երբ իշխանության եկավ, մեր Բանակն իր համար առյուծների Բանակ էր, մեր Բանակը զինվորական ծառայություն չանցածի համար հպարտություն էր։ Պաշտոնավարումից հետո իր հայտարարությունները մեր Բանակի մարտունակության մասին չեմ տեղադրի, որովհետև իր արած հայտարարությունների մասով ավելի շատ է մանրևում։ Կմեջբերեմ 13.07.2020 թվի նրա ֆեյսբուքյան գրառումը և կհիշեցնեմ, թե ինչ հպարտությամբ էր գրառել՝ «Եվ մեր անունն է՝ հայկական բանակ»: Ու տեղադրել էր երգի ձայնագրությունը։ Եթե համաձայն չլիներ երգի տողերի հետ, չէր տեղադրի, առավել ևս չէր տեղադրի տեսանյութ, որտեղ իր փոքրիկ աղջիկը պարում ու թռվռում էր այդ երգի տակ։ Այնպես ուրախ էր թռչկոտում, որպիսին կարող էր անել միայն հաղթանակած երկրի փոքրիկը, որը ձեռքի շարժումով պատիվ էր տալիս Զինվորին:
Մեր սրտերը միշտ ամուր են, հուր են,
Մեր թրերը միշտ ամուր են, սուր են,
Եվ թող իմանան բոլորը՝
Մեր անունն է հայկական բանակ։
Մենք գիշեր ու զօր կպահպանենք,
Թող հանգիստ քնեն հայոց բոլոր մայրերը,
Մենք նրանց անդորրը կհսկենք։
Հայկ նահապետի' մեզ ավանդած երկիրը
Մեր զավակներին կժառանգենք։
Եկար ու այդ հաղթանակած Բանակը ծնկի բերիր։ Եկար ու չհսկեցիր հայ մայրերի անդորրը, եկար ու չպահեցիր մեզ, մեր երեխաներին ավանդած երկիրը։ Ու հիմա փորձում ես այդ Բանակին մեղավոր հանել, որի ձեռք բերած հաղթանակները «քամուն ես տվել»։ Այստեղ են ասել՝ սայլը ճռռալու տեղ սելվորն է ճռռում։ Գոնե մի ճռռա։ Քննիչ հանձնաժողովով ի՞նչ ես ուզում ապացուցել ժողովրդին։ Կազմը նայիր, միայն հանձնաժողովի կազմը զարհուրանք է առաջացնում։ Ահա թե ովքեր պիտի քննեն ու զննեն, թե ինչու՞ է գերագույն հրամանատար կոչվածը պատերազմը տանուլ տվել։ Ցավոք, ինչ էլ ապացուցես, քեզ մրցանակ չի սպասվում։ Ժամանակին փառք վայելող մի զորավար ասել ՝ «Պատերազմում պարտվողների համար երկրորդ մրցանակ չկա»։ Կամ գուցե պատերազմում չզոհվածներին զոհաբերելու խնդի՞ր կա:
Կարծիքներ