Սփյուռքի մարգարիտներին բերեք հայրենիք

Սփյուռքի մարգարիտներին բերեք հայրենիք

Մեր երկրին պատուհասած հետպատերազմյան եւ կորոնահամաճարակից առաջացած դեպրեսիան ու տրամադրության կտրուկ անկումը ստիպեցին այն ճեղքելու եւ հոգետանջ ցավը փշրելու ուղիներ փնտրել։ Եվ այդ հորիզոնը բացեց համացանցը։

Փորձեցի դուրս գալ մերձավոր սփյուռքի պոլսահայ համայնք, որը պորտալարով միացած է մայր հայրենիքին, սակայն նաեւ՝ ամենախորթացածն ու օտարվածն է։

Բազմաթիվ հարցումներից ու ծանոթություններից հետո շատ տպավորվեցի հատկապես երիտասարդ ու համակրելի մի հայուհու՝ Նվարդ Ավետիքյանի (Nivart Avedikoglu) արվեստով։ Նա այդ օրերին հրապարակեց «Արշալույս էր, նոր էր բացվել» երգը:

Երգը հնչում է որպես սպեղանի որդեկորույս մայրերի մորմոքող ցավին եւ ոգեկոչում՝ երիտասարդ զոհերի անմար հիշատակին: Այն կարճ ժամանակում աննախադեպ տարածում ստացավ՝ գրեթե 20 հազար հետեւորդ դիտեց: Եղան բազմաթիվ հիացական կարծիքներ, քաջալերանքի խոսքեր: Ամիսներ անց հետեւեց երկրորդ տեսանյութը՝ «Մարտիկի երգը»: Երգչուհին այդ երգի մեջ այնքան սիրտ ու հոգի դրեց, որ այն մարտիկի երազանքից դարձավ մոր ու մայր հայրենիքի կարոտի ու պաշտամունքի երգ: Դարձյալ խրախուսանքի խոսքեր, հիացական գրառումներ Մերձավոր եւ Միջին Արեւելքի գաղութներից: Ալիքը հասավ նաեւ Հայաստան՝ պարզ քաղաքացիներից մինչեւ երաժիշտներ ու գրական գործիչներ: Երաժշտական համագործակցության առաջարկներ եղան:

Ուշադրության արժանի էին հատկապես հայ բանաստեղծուհու եւ հոգեբան գիտնականի գրառումները, ովքեր անթաքույց զմայլանքով բարձր գնահատեցին նրա զիլ ու զրնգուն ձայնը, երգի մեկնաբանման յուրօրինակ ոճը: Համացանցային ծանոթության եւ շփումների ընթացքում զգացի, որ գործ ունեմ հայրենիքից հեռու ապրող եւ երբեք այն չտեսած հայուհու հետ, ով, ի զարմանս ինձ, հրաշալի տիրապետում է մայրենիին, ունի հասուն միտք, ճկուն բառազգացողություն, հարաբերվելու եւ շփվելու զարմանալի ունակություն ու խոհեմություն:

Դիտելով նրա մի քանի տեսանյութերն ու գրառումները՝ համոզվեցի, որ նա սերել է ավանդապահ ու ավանդապաշտ գերդաստանից եւ իր մեջ կրում է գերդաստանի ջիղն ու կոչումը: Համոզմունքս հաստատեց տեղի «Ժամանակ» օրաթերթում տպագրված կենսագրական-ճանաչողական հոդվածը, ըստ որի՝ մեր հերոսուհին ստացել է նախնականից մինչեւ համալսարանական լիարժեք կրթություն՝ տնտեսագետ է, ունի մարզական հակումներ, սակայն հոգով-սրտով երգչուհի է՝ հայրենատենչ ու հայրենաբաղձ: Նրա խաղացանկում արդեն իսկ ուրվագծվում են ժողովրդական եւ գուսանական երգեր, որոնք կարոտ են պատշաճ երաժշտական գործիքավորման եւ հանրայնացման։

Եվ հավատարիմ մնալով նաեւ իր՝ Նվարդ անվանը, չնայած երիտասարդ տարիքին, նա իր մեջ կրում է հայ ազգային մշակույթի եւ հոգեւոր արժեքների անհուն «բեռը»՝ փափագը սրտում, թե այդ ամենը մի օր պիտի հասցնի մայր հայրենիք: Եվ առաջին պատկերացումը, որ ձեւավորվեց ինձ մոտ՝ «նաիրյան դալար բարդու» կերպարն էր, որ երկար ամիսների ընթացքում չփոխվեց, այլ՝ բյուրեղացավ: Ու իր զիլ ու զրնգուն ձայնով նազում է, շորորում եւ հեռո՜ւ, հեռո՜ւ նաիրյան դալար բարդու շրշյունն է մեզ բերում: Եվ այդ շրշյունը, համոզված եմ, մի օր հայրենիք կբերի նաեւ շնորհալի երգչուհուն:

Իսկ հարգարժան նախարարին կոչ եմ անում ու հորդորում՝ նռան առողջ հատիկները հավաքել ու մեկտեղել մայր հայրենիքում եւ հող նախապատրաստել համազգային հաղթական պոռթկումի համար, ինչին շատ եմ հավատում:

Նվերա ԳԱԼՍՏՅԱՆ