«FULL SIZE ELECTRONICS» ՍՊԸ-ն խուսափել է հարկերի վճարումից
Երեկ ՊԵԿ-ը տեսանյութ էր տարածել հերթական բացահայտման մասին՝ էլեկտրատեխնիկայի և կենցաղային սարքերի առևտրի ոլորտում աշխատող մի ընկերություն, ըստ ՊԵԿ -ի, վաճառված ապրանքների դիմաց վերցնում է կանխիկ գումար և չի տրամադրում ՀԴՄ կտրոն, խուսափելով հարկերից։ Փաստաթղթերն ու համակարգիչներում առկա տեղեկություններն ուսումնասիրելով, ՊԵԿ-ը «փաստական տվյալներ է ձեռք բերել այն մասին, որ 2021-2024 թվականների ընթացքում ընկերության կողմից թաքցվել է շուրջ 1,3 մլրդ դրամի իրացման շրջանառություն»։
Ըստ ՊԵԿ Նախնական հաշվարկի, պետությանը պատճառվել է շուրջ 337 մլն դրամի վնաս։ Նյութերը հանձնվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ «Նախաձեռնված վարույթի շրջանակում կատարվել են խուզարկություններ, առգրավվել են քրեական վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր, համակարգիչներ և էլեկտրոնային կրիչներ», - հաղորդում է ՊԵԿ–ը։
1,3 մլրդ ստվերային շրջանառությունը մի խանութի համար ահռելի թիվ է։ Մեր աղբյուրի համաձայն, շրջանառությունը թաքցնող ընկերությունը Մալաթիա Սեբաստիա համայնքում, Սեբաստիա փողոցի վրա գործող «FULL SIZE ELECTRONICS» ՍՊԸ–ն է, որի տնօրենը Վարդան Շիրինյանն է։ Այն կենցաղային տեխնիկա, համակարգիչներ և այլ ապրանքներ է վաճառում ու վերջին շրջանում ակտիվ, կարելի է ասել՝ ագրեսիվ գովազդ էր իրականացնում հատկապես «Տիկ Տոկ» սոցհարթակում։ Մենք փորձեցինք կապվել ընկերության հետ, սակայն հեռախոսների մի մասն անջատած էր, մյուսներն ավտոպատասխանիչի վրա էին։
Կարծիքներ