Դատավորը երկրում իրավիճակ փոխեց

Դատավորը երկրում իրավիճակ փոխեց

Մինչ վերաքննիչ քրեական դատարանը քննում էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու փաստաբանների դիմումը, վարչապետ Փաշինյանը շրջում էր Երեւանի փողոցներում ու քաղաքացիներին դիմակներ բաժանում։ Ենթադրո՞ւմ էր արդյոք Փաշինյանը, որ դատարանը բավարարելու է փաստաբանների պահանջն ու Քոչարյանին ազատելու է՝ դժվար է կանխատեսել։ Բայց որ վարչապետը քաղաքացիների հետ առերես շփվելու ցանկություն ունի, հաստատ է։

Նման ցանկություն՝ մեկի հետ ասել-խոսելու, կարծիքներով կիսվելու, սովորաբար առաջանում է անհանգիստ ու հոգեպես ճնշված վիճակում։ Իսկ վարչապետը կարող է նման հոգեվիճակում գտնվել։

Մի կողմից կորոնավիրուսի նկատմամբ պարտությունն ու օրեցօր ավելացող մահերի թիվը, մյուս կողմից՝ տնտեսության կտրուկ վայրէջքն ու ներքաղաքական անկառավարելի վիճակը, թերեւս խռովել են վարչապետի հոգին ու խառնել երկիրը փոսից դուրս բերելու նրա ծրագրերը, եթե, իհարկե, կան այդպիսիք․․․ Թարմ օդ ու քաղաքացիների տրամադրությունը զգալու, իր նկատմամբ նրանց վերաբերմունքը հասկանալու անհագուրդ պահանջ ունի վարչապետը․․․

Իսկ դատարանի որոշումը երկար սպասեցնել չտվեց․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների պնդումը, թե համավարակի պայմաններում տարիքային առումով ռիսկային գոտում գտնվող մարդուն կալանքի տակ պահելը հակամարդկային ու դատապարտելի է, աշխատեց։ Դատարանը Քոչարյանին 2 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ արձակեց։ Այսինքն, ստեղծեց նախադեպ, ըստ որի՝ քանի դեռ կորոնավիրուսը Հայաստանում հաղթահարված չէ, դատարանը կարող է 60-ն անց տարիքում գտնվող յուրաքանչյուր ամբաստանյալի, անկախ կատարած հանցանքից, ստորագրությամբ չհեռանալու խափանման միջոց ընտրել։

Ստացվում է՝ համավարակի դեմ ՀՀ կառավարության անզորությունը գործեց ի նպաստ Ռոբերտ Քոչարյանի։ Ազատելով նրան՝ դատավոր Արսեն Նիկողոսյանը երկրում իրավիճակ փոխեց։