Գորբաչովի բումերանգը

Գորբաչովի բումերանգը

Մյունխենում Փաշինյան-Ալիեւ բանավեճը, երեւում է, Բաքվում ծանր տպավորություն է թողել: Այլապես չէին պեղի արխիվները, չէին հայտնաբերի գրեթե երեսնամյա վաղեմության մի նյութ, որը ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի «Դիմումն է Ադրբեջանի ժողովրդին եւ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը» եւ եթեր է հեռարձակվել Время ծրագրով՝ 1991թ. մարտի 14-ին: «Դիմումում» ասվում է, որ արդեն չորրորդ տարին է՝ Լեռնային Ղարաբաղի հողում լարվածություն է, հնչում են կրակցներ, զոհվում են մարդիկ: ԽՍՀՄ նախագահն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղն «Ադրբեջանի անբաժանելի մասն է, այնտեղ գործում է  ԽՍՀՄ եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանադրությունը, այդպես է տնօրինել պատմությունը, դրանից ոչ մի տեղ չես փախչի»: Վերջում նա Ադրբեջանի ժողովրդին եւ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը կոչ է անում հաղթահարել փոխադարձ ատելությունը եւ անվստահությունը, անցկացնել (Լեռնային Ղարաբաղում) դեմոկրատական ընտրություններ եւ վերջ տալ հակամարտությանը: Նախ ասենք, որ տեսագրության վերջին հատվածն այն տարածած ադրբեջանական լրատվամիջոցը սղագրությունից դուրս է թողել: Թե ինչու՞՝ կբացատրենք քիչ հետո: Այժմ կանգ առնենք Գորբաչովի «Դիմումի» քաղաքական եւ իրավական ընդգծումների վրա: Առաջին, դիմելով Ադրբեջանի ժողովրդին եւ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, ԽՍՀՄ նախագահը միանշանակորեն սահմանում է, որ հակամարտությունն ունի երկու կողմ՝ Ադրբեջան եւ Լեռնային Ղարաբաղ: Ոչ մի խոսք Հայաստանի «ագրեսիայի» եւ Լեռնային Ղարաբաղի «ադրբեջանական համայնքի» մասին: Երկրորդ, Գորբաչովը շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի «անբաժանելի մաս է» ԽՍՀՄ սահմանադրության ուժով: Երրորդ, նա նկատել է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության պահանջն ըստ էության արդարացի է, բայց «այդպես է տնօրինել պատմությունը, դրանից ոչ մի տեղ չես փախչի»: Այսինքն, Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հորդորում է հաշտվել խորհրդային սահմանադրական կարգի իրողությունների հետ: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում ընտրությունների անցկացման գորբաչովյան կոչը նրա «Դիմումի» սղագրությունից  միտումնավոր դուրս թողնելուն, ապա դա ունի հետեւյալ բացատրությունը. Գորբաչովի հիշյալ կոչից մեկ օր անց 1991թ.  մարտի 15-ին Մոսկվա է ժամանում Թուրքիայի նախագահ Օզալը: Գորբաչով-Օզալ բանակցություններին թուրքական կողմի խնդրանքով հրավիրվում է նաեւ Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը: Քննարկումների ընթացքում ձեռք է բերվում պայմանավորվածություն, որ մարտի 17-ին կայանալիք՝ ԽՍՀՄ պահպանման հարցով հանրաքվեին Ադրբեջանը կքվեարկի «կողմ»՝ պայմանով, որ Մոսկվան Լեռնային Ղարաբաղում եւ հարակից Շահումյանի շրջանում ու Գետաշենում կիրականացնի հայ բնակչության բռնատեղահանման հատուկ գործողություն: Հանրաքվեն կայանում է, Ադրբեջանը 98 տոկոսով «կողմ» է քվեարկում ԽՍՀՄ պահպանմանը: Հաջորդ օրը Մութալիբովը մեկնում է Մոսկվա եւ, իր իսկ վկայությամբ, բավական մեծ դժվարությամբ Գորբաչովից ստանում «ապօրինի զինված խմբավորումների զինաթափման» գործողություններ իրականացնելու թույլտվություն: Ապրիլի 30-ին Գետաշենից սկսվում է «Կոլցո» ռազմագործողությունը, բռնատեղահանվում է 24 հայկական գյուղ: Կատարյալ աղետը կասեցվում է միայն Մոսկվայում պետական հեղաշրջման փորձի տապալումից հետո:Նույն տարվա օգոստոսի 30-ին Ադրբեջանն ընդունում է 1918-20թ.թ. գոյություն ունեցած անկախ Հանրապետության իրավահաջորդություն եւ կասեցնում ԽՍՀՄ սահմանադրության գործողությունը: Ի պատասխան, սեպտեմբերի 2-ին նախկին ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի ընգրկմամբ հռչակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ըստ այդմ, Գորբաչովի «Դիմումն» ադրբեջանական կողմի համար ունի բումերանգի նշանակություն: Քանի որ այնտեղ հստակ նշված են հակամարտության կողմերը՝ Ադրբեջան եւ Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանին ԼՂ «պատկանելիության» իրավական աղբյուրը՝ ԽՍՀՄ սահմանադրությունը եւ խնդրի կարգավորման ուղին՝ Բաքու-Ստեփանակերտ ուղղակի երկխոսությունը: ԽՍՀՄ-ը արդեն շուրջ երեսուն տարի է՝ գոյություն չունի, ավելի վաղ Ադրբեջանը դադարեցրել է խորհրդային սահմանադրության գործողությունը, դրանով իսկ կորցրել իր կազմում Լեռնային Ղարաբաղն ունենալու իրավական հիմքը, փոխվել է հակամարտության գոտին, առկա են նոր իրողություններ: Անփոփոխ է մնացել երկու իրողություն՝ հակամարտությունն Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ է, այն հնարավոր է լուծել միայն Բաքու-Ստեփանակերտ ուղղակի բանակցությունների միջոցով: