Իմ հետևում որևէ քաղաքական ուժ կամ գործիչ կանգնած չէ․ Արտակ Թովմասյան

Իմ հետևում որևէ քաղաքական ուժ կամ գործիչ կանգնած չէ․ Արտակ Թովմասյան

Չկա ոչ մի քաղաքական գործիչ իմ հետևում կանգնած, որ ինձ ուղղորդած լինի, ոչ էլ հուշած։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում  ասաց «Թովմասյան» հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը՝ մեկնաբանելով քաղաքականություն մուտք գործելու հետ կապված մամուլի հրապարակումները, թե իրենք ուղղորդված քաղաքական ուժ են՝ ՌԴ-ից։ Ըստ նրա՝  ամեն մարդ իր ինֆորմացված լինելու ու երևակայության չափով կարծիք է հայտնում։

«Մեծամասնությունը զարմանում է և հարցնում՝ թե դա ինձ ինչի՞ է պետք։ Կայացած ու գիտակից մարդը, երբ տեսնում ու հասկանում է երկրի ու տնտեսության վիճակը, առնվազն պետք է կամիկաձե լինի, որ դրան գնա։ Ոչ հայրենասեր մարդը դրան չէր գնա։ Խորը ուսումնասիրելուց հետո միջին մակարդակի տնտեսագետներն անգամ կասեն՝ ինչ վիճակ է ու ի՞նչ է սպասվում մեր երկրին։ Ամեն օր մեր ներկա իշխանությունների հրաժարականը ձգձգելու դեպքում մեր ազգը կարող է կանգնել անելանելի վիճակում»,- ասաց Թովմասյանը։

«Թովմասյան» հիմնադրամի նախագահն ավելի վաղ  հայտարարել էր քաղաքական նոր ուժի ձևավորման մասին՝ տեղեկացնելով, որ ձևավորում են նոր թիմ` մեծամասամբ քաղաքականությամբ չզբաղված և իրենց ոլորտներում լուրջ հաջողությունների հասած մարդկանցից։ Լրագրողների հետ հանդիպմանը Թովմասյանը նշեց, որ ակտիվ բանակցությունների մեջ են թե Սփյուռքի ներկայացուցիչների, թե տարբեր ՀԿ-ների հետ։ Հազարավոր նամակ-առաջարկություններ են ստանում մարդկանցից, որոնք իրենց մասնակցության ցանկությունն են հայտնում մեր նոր քաղաքական խմբավորմանը մասնակցելու համար։

«Մենք ակտիվ փուլում ենք՝ քննարկումներ ենք անցկացնում, փորձում ամեն ինչ անել, որ չսխալվենք թիմակիցներին հավաքագրելու գործում և դա երեք կամ հինգ օրվա աշխատանք չէ»,- ասաց Թովմասյանն ու հավելեց, որ ավելի ուշ կհայտարարեն, թե ովքեր են իրենց թիմի մասնակիցներն ու անդամները։

Նպատակ ունեն թիմում ներգրավվելու ոչ շատ ճանաչված, բայց գործերով ռեալիզացված, նորմալ, կայացած ղեկավարների։

«Եթե մարդը երիտասարդ է ու ձեռնարկել է հաջողված պրոյեկտ, ուրեմն ունի հաջողված պրոյեկտը մինչև վերջ հասցնելու փորձ։ Նման մարդկանց պետք է ներգրավվենք մեր թիմ։ Նայելով այսօր ինչ մարդիկ են գալիս ու մեր իշխանության պաշտոնները զբաղեցնում, տեսնում ենք, որ չկան այնպիսի մարդիկ, որ ունեն ռեալիզացված պրոյեկտներ»։