Նիկոլականներով հավաքվել` ՀՀԽ անդամ են ընտրում
Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորվել է ժամանակավոր մրցութային հանձնաժողով, որը նախօրեին հրապարակեց Խորհրդի անդամի թափուր տեղի համար դիմած անձանց ցանկը: 7 անձ է դիմել ՀՀԽ-ին անդամակցելու համար.
1. Էլմիրա Արսենյան
2. Քնարիկ Առաքելյան
3. Զառա Արամյան
4. Իրինա Շախնազարյան
5. Օֆելյա Ասատրյան
6. Մարգարիտա Մինասյան
7. Նունե Էլմասյան։
Նշենք, որ գրող Վահրամ Մարտիրոսյանը դադարեցրել է իր աշխատանքը ՀՀԽ-ում և այս մրցույթը հայտարարվել է հենց նրա հեռանալուց հետո թափուր մնացած տեղի համար: Նկատենք, որ Հանրային հեռարձակող խորհրդի շուրջ վերջին շաբաթներին աղմուկ կար` պայմանավորված Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի համար կազմակերպված մրցույթով, որի արդյունքում նշանակվել է Պրահայում բնակվող ԱՄՆ քաղաքացի Արմեն Քոլայանը:
Հիմա արդեն մրցույթ է ընթանում բուն Խորհրդի անդամի թափուր տեղի համար: «Հրապարակը» մի քանի հարց ուղղեց ՀՀԽ անդամի թեկնածու Քնարիկ Առաքելյանին:
- Ովքե՞ր են մրցութային հանձնաժողովի անդամները:
- Թատերական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը, Սերոբ Խաչատրյանը, Արայիկ Խզմալյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և Գրիգոր Խաչատրյանը:
- Իսկ հանձնաժողովի նախագահն ո՞վ է:
- Արայիկ Խզմալյանը:
- Հասկանալի է` հիմնականում իշխանությունների կողմից կառավարվող անձինք: ՀՀԽ-ի շուրջ վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացավ, խորհրդին մեղադրում են իշխանությունների պատվերը կատարելու մեջ: Նման խորհրդում ինչպե՞ս եք Ձեր աշխատանքը պատկերացնում:
- Շատ կարևոր է այդ կառույցի բուն գործառույթները ցույց տալ, կարծում եմ` հասարակությունն այնքան էլ լավ չի հասկանում, թե ՀՀԽ-ն ինչով է զբաղվում, շատ դեպքերում այն շփոթում են Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի հետ ու շատերի համար այս երկու կառույցներն էլ նույնն են: Կարծում եմ` մարդիկ իրազեկված չեն, պետք է մեծացնել դրա թափանցիկությունը և ավելի շատ իրազեկել հանրությանը և չլինի այնպես, որ միայն բացասական դեպքերում կառույցի մասին հիշեն: Կառույցը ենթադրաբար նաև անում է շատ լավ բաներ, օրինակ` կրթում է հասարակությանը: Մոտիվացիան սա է, որ մարդիկ լինեն առավել տեղեկացված, թե ինչով է զբաղվում կառույցը:
- Ինչպե՞ս են թեկնածուին ընտրելու:
- Հարցազրույցի միջոցով:
- Իսկ գուցե բարձր աշխատավա՞րձն է Ձեզ գրավել, որքա՞ն է ՀՀԽ անդամի ամսական աշխատավարձը, ասում են՝ բավականին բարձր է:
- Անկեղծ ասած` չեմ հետաքրքրվել, դրա մասին ոչինչ չկար նշված, ես պատահաբար միայն տեսել եմ հայտարարությունը և քանի որ համապատասխանում էի, դիմել եմ:
Կարծիքներ