Ոմանք ասում են` Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի՝ որպես երաշխավոր երկրների միջնորդության ձևաչափը, տեղին կլինի. Ղասեմ Ջալալի

Ոմանք ասում են` Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի՝ որպես երաշխավոր երկրների միջնորդության ձևաչափը, տեղին կլինի. Ղասեմ Ջալալի

Ռուսաստանում Դաշնությունում Իրանի դեսպան Ղասեմ Ջալալին, հարցազրույց տալով ռուսական «Ինտերֆաքս» տեղեկատվական գործակալությունը,  ի թիվս այլ հարցերի, նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։

Հարցերին, թե ի՞նչ դիրքորոշում Իրանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, իսկապե՞ս Իրանը պատրաստ է Ռուսաստանի և Թուրքիայի հետ միջնորդել, արդյո՞ք ճիշտ է, որ իրանական պետությունը դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից, պատասխանել է, որ նախ Իրանը կողմ է խաղաղությանն իր երկու հարևանների միջև։ «Համարում ենք, որ այս պատերազմը կարող է վնասել ինչպես երկու երկրների, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի ժողովուրդներին: Ուստի Իրանի Իսլամական Հանրապետությունը, չեզոք դիրքորոշում պահպանելով այս հարցում, շատ ակտիվ աշխատում է մեր երկու հարևանների պատասխանատու անձանց հետ: Մենք անհրաժեշտ ջանքեր գործադրեցինք, հորդորեցինք զսպվել: Երկրորդ, մենք ողջունում ենք այն նախաձեռնությունները, որոնք կհանգեցնեն փոխզիջման երկու երկրների միջև: Եվ մասնավորապես այն նախաձեռնությունը, որը Ռուսաստանը ցույց տվեց նախագահ Պուտինի միջնորդությամբ, երբ երկու արտգործնախարարներ՝ Ադրբեջանի և Հայաստանի, եկան Մոսկվա և բանակցություններ վարեցին»,- հավելել է իրանցի դիվանագետը։

Ըստ Ջալալիի՝ երրորդ կետն այն է, որ Իրանը ողջունում է նաև այլ նախաձեռնություններ, որոնք այս կամ այն ​​կերպ կարող են հանգեցնել խաղաղության:

«Զանազան տարբերակներ կան։ Ոմանք ասում են, որ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի՝ որպես երաշխավոր երկրների միջնորդության ձևաչափը՝ համաձայն Աստանայի ձևաչափի մոդելի, տեղին կլինի: Կամ այլ մոդելներ, օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի և Իրանի և Թուրքիայի միջև ինչ-որ համադրություն և այլ առաջարկներ: Այս առաջարկները նույնպես ենթակա են ուսումնասիրության և քննարկման: Կարծում ենք, որ այդ առաջարկները, իհարկե, պետք է արդյունավետ լինեն, որպեսզի այդ նախաձեռնությունները, ի վերջո, հանգեցնեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը»,- եզրափակել է ՌԴ-ում Իրանի դեսպանը։