Բեյրութում պայթյունից հետո սկսվել են հակակառավարական ելույթներ

Բեյրութում պայթյունից հետո սկսվել են հակակառավարական ելույթներ

Այն բանից հետո, երբ օգոստոսի չորսի երեկոյան հզոր պայթյուն որոտաց Բեյրութի նավահանգստում՝ դառնալով ավելի քան 150 զոհի եւ 5000 մարդու վիրավորվելու պատճառ, Լիբանանի մայրաքաղաքում սկսվել են հակակառավարական ելույթներ։ Այս մասին հայտնում է BBC-ն: Ցուցարարները զայրացած են տեղի ունեցածով եւ կարծում են, որ տեղի ունեցած ողբերգությունը կառավարության հանցավոր անտարբերության հետեւանքն է։

Ցուցարարները փորձել են մուտք գործել պառլամենտի շենք Պլյաս Էթուալ հրապարակում, չնայած ոստիկանական ուժերի առկայությանը։ Ցուցարարները իրավապահների ուղղությամբ նետել են դյուրավառ նյութերով շշեր։ Ի պատասխան, իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ։ Երկու կողմերից էլ կան վիրավորներ։ Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Reuters-ը հաղորդում է, որ ցուցարարներին ոգեւորել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի այցը Լիբանան։ Քաղաքացիները նրան դիմավորել են հոծ խմբերով Բեյրութի փողոցներում եւ խնդրել օգնել։ 56 հազար հոգի էլ հանդես է եկել ստորագրահավաքով, որի համաձայն պահանջ է դրվում Լիբանանը հաջորդ 10 տարիների ընթացքում դնել Ֆրանսիայի հովանավորության ներքո։