Փոստատարները կորոնա են վարակվել. թոշակ բաժանող չկա 

Փոստատարները կորոնա են վարակվել. թոշակ բաժանող չկա 

Երևանի թոշակառուներին արդեն երեք օր է՝ բաժանվել է իրենց ամսական կենսաթոշակը: Սակայն Շենգավիթի բնակիչների մի մասը մինչ օրս նստած է առանց փողի: Թոշակը  ուշանում է: Պատճառը կորոնավիրուսն է: Այն պատուհասել է «Հայփոստ» 043 բաժանմունքը, որը գտնվում է Շիրակի 7 հասցեում և սպասարկում  է այս և հարակից մի քանի փողոցների բնակիչներին: Այս բաժանմունքի բոլոր փոստատարները միաժամանակ հիվանդացել են կորոնավիրուսով, և ներկայում մեկուսացման մեջ են, և մարդիկ, որոնք չեն կարողանում հասնել բաժանմունք, մնացել են առանց թոշակի:

Լուրը հաստատեցին «Հայփոստից», խոստանալով, որ ամենաուշը վաղը նոր փոստատարները կբաժանեն թոշակները: «Փոստատարները տարածքին դեռ ծանոթ չեն: Վաղը անպայման կբերեն թոշակները», - ասացին մեզ «043» փոստից: Իսկ սոցապ նախարարության մամլո խոսնակ Սոնա Մարտիրոսյանը հայտնեց, որ դեռ չի կարելի խոսել ուշացման մասին, ասելով. «Ըստ կարգի, մինչև ամսի տասը բերում են: Երեք օր դեռ կա»: