Այս իշխանության տերերն Արևմուտքում թույլ չեն տալիս, որ Իրան- Հայաստան հարաբերությունները սերտանան
«Հրապարակ»-ի զրուցակիցն է Թեհրանի «Հայ դատի» հանձնախմբի նախագահ Իսակ Յունանեսյանը:
-Այսօր Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի ղեկավարը: Ի՞նչ իրավիճակ է հիմա, արդյոք ուղիղ մարտահրավեր չէ Իրանին:
-Պետք է ասեմ, որ առայժմ միայն լուրերն են տարածվում և տարբեր քաղաքական գործիչներ դատապարտում են Իսրայելի կողմից այս ահաբեկչությունը: Անվտանգության նիստ մինչ այժմ տեղի չի ունեցել․մի քիչ առաջ Իրանի հոգևոր առաջնորդը՝ Այաթոլլա Խամենեին, հայտարարեց, որ պատասխան է տալու Իսրայելն այս ահաբեկչության համար: Մթնոլորտը հանդարտ է, ոչ մի արտառոց բան չկա և պետք է սպասենք մյուս զարգացումներին:
-Փաշինյանը մասնակցում էր երդմնակալության արարողությանը: Հանդիպեց նաև հոգևոր առաջնորդին. արված հայտարարությունները նախազգուշացո՞ւմ էին Փաշինյանի համար:
-Ես մի քիչ հետ գնամ. 2018 թվականից, երբ Հայաստանում տեղի ունեցավ այդ դառը իրադարձությունները, Իրանը հենց այն ժամանակվանից գիտակցում էր, թե Հայաստանը դեպի ուր է գնում: Ուզում եմ հիշեցնել, երբ Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ վարչապետ ընտրվելուց հետո մեկնեց Իրան, Իրանի այդ շքեղ հյուրընկալությունը, որ իր համար պատրաստել էր, դա էր փաստում՝ իրենք ուզւոմ էին ՆԻկոլ Փաշինյանը սիրտը շահել, որովհետև գիտակցում էին, թե Փաշինյանը դեպի ուր է գնում: Դրանից հետո էլ մենք բազմաթիվ անգամներ տեսանք Իրանի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ, բազմաթիվ անգամներ Իրանի մեկնած ձեռքը մնաց օդում, և շատ է խոսվում, որ պատերազմի ժամանակ Հայաստանը երկու անգամ մերժել է պատերազմը դադարեցնելու Պուտինի առաջարկը, բայց պետք է ասեմ, որ նույն ժամանակ Իրանն էլ պրն․ Արաղչիի միջոցով, որն այն ժամանակ փոխարտգործնախարարն էր, խաղաղության ձեռք էր մեկնել Հայաստանին, բայց Հայաստանը նաև դա էր մերժել:Դրանից հետո մենք ամեն առիթով տեսել ենք, որ Իրանի տարբեր պաշտոնյաներ, հատկապես երկրի հոգևոր առաջնորդը հանդիպումների ու իրենց ելույթների ժամանակ շեշտում էին իրենց դիրքրոշումները, իրենց կարմիր գծերը և ամեն անգամ փորձում են Հայաստանի իշխանությանը դա զգուշացնեն: Այս անգամ էլ, կարծում եմ, հոգևոր առաջնորդն այդ առիթից օգտվեց և նորից Իրանի դիրքորոշումը հայտնեց: Բայց այն, ինչ որ ես եմ մտածում, Հայաստանի իշխանությունը ինչպես բոլորի հետ է վարվում և անհասկանալի արտաքին քաղաքականություն է վարում, Իրանի նկատմամբ նույնն է և Իրանի նկատմամբ ձևական բնույթ ունի բոլորը: Այս իշխանության տերերն Արևմուտքում թույլ չեն տալիս, որ Իրան- Հայաստան հարաբերությունները սերտանան:
-Այսինքն, ակնկալում եք, որ հայ-իրանական հարաբերությունները շարունակելու են վատանա՞լ:
-Կարծում եմ, որ իրենց ծրագիրն է դա եղել, որ ինչպես Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացավ, Իրանի հետ էլ նույն կերպ պիտի վարվեն: Ուղղակի, որովհետև Իրանը սահմանակից հարևան է, Հայաստանը, մի քիչ կարելի է ասել, ավելի զգուշությամբ է մոտենում, բայց ընդհանուր քաղաքականությունը Իրանի հետ հեռացումն է և երեկվա Իրանի հոգևոր առաջնորդի սկզբնական խոսքը, որ ասեց, որ թույլ չպետք է տանք, որ արտատարածաշրջանային ուժերը տարածաշրջանում հարևանների հարաբերությունների մեջ խառնվեն, ես կարծում եմ հենց դա է նշանակում, որովհետև Արևմուտքը փորձում է Հայաստան-Իրան հարաբերությունները հավասարեցնել զրոյի:
Կարծիքներ