Հայկական կողմը կանգնած է ընտրության առջեւ՝ ում օրակարգն ընտրի, ում հետ մտերմություն անի

Հայկական կողմը կանգնած է ընտրության առջեւ՝ ում օրակարգն ընտրի, ում հետ մտերմություն անի

Մայիսի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Բրյուսել, որտեղ սպասվում է Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ արդեն երկրորդ հանդիպումը։ Այս եւ այլ հայաստանյան ներքաղաքական հարցերի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ։

- Ես տեսնում եմ, որ Բրյուսելն ու Մոսկվան կարծես թե մրցակցության մեջ լինեն, թե ով է լինելու Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունները կարգավորելու այդ գործընթացի գլխավոր հովանավորն ու պայմանների հիմնական թելադրողը։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը, զբաղված լինելով ուկրաինական ճգնաժամով, կարծես թե այդ առիթն օգտագործում է եվրոպական դիվանագիտությունը սեփական օրակարգն առաջ մղելու եւ այդ պրոցեսն արագացնելու համար։ Եվ տեսնում ենք, որ նախորդ հանդիպումից հետո, ըստ էության, իսկապես շատ կարճ ժամանակ է անցել, որ արդեն նախապատրաստվում է հաջորդը, ընդ որում նշեմ, որ այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ կյանքի չեն կոչվել նախորդի պայմանները։ Հետեւաբար, եվրոպական կողմը հիմա կա՛մ փորձելու է շտապեցնել կողմերին սահմանների դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթացն արագ ավարտին հասցնել, կա՛մ նոր առաջարկներով պիտի  հանդես գան։

- Երեկ Հայաստանում էր Լիտվայի նախագահը։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ Արեւմուտքը` կապված հայ-ադրբեջանական   գործընթացների հետ, ակտիվ դերակատար է։

- Այո, նույնիսկ Լիտվայի նախագահը, ով եկել է տարածաշրջան՝ Ադրբեջան, հետո՝ Հայաստան, ավելի քան համոզված եմ, որ արեւմտյան դիվանագիտության բանագնացներից մեկն է, այսինքն՝ տարբեր մակարդակներով, ինչ-որ տեղ նաեւ քողարկելով իրենց ակտիվությունը, բայց այս ամենը հստակ  ցույց տալով Բրյուսելում։ Ամեն դեպքում, արեւմտյան քաղաքականությունը փորձում է իր օրակարգն առաջ տանել, եւ, այո, այս պահին եվրոպական բոլոր երկրների ղեկավարները ներգրավված են մեկ քաղաքականության եւ դրա իրականացման գործում, այն է՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորում։ Չեմ բացառում՝ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրն են նրանք փորձելու, առաջ ընկնելով Ռուսաստանից, առաջ քաշել։ Իհարկե, միակողմանի Ռուսաստանն էլ իր հերթին է հակազդում։ Եվ մենք սա տեսանք թե՛ Բրյուսելից հետո` Փաշինյան-Պուտին երկու հանդիպումների ընթացքում, եւ՛ թե արտգործնախարարների հանդիպման ընթացքում, երբ ռուսական կողմը շեշտը դնում է բացառապես այդ երեք փաստաթղթերի՝ նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի դրույթների կատարման վրա։ Այդ հարցերը, որոնք ավելի կոնկրետ քաղաքական կարգավորումներ են ենթադրում, կարծես թե ռուսական կողմը դանդաղեցնում է։ Իսկ եվրոպական դիվանագիտությունը ճիշտ հակառակն է՝ հենց այդ հարցերում է փորձում արագացնել գործընթացները։ Դրա համար սա իսկապես բարդ ժամանակաշրջան է։ Եվ վերջնական ընտրությունից կախված, իհարկե, պարզ կլինի, թե ինչ զարգացումներ կարող են տեղի ունենալ՝ արդեն բուն հողի վրա, այսինքն՝ սահմանում։ Որովհետեւ, այսպես ասած, երկու աթոռի վրա նստել չի հաջողվելու։ Սա միանշանակ է։ Ընդ որում, այդ խնդիրն ունի նաեւ ադրբեջանական կողմը։ Եվ եթե չլիներ իրատեսական սպասելիք Եվրոպայում` ինչ-որ բան պոկելու հակամարտող կողմերից, վստահ եմ, որ երկրորդ հանդիպումն այսքան արագ չէր կազմակերպվի։ Հետեւաբար, կա առիթ ենթադրելու, որ Փաշինյանը հիմա փորձելու է, այսպես ասած, փախչել ռուսական ազդեցության տակից։ Իր համար անձնական քաղաքական ընկալումների տեսակետից ավելի նախընտրելի է գործ ունենալ Արեւմուտքի հետ, քան՝ Ռուսաստանի։ Իսկ դրա ռազմաքաղաքական հետեւանքները, անկեղծ ասած, դժվար է հաշվարկել, որովհետեւ, իսկապես, վտանգները չափազանց մեծ են՝ լոկալ պատերազմից մինչեւ լայնամասշտաբ մարտական գործողությունների վերսկսում։ Հաշվի առնելով, որ, ամեն դեպքում, այդ խաղաղության, այդ՝ ոչ պատերազմին իրավիճակի հիմնական երաշխավորը, այնուամենայնիվ, տարածաշրջանում շարունակում է մնալ Ռուսաստանը։

- ԱՄՆ դեսպանի հայտնի հարցազրույցը դժգոհությունների առիթ հանդիսացավ թե՛ Հայաստանում եւ թե՛ Միացյալ Նահանգներում գտնվող հայկական ազգային կազմակերպությունների կողմից։ Նրանք Միացյալ Նահանգներին դիմել են կոչով՝ հետ կանչել դեսպանին։

- Ամերիկայի դեսպանը, այո, դիվանագիտական կոռեկտության սահմաններից դուրս է եկել։ Տեսնելով լայն ընդդիմադիր զանգվածների առկայությունը փողոցներում, կարելի է ասել՝ միջամտել է Հայաստանի ներքաղաքական գործընթացներին՝ բացահայտ աջակցություն հայտնելով իշխանական կողմին։ Եվ այն, ինչ որ անում է դիմադրության շարժումը, կարծում եմ՝ տրամաբանական պատասխանն է դեսպանի նման վարքագծի եւ նման հայտարարությունների։ 2018 եւ 2021 թվականներին Փաշինյանը ոչ միայն այսպես ժողովրդավարական բարեփոխումներ էր առաջարկում հայ ժողովրդին, այլ նաեւ հակամարտության լուծման տեսլականն էր բերել իր հետ։ Եվ այդ քաղաքականությունն է, որ հայ ժողովրդին կանգնեցրեց ողբերգական հետեւանքների առջեւ։ Եվ, բնականաբար, այսօր ոչ միայն դիմադրության շարժման ղեկավարները, այլ նաեւ սփյուռքի, հատկապես՝ ամերիկյան հայկական կազմակերպությունները նույնպես հանդես են եկել Միացյալ Նահանգների դեսպանին ետ կանչելու կոչով։ Միացյալ Նահանգները Հայաստանում գտնվող դեսպանին սկսել են դիտարկել որպես Նիկոլ Փաշինյանի գործընկեր, ոչ թե որպես դեսպան։