Հասարակություն

Քաղաքական ուժերը պասիվանում են, մամուլը՝ ակտիվանում

Քաղաքական ուժերը պասիվանում են, մամուլը՝ ակտիվանում

Մինչ քաղաքական կուսակցությունները մեռած են-թաղած չեն, Հայաստանում ակտիվանում է մամուլը՝ լրատվական դաշտը։ Ներքաղաքական  ամենապասիվ շրջանում՝ օգոստոսից սկսած, մամուլի դաշտում հետաքրքիր տեղաշարժեր են սկսվել, լրատվամիջոցներ են վերադառնում դաշտ, խմբագիրներ են փոխվում եւ տեղափոխվում, որոշ պարբերականներ հզորացնում են առկա ռեսուրսներն ու բովանդակային կոնտենտները։  
Սեպտեմբերի 21-ից նորից կսկսի լույս տեսնել «Չորրորդ իշխանություն» թերթը՝ որպես շաբաթաթերթ, իսկ նախկին chi.am  կայքը, 4RD.am անվանմամբ, վերագործարկվում է սեպտեմբերի 1-ից։

Թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանին հարցրինք, թե որն է վերադառնալու մոտիվացիան։ «Մենք սկզբում համարեցինք, որ՝ վերջ, արդեն հեղափոխություն տեղի ունեցավ, ինչ-որ փոփոխություն եղավ, բայց այսօր այն կամաց-կամաց ավելի շատ  նմանվում է իշխանափոխության, որովհետեւ ակնկալիքները, որոնք ունեինք՝ սահմանադրական փոփոխություններ, այն բոլոր հայտարարություններով, որով եկել է իշխանությունը, հապաղում են։ Եվ մենք համարում ենք, որ մեր ներկայությունը դաշտում կարեւոր է՝ դրանք հիշեցնելու, խթանելու համար»։ Շողեր Մաթեւոսյանը հայտնեց, որ վերադարձի պատճառը նաեւ ֆինանսական է՝ փնտրել եւ գտել են անկախ ֆինասնական աղբյուր։ Պարզվեց՝ «ՉԻ»-ն ԵՄ-ից դրամաշնորհ է ստացել եւ դրա շնորհիվ հրապարակվելու է։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ամենաընդդիմադիր թերթերից մեկը՝ ՉԻ-ն, դադարել էր լույս տեսնել 2018-ի հունիսից։  

«168 ժամ»-ի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը եւս «Հրապարակի» հետ զրույցում հաստատեց, որ առաջիկայում  եթերում լինելու են «168»-ի վիդեոկոնտենտով՝ նաեւ որպես առցանց հեռուստաընկերություն։ «Վիդեոպրոդուկտ, լուրերի թողարկում, նոր հաղորդաշարեր»։ Սաթիկ Սեյրանյանին նաեւ հարցրինք՝ ինչպե՞ս կարողացավ գտնել անհրաժեշտ գումարը։ «Ես՝ ինքս, եւ «168»-ի միջոցներից»։ Ի դեպ, Սեյրանյանի հեղինակային «Ռէվոլյուցիա» հաղորդաշարը եւս կվերադառնա «Արմենիայի» եթեր, այն դադարեցրել էին հեռարձակել 2018-ի հեղափոխության օրերին։

Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ Yerkir.am կայքի գլխավոր խմբագիրը վրացագետ-փորձագետ Վահե Սարգսյանն է, թեեւ դեռ պաշտոնապես չի նշանակվել։ Yerkir.am-ը գործում է որպես անկախ ՍՊԸ, այսինքն՝ պաշտոնապես կուսակցական լրատվամիջոց չէ: Վահե Սարգսյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ, բնականաբար, պահպանելու է «Երկիր»-ի «նախկին  ավանդույթները» եւ հայտնի նախապատվությունները՝ գաղափարական գիծ, ազգային ուղղվածություն, բայց նաեւ որոշել են ավելի լայն հարթակ տրամադրել հասարակական տարբեր խմբերին եւ դառնալ մասսայական կայք։
«Մտավորականության լայն խավ պետք է իր տեսակետներն արտահայտի Yerkir.am-ում, եւ լինի հասարակության սերուցքի համախմբում։ Նաեւ ասեմ, որ մենք չենք դառնալու դեղին մամուլ, մենք համարձակ լուսանկարներ չենք հրապարակելու՝ ինչ-որ ծովափնյա գեղեցկուհիների կամ համաշխարհային մոդելների, դրանցով չենք փորձելու անպայման լայքեր շատացնել կամ ամեն գնով՝ դիտումներ։ Եվ մեր դիմագիծն ու շրջանն ավելացնելով՝ ավելացնելու ենք մեր ընթերցողների շրջանը»,- ասաց Վահե Սարգսյանը։

Նշենք, որ մամուլում տարբեր տեղաշարժերի առաջին ծիծեռնակն օգոստոսին հայտնվեց, երբ  ՀՅԴ-ական «Ասպարեզ» թերթի նախկին խմբագիր Աբո Պողիկյանը նշանակվեց Sivilnet հիմնադրամի տնօրեն եւ պատրաստվում է տեղափոխվել Հայաստան ու զբաղվել Sivilnet լրատվական հարթակը խմբագրելով։ Կադրային տեղաշարժեր են եղել, տարբեր անձինք են փոխվել ու փոխարինվել։ Մասնավորապես, Armdaily.am կայքի տնօրեն Ծովինար Խաչատրյանին երեկվանից փոխարինում «Հրապարակ» թերթի, News.am կայքի նախկին լրագրող Ինգա Մարտինյանը։ Ծովինար Խաչատրյանն իր հեռանալու պատճառի մասին չնշեց, միայն ասաց․ «Բողոքներ չունեմ, բոլորին սիրում եմ, ամեն ինչ շատ լավ է ու շնորհավորում եմ Armdaily-ի մեր անձնակազմին»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը եւ Armtimes.com կայքը նախկին խմբագիր Լուսինե Բարսեղյանի հեռանալուց հետո տեւական ժամանակ է՝ աշխատանքի է հրավիրում խմբագրի` ոչ գլխավոր, քանի որ այն շարունակում է լինել վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը:
Կայքի խմբագրի պաշտոնակատար Տաթեւ Խաչատրյանը հայտնեց, որ այս ընթացքում խմբագրի տեղի համար դիմել են շուրջ 50 լրագրող եւ խմբագիր։ Այս ընթացքում հարցազրույցներ են անցկացնում, որից հետո կլինի մրցույթի ամփոփումը։ Տաթեւ Խաչատրյանին հարցրինք նաեւ՝ ո՞վ կամ ովքե՞ր են անցկացնում մրցույթները։ Ասաց՝ Մարիամ Փաշինյանը։

ՀԳ․ Լրատվական դաշտի աշխուժացումը, որպես կանոն, լինում է ընտրությունների փուլից առաջ՝ քաղաքական ակտիվ շրջանին ընդառաջ։ Այնպես որ շատ հնարավոր է, որ մեզ առջեւում քաղաքական բուռն իրադարձություններ են սպասվում, որի առաջին ազդարարը լրագրողներն ու լրատվամիջոցներն են։ Եթե այս կանխատեսումն իրական է, ապա առաջիկայում, կարծում ենք նոր լրատվամիջոցներ եւս դաշտում կհայտնվեն։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image