Հասմիկ Կարապետյան. Աորտա

Հասմիկ Կարապետյան. Աորտա

Հոգեբանական թրիլեր

Դիրիժորը նման է կրծքավանդակում գտնվող աորտային․
չնչին սխալի դեպքում տուժողը մարմինն է:

Ի՜նչ էլ ծանր է էս տխմարի դիակը, քիչ է մնում մեկին կանչեմ, որ օգնեն՝ բարձրացնեմ սրան: Ինքն է մեղավոր. հասցրեց այն կետին, որ մեղք գործեցի, բայց սա էր միակ ելքը։ Երբեւէ չէի մտածի, որ վարձակալածս փոքրիկ սենյակում կարող եմ տեսնել հետեւյալ պատկերը՝ գեր, ճաղատ, մոտավորապես քառասունին մոտ, վարձակալող շենքի տնօրեն «թանկագին» Համազասպ Սարգսյանի՝ նույն իր՝ Առյուծի (մականունն էր) տգեղ մարմնի «գեղեցիկ» փռվածքը փոքրիկ սենյակիս կենտրոնում: Գլուխը լրիվ ջնջխել եմ, չնայած գլխում ոչինչ չկար, միայն գումարի հետ կապված հերթական պլանաորսը, որն անպայման, եթե ջնջխած չլինեի, իրագործելու էր: Այդ դեպքում ես ոչ թե մարդասպան եմ, այլ՝ փրկիչ, ով օգնեց բազմաթիվ խեղճուկրակ՝ պարտքերի տակ մնացած ընտանիքներին: Սրանից բոլորն էին զզվում։ Դիմացից ժպտում էին, բայց հետեւից անպայման անիծում, երազում, որ վերջին այցը լինի: Ես կատարեցի բոլորի երազանքը, հուսամ՝ կփառավորեն ու կսիրեն ինձ: Չնայած՝ չէ, չեն փառավորի: Միայն Աստծուն կարելի է փառավորել, բայց Աստված էլ նեղացավ ինձնից այնքա՜ն, որ որոշեց սրան ուղարկել։ Ի՞նչ, մեկ րոպե, չէ, ժամը վեցն է, ես պետք է հասցնեմ համերգին, չէ՞ որ ես դիրիժոր եմ, գրո՛ղը տանի: Ես կարեւոր մարդ եմ, լսո՞ւմ ես, ա՛յ ճարպագունդ, ես ԿԱ-ՐԵ-ՎՈՐ մարդ եմ: Ես կառավարում եմ երաժշտական արվեստը, առանց ինձ մի ամբողջ համերգ կարող է տապալվել: Պիտի սրան մի տեղ թաքցնեմ, հետո նոր կմտածեմ՝ ինչ անել դիակի հետ: Հիմա կարեւորը հոգեպես արվեստին տրամադրվելն է: Թեւերից կբռնեմ, քարշ կտամ հանդերձապահարանի մոտ ու հենց էնտեղ էլ կթաքցնեմ: Բայց կտեղավորվի՞: Ախր շա՜տ մեծ ջանդակ ունի, իսկ իմ ֆիզիկական ուժն էլ չի բավականացնի բարձրացնելու սրան: Ի՞նչ անեմ, գրողը տանի, ո՜ւր թաքցնեմ սրան: 

Պատուհանից ներս են թափանցել շոգն ու տոթը։ Խեղդում է, ինչպես մեղքի զգացումը, գիտակցումը, որ ես մարդասպան դարձա այսօր: Իմ կյանքը ծայրահեղություններով լի է: Առավոտյան կարող եմ համարձակվել մտածել, որ երջանիկ մարդ եմ, մինչդեռ երեկոյան՝ ընկճվածությունից պատռում եմ սենյակումս գտնվող բոլոր նոտակալները: Մի օր անկողնումս իրար վրա են թավալվում իմ բազմաթիվ սիրուհիները, իսկ հաջորդ օրն այնքան միայնակ եմ լինում, որ սկսում եմ ինքս ինձ հետ վիճաբանել: Իմ ճակատագրական պատիժն է ծայրահեղ լինելը, ու միշտ եմ իմ այդ դժբախտությունը, նյարդերի, սթրեսների միջով անցնելով, հաղթահարել: 

Մի անգամ հոգեբույժի մոտ գնացի: Հոգեբույժիս նմանեցնում էի Ֆրոյդին: Անգամ մի օր հուշեցի այդ մասին, ու պարզվեց, որ իսկապես Ֆրոյդն էր դիմացս, ոչ թե հոգեբուժությամբ զբաղվող ոմն Պերճ Ալոյանը: Հա՛, շատ պերճն էր ու պճնամոլ։ Ինքնասիրահարված կատվազգի էր, ում, ձեռքս ճար լիներ, մեծ սիրով կխցկեի Համազասպի հետ նույն հանդերձապահարանը: Հա, ճիշտ նկատեցիք, այնուամենայնիվ, որոշեցի մեր «սիրելի» Համազասպի հսկա դին տեղավորել հանդերձապահարանում, կախել մաքուր շորերիս կողքին: Դարակներիցս մեկում մեծ, սուր կախիչ գտա: Կախիչը խրելով Համազասպի կոկորդը՝ հասցրի մինչեւ ծոծրակը, որպեսզի վրան պարան անցկացնեի՝ հանդերձապահարանում կախելու համար: Նկատեցի, որ Համազասպի դեմքն ընկճվեց, բայց՝ ոչինչ, կդիմանա մինչեւ համերգիս ավարտը: Հավատացեք՝ մինչեւ սրա դին քարշ տվեցի հանդերձապահարանի մոտ, հասցրի այն աստիճան քրտնել, որ համերգից առաջ արդեն երկրորդ անգամ պիտի լոգանք ընդունեի: Ինչեւէ, շատ չեմ մանրամասնի, թե ինչպես երեք անգամ փորձեցի բարձրացնել դին մեջքիս, որպեսզի կարողանայի, բարձելով դին, բարձրացնել ու մտցնել պահարանի մեջ։ Թե ինչպես երկու անգամ ընկավ վրաս, էլ չեմ հիշում։ Միայն հիշում եմ, որ ոսկորներս համարյա չէի զգում, մարմինս չէր դիմանում նման ահռելի ֆիզիկական ճնշվածությանը: Բայց ես սովոր էի դժվարությունների: Հիշում եմ՝ ինչպես էր դաշնամուրիս ուսուցչուհին քանոնով հարվածում ձեռքերիս, երբ սխալ նոտա էի նվագում կամ մատներս սխալ հաջորդականությամբ էի ստեղներին խփում: Բազմաթիվ հարվածներն ինձ հասցրին այն օրվան, երբ բոլորի մտքում միայն իմ համերգին ներկայանալու անհագ ցանկություն էր տիրում: 

Հանդերձապահարանի դուռը փակելուց առաջ մի անգամ էլ նայեցի ննջեցյալ տխմարին, ով այնքան վատ ժամանակ ընտրեց՝ ինձնից վարձը պահանջելու: Սրիկա, ընդամենը հիսուն րոպե առաջ էիր ձենդ գցել գլուխդ՝ «փողերը պիտի փակվես, թե չէ էդ դիրիժորական փայտիկդ կջարդեմ գլխիդ»։ Իսկ հիմա այնքան լուռ ես, նույնիսկ հաճելի, անգամ մի փոքր էլ խղճացի քեզ, մինչդեռ դու խիղճ չունեիր: Հիմա ննջիր, «սիրելի» Համազասպ, որովհետեւ ես պիտի լոգանք ընդունեմ ու պատրաստվեմ… համերգիս: Բոլորն են այսօր ինձ հոտնկայս ծափահարելու՝ «մաեստրո» բղավելով, իսկ քո նման չնչին, փողամոլ արարածները պիտի փտեն հանդերձապահարաններում: Համերգից հետո կվերցնեմ հոնորարս ու կմեկնեմ երկրից, կթաքնվեմ մի էնպիսի վայրում, որտեղ նույնիսկ սատանան ինձ չի կարողանա գտնել: Քեզ կփնտրեն ու չեն գտնի, որովհետեւ ես կփտեցնեմ դիակդ հենց հանդերձապահարանում: Հա, մեկ էլ գնալուց առաջ մի բան ասեմ՝ ո՞վ է անունդ Համազասպ կնքել, ա՜խր շատ ծիծաղելի ու շա՜տ «մաքուր» անուն է քո նման տականքի համար: Ես լոգանք ընդունեցի, վերցրի այն, ինչ ինձ հարկավոր էր աշխատելու համար, ու արագ իջա աստիճաններով: 

Աստիճաններին հանդիպեցի Հասմիկին, ով խուլ ու համր էր: Նա ինձ մի կերպ հասկացրեց, որ ուրախ է ինձ տեսնելու համար, ու, իսկապես՝ միակ մարդն էր, ով չէր լսում ոչինչ, բայց միշտ ներկա էր լինում համերգներիս: Երեւի նրան գրավում էր չափ տալս: Նստեցի տաքսի, շտապեցի համերգասրահ: Աշխատակիցները, կոլեգաներս խառնվել էին իմ ուշացումից, բայց ես լուռ մնացի: Հանդերձասրահում հոգեպես տրամադրվելով, հավաքելով մտքերս, վերցնելով փայտիկս ու փակելով աչքերս՝ խորը շունչ քաշեցի՝ մոռանալով Համազասպին, նրա գեր դիակը, խուլ ու համր Հասմիկին: Դահլիճը թնդաց ծափահարություններից, երբ հնչեց անունս: Մտա բեմ, կանգնեցի նոտակալի առջեւ ու նկատեցի բոլորի սարսափահար դեմքերը՝ ուղղված ինձ: Մի պահ մտածեցի, որ նվագախումբը կռահել է իմ այսօրվա դաժան գաղտնիքը, սակայն բոլորն անցան գործի, երբ բարձրացրի փայտիկս, ու… համերգասրահի պատերից ներս, օդում ագահաբար սկսեց տարածվել  Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան։ Մարմնիս երակների ողջ ներշնչանքով զգում էի Բեթհովենի դյութական հրաշալիությունն ու հանճարեղությունը։

Ջութակի քիչ նյարդային տեմպին՝ նախազգուշացում է տալիս ֆլեյտա պիկոլոն։ Ջութակի նյարդը կրկին խախտվում է։ Ջութակը փորձում է բարձրանալ վեր, ու հանկարծ… հարվա՛ծ, լարայինն ու փողերը բախվում են իրար։ Սկսում է կռիվը ու կրկին հանդարտվում։ Պատկերացրեք, որ լարայինի ու փողայինի մենամարտն իմ ու Համազասպի անհավասար կռիվն էր: Դե հիմա լսեք սիմֆոնիան ու պատկերացրեք ինձ Համազասպին սպանելիս։ 

Չափ տալով մտածում էի, թե դիակը որտեղ պիտի թաքցնեմ: Առաջին ու երկրորդ մասից հետո շտապեցի ցողելու դեմքս: Թվում էր՝ Համազասպը մահ էր շնչում դեմքիս: Պետքարանից դուրս եկա։ Նկատեցի նվագախմբի լարայիններից մի նվագող աղջկա, ով նորեկ էր խմբում: Մի պահ ինձ նայեց, հետո թեթեւ ժպտաց, ուզում էի պատասխան ժպտալ նրան, բայց նկատեցի հեռվից ինձ մոտեցող փողահար ընկերոջս: Նրա աչքերում տագնապ ու լարվածություն կար: 
- Ոստիկաններից երկու հոգի քեզ են հարցնում։

Ի՜նչ արագ կռահեցին Համազասպի անհետացումը: Բայց ես տաղանդավոր դիրիժոր չեմ համարվի, եթե չավարտեմ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան: Փողային նվագող ընկերս շատ զարմացավ, երբ ժպտալով պատասխանեցի, որ գուցե շփոթում են ինձ մեկ ուրիշի հետ, ու չլսելու տալով նրա համոզող բացատրությունները՝ շտապեցի կուլիսներ: Նա շան նման քայլում էր հետեւիցս, համոզում, որ չի շփոթվել: Ես բռնեցի նրա օձիքից ու դեմ տվեցի պատին:

- Լսի՛ր, ա՛յ դատարկագլուխ, էս համերգին ես շատ երկար եմ սպասել, ու հիմա քո հիմար խոսակցությունները նյարդայնացնում ու շեղում են ինձ: Եթե բերանդ չփակես, նոտակալներդ կպատռեմ ու խցկելով բերանդ՝ կստիպեմ կուլ տալ: Վստահ եմ, որ առանց նոտակալի էդ՝ դատարկ գլխովդ ոչ մի նոտա չես կարողանա հիշել:

Ինչ խոսք՝ կոպիտ խոսեցի, բայց երբ երեխային փորձում են զրկել ձեռքում հայտնված՝ երկար սպասված կոնֆետից, նա կատաղում ու չարանում է: Լսվեցին ծափահարություններ: Ու բեմ մտնելիս զգացի մի ծանր ձեռք, որն ուսիս հենվեց: Շրջվեցի: Համազասպն էր: Նա սկսեց խելագարի նման ծիծաղել։ Բերանից արյունը չէր դադարում հոսել, նա անվերջ կրկնում էր․ «Բռնվեցիր, ա՛յ շանորդի»: Այնուհետեւ նկատեցի ոստիկաններին, ովքեր մոտենում էին ինձ: Ժամանակ չկար: Ես արագ մտա բեմ: Նկատեցի, որ ոստիկաններին մոտեցավ համերգի կազմակերպիչը: Նրանք ինչ-որ բան ասացին կազմակերպչին, որից հետո նա աչքերը չռած ինձ նայեց: Այնուհետեւ, երբ կանգնեցի նոտակալի առջեւ, տեսա արյունով գրված հետեւյալ նախադասությունը. «Հիշի՛ր, դանակը աորտա երակում պահել չի կարելի»:   

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ