Ռոբերտ Նազարյանը հիմա հետապնդման է ենթարկվում հանձնաժողովում իր արտահայտած կարծիքի համար․ փաստաբան

Ռոբերտ Նազարյանը հիմա հետապնդման է ենթարկվում հանձնաժողովում իր արտահայտած կարծիքի համար․ փաստաբան

Հատուկ քննչական ծառայությունը երեկ ձերբակալել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ նազարյանին։ Նրան կասկածում են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու մեջ։ Ըստ ՀՔԾ-ի՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ռ. Նազարյանը առանձին տնտեսվարող սուբյեկտի համար արտոնություններ սահմանելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով՝ 2011 թվականի ընթացքում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Մասնավորապես՝ Ռ. Նազարյանը, 2011 թվականի սեպտեմբերին կայացած նիստերի ընթացքում ՀՀ-ում հիդրոէներգետիկայի զարգացումը խրախուսելու պատրվակով սակագնային արտոնություններ է սահմանել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության համար։ Արդյունքում պետությանը պատճառվել է ավելի քան 7 մլրդ դրամի վնաս։

Նազարյանին երեկվանից ձերբակալել են ու մինչ այս պահը դեռ բաց չեն թողել։ 

Ռոբերտ Նազարյանի փաստաբան Սասուն Ռաֆայելյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ Ռոբերտ Նազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, ժամանակ են խնդրել քրեական գործի նյութերին ծանոթանալու համար, դատական նիստը նշանակված է վաղը, ժամը 19։00-ին։

Հարցին՝ ինչո՞ւ են միանգամից կալանքի միջնորդություն ներկայացրել, ինչո՞վ էր Ռոբերտ Նազարյանը հանրային վտանգ ներկայացնում, փաստաբանն ասաց․ «Ըստ վարույթն իրականացնողի՝ Ռոբերտ Նազարյանը, մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել քննությանը դատավարության մասնակիցների նկատմամբ, ներգործել նրանց վրա։ Բնականաբար, մենք համաձայն չենք էդ տեսակետի հետ, պարոն Նազարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Մնացածը՝ դատական նիստից հետո»։

Այսինքն՝ Ռոբերտ Նազարյանն ամբողջությամբ հերքո՞ւմ է, պնդում է, որ որևէ խախտում թույլ չի՞ տվել, Սասուն Ռաֆայելյանն ասաց․ «Ինքը չէր կարող դրա մասին իմանալ, թե կառավարությունն ինչ է արել, ոնց է ձեռք բերել, էդ փաստաթղթերը չի ներկայացրել իրենց հանձնաժողովին։ Ըստ էության՝ պարոն Նազարյանը հիմա հետապնդման է ենթարկվում հանձնաժողովում իր արտահայտած կարծիքի համար՝ ինչ-որ որոշման նախագծին «կողմ» կամ «դեմ» քվեարկելու»։ Նազարյանը, նշենք, «կողմ» է քվեարկել։