Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք

Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք

Նման դեպքեր լինում են։ Երբ մարդ մի օր արթնանում ու իր ընտանիքին հարցնում է՝ մենք տուն ունե՞նք, այս տունը մե՞րն է, ամբո՞ղջն է մերը, թե՝ կեսը։ Այո, կան նման դեպքեր,  երբ տանտերը 40- 50 տարի ապրել է իր սեփական տանը, ունի սեփականության վկայական և հանկարծ մի օր արթնացել ու ասել է՝ այս տունը մե՞րն է։ Կինն էր պատմում ինձ, ասելով՝ հոգիս հանում է, ամբողջ օրը հարցնում է՝ մենք տուն ունե՞նք։

Ավելի ծանր բան է լինում։ Հայրը գիշերն արթնանում ու աղջկան, կնոջը հարցնում՝ դու ո՞վ ես։ Երբ ասում են՝ քո աղջիկն եմ, քո կինն եմ, ասում է դե անձնագիրդ ցույց տուր։ Սա կատակ չէ, իրականություն է և Նիկոլ Փաշինյանը հայտնվել է նման իրավիճակից ոչնչով չտարբերվող իրավիճակի  մեջ։ Դուք երևի հասկանում եք, թե ինչ անուն ունի այդ իրավիճակը։ 

Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը համարյա այդ նույն  իրավիճակում էր։ Նա ասում էր, որ ԵՄ դիտորդներին կանչում է, որ գան ու Հայաստանի տարածքը «մոնիտորինգ անեն» , որպեսզի հասկանանք,  թե որն է մեր հայրենիքը։ Թե չէ ադրբեջանցիները եկել նստել են մեր տանը, ու մենք չգիտենք՝ ինչպես հասկացնենք նրանց, թե դա մեր տունն է, մեր երկիրն է։ Սա արդեն վերջն է։ Փաստորեն այս մարդը նույն պատճառաբանությամբ հանձնել է մեր  մի տունը՝ Արցախը,  և ԵՄ դիտորդներին բերում է, որպեսզի մյուս տունն էլ ձեռքից չառնեն․

«Եթե որևէ առաքելություն չգիտի, թե որն է Հայաստանի Հանրապետությունը, Հանրապետության տարածքը, ո՞նց է դիտարկելու՝ օկուպացվա՞ծ է Հայաստանի Հանրապետության տարածքը, թե՞ օկուպացված չէ»։ 

Կարծում եմ, արդեն պարզ է, թե ԵՄ-ն ու ՀԱՊԿ-ը ինչու՞ են այդքան «հանդուրժողական վերաբերվում» պացիենտին։