Վարչապետի թերթը՝ ՏՄՊՊՀ-ի թիրախից դուրս

Վարչապետի թերթը՝ ՏՄՊՊՀ-ի թիրախից դուրս

ՏՄՊՊՀ-ն, ինչպես տեղեկացրել էինք, որոշել է ուսումնասիրություն կատարել մեդիադաշտում՝ լրատվամիջոցներից պահանջելով նրանց ներքին խոհանոցին վերաբերող եւ առեւտրային գաղտնիք հանդիսացող մեծ թվով տեղեկություններ։ Բնականաբար, պարզ է, թե որն է այս ուսումնասիրության բուն նպատակը, եւ դա հետագայում ինչպես եւ ում կողմից է օգտագործվելու։ Բայց ուշագրավն այն է, որ լրատվամիջոցների ցանկում կան այնպիսիք, որոնք արտոնյալ են, եւ ՏՄՊՊՀ-ն նրանց, չգիտես ինչու, չի ընդգրկել ուսումնասիրվողների ցանկում ու նման հարցաշար չի ուղարկել։ Օրինակ՝ վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը կամ դրա էլեկտրոնային տարբերակը՝ Armtimes.com կայքը, ընդգրկված չէ այդ ուսումնասիրությունների ցանկում։ ՏՄՊՊՀ-ից ասում են, թե ըստ վարկանիշի են կազմել ցանկը, եւ նպատակը գովազդային շուկան ուսումնասիրելն է, նաեւ՝ թաքնված գովազդը հայտնաբերելը։ Այս պարագայում պարզ չէ, թե ինչու «ՀԺ»-ն չի ընդգրկվել այդ ցանկում։ Եթե անգամ ենթադրենք, որ դիտումներով զիջում է «Հրապարակին», ապա գովազդով, հաստատ, գերազանցում է մեզ․ բիզնեսմենները, տարբեր կազմակերպություններ սիրում են վարչապետի թերթին գովազդ տալ՝ որոշակի ակնկալիքների դիմաց։

Այդ դեպքում գովազդային շուկայի իրական վիճակին ծանոթանալու համար հենց «Հայկական ժամանակի» կայքն էր պետք ուսումնասիրել, որ հասկացվեր, թե ինչի համար, ինչ գնով եւ ինչու են տնտեսվարողները գովազդ տեղադրում կոնկրետ այդ կայքում, եւ համեմատվեր մյուս կայքերի պայմանների ու գովազդի գների հետ։ Դա հնարավորություն կտար բացահայտել, թե ինչ ստվերային գործարքներ են կատարվում վարչապետի թերթի հետ, եւ ինչքանով է դա օրինական ու թափանցիկ։ Փոխարենը՝ ուսումնասիրում են «Հրապարակը»։ Հարց է ծագում՝ ի՞նչ նպատակով։ Որ ներազդեն մեր գովազդատուների վրա, նրանց ընկերություններում հարկային ստուգումներ անցկացնեն, որ գովազդատուներին համոզեն դադարեցնել մեզ մոտ գովազդը եւ տեղափոխվել իշխանական մամո՞ւլ։
Եթե ՏՄՊՊՀ-ն կատարում է վարչապետի հանձնարարականը եւ փորձում արտոնյալ պայմաններ ապահովել վարչապետին պատկանող լրատվամիջոցի համար, ծառայություններ մատուցել նրան, նեղություն չտալ իր ավելորդ ուսումնասիրություններով, ապա սա ընդամենը ազատ խոսքի դեմ ուղղված հերթական ոտնձգությունն է՝ քողարկված ուսումնասիրություններ անելու օրենքի ընձեռած հնարավորությունների տակ։

Ի դեպ, ՏՄՊՀՀ-ից երեկ փորձեցինք ստանալ ուսումնասիրության առարկա լրատվամիջոցների ամբողջական ցանկը, սակայն մեզ այն չտրամադրեցին՝ պատճառաբանելով, թե դա գաղտնի տեղեկատվություն է, ինչը կրկին հաստատում է մեր կասկածները: