Այդպես են կործանվում հայրենիքները

Այդպես են կործանվում հայրենիքները

Այսօր ամենատարածված պատասխանն այն հարցին, թե ում կընտրեիք ՀՀ վարչապետ, ոչ ոքի է: Սա անորոշություն է, որ ելք չունի իր մեջ, երբ փրկության կամ ճահճից ու փակուղուց դուրս գալու խնդիր կա երկրում: Հասարակության մի ստվար զանգված այլեւս չի վստահում իշխանությանը, այսինքն` վարչապետին, քանի որ իշխանություն ասելով՝ միայն նրան է տեսել եւ տեսնում: Չի վստահում նաեւ քաղաքական որեւէ այլ գործչի եւ ուժի` նրանց համարելով նախկին ու մերժված: Նոր մեկին է ուզում, որին կվստահի, բայց այդ նորը չի կարող ապագայից գալ: Կա՛մ ներկա իշխանությունն է, կա՛մ ընդդիմությունը, որի մեջ նախկիններն են: Երկուսն էլ մեծ հաշվով անընդունելի են հասարակության մեծ մասի համար: Չկողմնորոշվող կամ հենց այդպես` անհաղորդությամբ կողմնորոշված հասարակությունը թեւաթափ դիտորդի դերում է, թե ինչպես է օր-օրի կործանման խոտոր կածանով գլորվում իր հայրենիքը:  

Իշխանությունը չի կարող որեւէ գործողություն իրականացնել, նախկինում էլ անկարող էր, բայց դա չէր զգացվում, քանի որ ճգնաժամային իրավիճակ հասունացած չէր երկրում: Ընդդիմությունն ասում է, որ կարող է այդ ճգնաժամից փրկվելու ելք գտնել, բայց հավատ չի ներշնչում: Այդպես է ըմբռնում եւ ընկալում հասարակության պասիվ շերտն իշխանությանն ու ընդդիմությանը: Պասիվ՝ այնքանով, որ չի արձագանքում հանրահավաքներին, դուրս չի գալիս հրապարակ եւ իր հստակ դիրքորոշումն արտահայտում: Այդ քաղաքացիները ոչ թե երրորդ կողմ են, այլ երկու քարի արանքում մնացած մարդիկ, որ չեն ցանկանում այդ երկու քարից որեւէ մեկի վրա հենվել, նստել կամ ընկնելուց կառչել մեկնումեկից: Իսկ մյուս իրականությունն այն է, որ հրապարակում կա երկու ակտիվ մասսա, մեկը Հայրենիքի փրկության կոմիտեի մշտական հանրահավաքներին մասնակցողներն են, մյուսը` երբեմն-երբեմն վարչապետի հրահանգով Հանրապետության հրապարակում հավաքվողները, որ փորձում են փրկողներից փրկել հայրենիքը` նույն վարչապետի պատկերացմամբ: 

Այդ երկու ուժերն էլ միտք չունեն մեկմեկու զիջելու կամ ընդառաջելու հանուն հայրենիքի փրկության, միմյանց դիմաց կանգնած են որպես երկու չընկրկող ախոյան՝ հայրենիքը փրկելու իրենց տեսլականով: Իշխանությունները դա տեսնում են` նախկիններին մեղադրելով դավաճանության մեջ, նախկինները դա տեսնում են` իշխանությանը մեղադրելով դավաճանության մեջ: Նիկոլը տասը երգ գիտի, տասն էլ նախկիններին մեղադրելն է. դա ե՛ւ պատերազմից առաջ էր, ե՛ւ պատերազմից հետո է: Ընդդիմությունը տասը երգ գիտի, տասն էլ Նիկոլին մեղադրելն է հատկապես պատերազմից հետո: Երկուսից մեկը ճիշտ է, կամ ճիշտ են երկուսն էլ, կամ երկուսն էլ սխալ են: Հենց սա է հասարակության ստվար զանգվածի համար անհասկանալի ու անըմբռնելի, որ դեռ հստակեցված ու որոշակիացված չէ: Արդյո՞ք պատերազմի հետեւանքով հայրենիքը կործանվում է, որ փրկի, թե՞ պատերազմից հետո լավ օրեր են սպասվում, որ նախկինում չի տեսել:  

Ընդդիմությունն ասում է` ինձ մոտ արի, իշխանությունն էլ է աում` ինձ մոտ արի: Իսկ ժողովուրդը կանգնած է իր տեղում, որ ոչ թե չի ուզում, այլ չգիտի, թե ուր գնա: Մեծ մասով ժողովուրդը հոգնած է, հիասթափված, թեւաթափ ու կոտրված, անհավատ ու որեւէ բանի չվստահող: Իսկ մենք չգիտենք, թե մեկմեկու դեմ կանգնած այդ երկու շիկացած բեւեռները մեկ օր, մեկ ժամ հետո ինչ ծայրահեղ անակնկալ են մատուցելու: Տեսնում ենք, որ երկիրը ցնցումների մեջ է եւ հեղեղի բերանն ընկած գնում է, իսկ մենք օազիսի վրա կանգնած՝ նայում ենք եւ չենք ուզում ոչինչ անել: Այդպես են կործանվում հայրենիքները, երբ ժողովուրդը չի հավատում:

Հուսիկ Արա