«6-ի պլատֆորմը» բոլորովին հետաքրքիր չէ Ռուսաստանին

«6-ի պլատֆորմը» բոլորովին հետաքրքիր չէ Ռուսաստանին

Հարցազրույց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ 

 

- Պարոն Սաֆրաստյան, Ռեջեփ Թայիբ Էրդողանը խոսեց «6-ի պլատֆորմի» մասին եւ անգամ Հայաստանին հրավիրեց։ Ինչո՞ւ։ 

- Լուրջ չեմ վերաբերվում այդ առաջարկին, քանի որ այն թուրքական դիվանագիտության հնարքներից է, եւ դրա տակ ուղղակի հետեւյալ պարզ միտումը կա․ փորձել Հայաստանը դարձնել վասալ պետություն, ներգրավել թուրքական քաղաքականության ուղեծիր եւ այսպիսով՝ մեր ինքնուրույնությունը, այն քաղաքականությունը, որը վարել է մինչեւ Հայաստանը Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման բնագավառում, որ դրանից հրաժարվի։ Ես այդպես եմ ընկալում։ 

- Իսկ ի՞նչ եք կարծում՝ Ռուսաստանի հետ համաձայնեցվա՞ծ էր, որովհետեւ մենք այս պատերազմի 44 օրերի ընթացքում, հետո էլ համոզվեցինք, որ Էրդողանն ու Պուտինը մեր հարցով մշտապես խորհրդակցում ու պայմանավորվում են, նաեւ համաձայնեցնում են իրենց քայլերը։ 

- Գիտեք, համաձայնեցվում են որոշ բաներ, բայց հիմնականում ՌԴ-ն ու Թուրքիան մեր տարածաշրջանում եւ առհասարակ, ավելի լայն առումով, մնում են հակառակորդներ։ Ստրատեգիական առումով։ Ե՛վ շահերը չեն համընկնում, ե՛ւ որոշ դեպերում հակադիր են։ Օրինակ՝ Ռուսաստանի համար բացարձակ այդ ձեւաչափն իմաստ չունի, քանի որ ՌԴ-ի համար կարեւոր է, որ Կովկասը մնա իր ազդեցության ոլորտը։ Եվ ՌԴ-ն ոչ մի ցանկություն չունի տարածաշրջանում իր ազդեցությունը կիսելու ուրիշների հետ։ Գիտեք, երբ պատերազմը սկսվում էր, Թուրքիան այս պատերազմը հրահրելով՝ ուներ, իմ կարծիքով, ամենակարեւոր ստրատեգիական նպատակը՝ մուտք գործել Կովկաս եւ սկսել այստեղ սահմանափակել ՌԴ ազդեցությունը։ Ռուսաստանը սա շատ լավ հասկանում էր եւ թույլ չտվեց, որ թուրքական խաղաղապահները մաս կազմեն այն խաղաղապահ ուժերին, որ հիմա բաղկացած են միայն ռուսական բանակի ներկայացուցիչներից, եւ տեղակայվեն Արցախի սահմանների երկայնքով։

Թուրքիայի երկրորդ նպատակն այն էր, որ թուրքական ԶՈՒ ներկայացուցիչները, որոնք պետք է մասնակցեին ռուսների հետ այդ մոնիտորինգային կենտրոնի աշխատանքներին, իրավունք ստանային մուտք գործել Արցախի տարածք՝ մոնիտորինգ իրականացնելու պատրվակով։ Ռուսները դա էլ թույլ չտվեցին։ Նոր համաձայնագրի տեքստը դեռ հրապարակված չէ, բայց, ըստ մամուլի տեղեկությունների, որոշվել է այնպես, ինչպես ցանկանում էին ռուսները։ Այսինքն, որ այդ կենտրոնի աշխատանքում ադրբեջանցիները մոնիտորինգի աշխատանքներին մուտք չեն ունենալու։

Այսինքն՝ Արցախի տարածք։ Մի հետաքրքիր փաստ, որը կապում եմ դրա հետ․ վերջերս ռուսաստանյան երկու լրագրող ձերբակալվեց Թուրքիայում, եւ նրանց մինչեւ 20 տարի ազատազրկում էր սպառնում, քանի որ շատ ծանր՝ լրտեսական գործունեություն իրականացնելու մեղադրանք էր, մասնավորապես, այս բայրաքթարների արտադրության հետ կապված։ Եվ շատ արագ դատ կազմակերպեցին։ Սա Էրդողանի պատասխանն էր նրան, որ ռուսները չթողեցին, որ իր ծրագրերն իրականացնի։ Սրան հետեւեց ՌԴ բավական կոշտ արձագանքը, ու, իհարկե, այդ երկուսը շատ արագ բաց թողնվեցին։ 

- Այնուամենայնիվ, այդ ճանապարհները մեզ պետք են։ Ի՞նչ եք կարծում՝ մենք չպիտի՞ փորձենք մեր հարաբերությունները կարգավորել մեր հարեւանների հետ՝ հետագայի, ապագայի ծիրում։ 

- Դա պետք է լինի մեր արտաքին քաղաքականության նպատակը։ Դուրս գալ մեկուսացումից, որ ունենք, բայց ներկա փուլում ու տեսանելի ապագայում դրա հնարավորությունը չեմ տեսնում, որովհետեւ Թուրքիան իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ չի փոխում։ Ոչ մի նախանշան չկա, որ նա հրաժարվում է ՀՀ-ի նկատմամբ իր, այսպես կոչված, հարկադրման քաղաքականությունից՝ հաշվի առնելով այն աշխարհագրական դժվարությունները, որ մենք ունենք․ ելք դեպի ծով չունենք եւ հիմա ավելի թուլացած վիճակում ենք։ Եվ Թուրքիայի քաղաքականությունը մինչեւ Էրդողանը՝ թե՛ իր շրջանում, թե՛ ուշ էրդողանյան տարիներին, Թուրքիան պահանջել է, որ գնա զիջումների։ Եվ դրանք հետեւյալն են․ Հայաստանը պետք է հրաժարվի Ցեղասպանության ճանաչման դատապարտման քաղաքականություն հետապնդելուց, պաշտոնապես վերահաստատի, որ ճանաչում է Կարսի պայմանագիրը։ Դա արդեն տարածքային խնդիր է։ Որ Հայաստանը պետք է հրաժարվի պաշտպանել Արցախի շահերը։ Սրանք մնում են։

Եթե այս նախապայմանները ՀՀ-ն ընդուներ 10-15 տարի առաջ, գուցե Թուրքիան կարգավորեր մեզ հետ հարաբերությունները։ Բայց սա եղել է, կա, ու չեմ կարծում, որ տեսանելի ապագայում Հայաստանում իշխանության կգա մի այնպիսի քաղաքական ուժ, որը կընդունի այդ նախապայմանները։ Իսկ եթե չընդունի, ապա Թուրքիան չի փոխի իր քաղաքականությունը, թեպետ կարող է տարբեր նման պրոյեկտներով հանդես գալ։