Անմոռանալի ներդրում թումանյանագիտության մեջ

Անմոռանալի ներդրում թումանյանագիտության մեջ

Թումանյանի կյանքին եւ գործունեությանն անդրադառնալու յուրաքանչյուր առիթի ժամանակ լցվում ենք մի խոր ափսոսանքով՝ որքան կարճ եղավ այդ Մեծ Հայի կյանքը։ Իսկ երբ հպանցիկ անգամ անդրադառնում ենք նրա հասարակական գործունեությանը, համակվում ենք մի անվերջանալի զարմանքով, թե որքան շատ բան է արել նա իր գիտակցական կյանքի ընթացքում։ Հենց այդ շատ բաներն է պեղել թումանյանագետ Լուսիկ Կարապետյանը՝ 1992թ․ ընթերցողի սեղանին դնելով «Հովհաննես Թումանյանի հասարակական գործունեությունը» մենագրությունը։

ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի որոշմամբ եւ ակադեմիկոս Էդուարդ Ջրբաշյանի խմբագրությամբ լույս աշխարհ եկած աշխատությունում թումանյանագիտության մեջ առաջին անգամ լուսաբանել է մի շարք կարեւոր դրվագներ, բացահայտել բանաստեղծի կապերը քաղաքական խմբակների հետ, մեկ անգամ եւս վերահաստատել․ «Այո՛, Հովհաննես Թումանյանը հայ ժողովրդի խիղճն է»։

Գրքում Կարապետյանը նշանակալի տեղ է հատկացրել Թումանյանի եւ Էջմիածնի հոգեւոր գործիչների առնչություններին, հետաքրքիր փաստական տեղեկություններ է ներկայացրել Խրիմյան հայրիկի, Զորավար Անդրանիկի հետ գրողի ունեցած կապերին։ Աշխատությունից իմանում ենք, որ Վարդգես Ահարոնյանը ժամանակին գրել է․ «Անդրանիկի մեջ Թումանյանին գրավողը ամենից առաջ Անդրանիկի հայրենասիրությունը եւ հռչակված ռազմիկ լինելն էր։ Անդրանիկը՝ իր հերթին, գրավվել էր Հովհաննես Թումանյանի շենշող անձնավորությունով, Թումանյանի նահապետական շենությունով․․․ եւ բարեկամների առաջ միշտ բաց դռնով․․․»։

Լուսիկ Կարապետյանը մեծ տեղ է տվել բանաստեղծի ազգային դիվանագիտական գործունեությանը, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին բանաստեղծի՝ ռազմաճակատ կատարած ուղեւորություններին։ Մենագրության հեղինակն օգտագործել է հիմնականում անտիպ կամ քիչ հայտնի նյութեր եւ մամուլի հրապարակումներ։ Կարապետյանը, առաջնային կարեւորություն համարելով անմահ լոռեցու ամբողջական գիտական կենսագրության հրատարակման անհրաժեշտությունը, այն համարելով հայ գրականության սրբազան պարտքը, իր աշխատանքը որակել է որպես այդ պարտքի կատարմանը նպաստելու փորձ։ Այս գնահատականն իմ մտապատկերում Լուսիկ Կարապետյանին տեղավորում է որպես համեստ, խորաթափանց, ինքնաբավարարվածությունից եւ ինքնագովանքից իսպառ հրաժարվող, իր կատարածի գնահատականը շրջապատին վերապահող կնոջ։ Կարծում եմ՝ ասվածը հաստատելու է գալիս նաեւ այն հանգամանքը, որ բանասիրական գիտությունների դոկտոր Լուսիկ Կարապետյանը 64 երկարուձիգ տարիներ աշխատել է ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտում՝ աշխատանքային ուղին սկսելով 1945թ․ եւ ավարտելով 2009թ․՝ իր լուսավոր կյանքի ավարտի հետ։ Նա համատեղության կարգով 1953-54թթ․ աշխատել է նաեւ Հովհաննես Թումանյանի թանգարանում։

Լուսիկ Միքայելի Կարապետյանը ծնվել է Երեւանում՝ 1921թ․ դեկտեմբերի 1-ին․ ի դեպ, նրա ծննդյան եւ մահվան ամիս-ամսաթիվը զուգադիպում են։ Վերոհիշյալ աշխատությունից զատ, նա նաեւ կազմել եւ ծանոթագրել է «Թումանյանը՝ ժամանակակիցների հուշերում» (1969թ․, վերահրատ․ 2009թ․) ժողովածուն, Թումանյանի երկերի ակադեմիական երկրորդ հրատարակության 9-10-րդ հատորները, մասնակցել է մյուս հատորների կազմմանը եւ խմբագրմանը։ Նա կազմել է Թումանյանի կյանքի եւ ստեղծագործական 1901-09-ի շրջանի տարեգրությունը («Հովհաննես Թումանյանի կյանքի եւ ստեղծագործության տարեգրությունը», 2010, 2016)։

Կարծում եմ՝ անգամ այսօր, երբ հրապարակի վրա են «Հովհաննես Թումանյան․ հանրագիտարան»-ը եւ տարբեր հեղինակների շատ ուշագրավ աշխատություններ, ամենեւին երկրորդ պլան չի մղվում Լուսիկ Կարապետյանի աշխատության ներդրումը թումանյանագիտության մեջ։ Ամեն ինչ, երբ առաջինն է, երբեք չի մոռացվում։ Հիմա, երբ հարյուրամյա հոբելյանական բարձունքում թեւածում է Լուսիկ Կարապետյանի լուսավոր հետագիծը, մենք յուրատեսակ՝ կարապետյանական վրձնահարվածներ ենք տեսնում Հովհաննես Թումանյանի դիմապատկերին։ Հոբելյանի առթիվ մեկ անգամ եւս հիշելով ու արժեւորելով Լուսիկ Կարապետյանի կյանքի ճանապարհը՝ ավելորդ չեմ համարում շնորհակալական խոսքեր հասցեագրել Լոռու մարզային գրադարանի տնօրեն, իմ վաղեմի բարեկամ Կարինե Հակոբյանին եւ անձնակազմին՝ իմ երկար փնտրտուքից հետո Լուսիկ Կարապետյանի վերը հիշատակված աշխատությունը մի քանի օրով ինձ տրամադրելու համար։

Վաղարշակ Ղորխմազյան