Իրական երջանիկ մանկության մաղթանքով… 

Իրական երջանիկ մանկության մաղթանքով… 

Առավոտից դրսում բարձրաձայն երաժշտություն էին միացրել, որ տևեց մինչև կեսօր: Մեկ թե երկու անգամ ուղեղումս հարց ծագեց, թե ինչի կապակցությամբ է, հետո անցավ, գնաց: Եվ միայն կեսօրին գիտակցությանս հասավ, որ երեխաների օրվա կապակցությամբ էր: Սկզբում զարմացա ինքնս ինձ վրա, հետո հասկացա, թե ինչն ինչոց է: Նախ, մեր տանը շատ վաղուց երեխա չկա, որպեսզի հիշեցներ օրվա խորհուրդը: Եվ, որ ավելի էական է, արդեն երեք տարի է, ինչ տոներն առանց նկատվելու անցնում են կողքովս: Բայց էն գլխից ասեմ, որ հիշողության կորստի խնդիր չունեմ: Փառք Աստծո, ուղեղս էլ տեղն է, և եթե դա էլ չլիներ՝ օրական առնվազն 12 ժամ համակարգիչն է միացված: Այսինքն՝ գոնե ինքը կհիշեցներ:  

Այսինքն, խնդիրը ոչ թե ֆիզիոլոգիական է, այլ զուտ հոգեբանական: Ուղեղս հրաժարվում է ընդունել, որ 2020 թվականի խայտառակությունից հետո կարող են լինել նաև տոնական օրեր կամ միջոցառումներ: Ասենք՝ ծնունդներ, հարսանիքներ կամ պաշտոնական միջոցառումներ: Չէ, հասկանում եմ, որ կյանքը շարունակվում է, որ հարսանիքն, օրինակ, երիտասարդ լինելու (կամ գոնե այդպես զգալու) ատրիբուտներից մեկն է: Բայց այդ դեպքում մտածում եմ՝ ինձանից հեռու վայելեք ձեր ուրախությունը: Միաժամանակ, որքան էլ զարմանալի թվա, ես չեմ համարում, որ ճիշտը նստելն ու լացելն է: Կամ համարելը, որ ամեն ինչ վերջացած է՝ մնում է անջատել լույսը, փակել դուռն ու հեռանալ: Կամ որ 48 տարի առաջ ծնված Նիկոլը դեռ այդ տարիքի կեսի չափ էլ ղեկավարելու է մեր երկիրը: Ինչպես ինքն է երազում (կամ կարծում): Չէ, հաստատ բան եմ ասում՝ դրա տասներորդ մասի չափով էլ չի զբաղեցնելու այսօրվա իր պաշտոնը: 
Բայց եթե հարցնեն՝ թե ինչի հիման վրա եմ դա ասում՝ անկեղծորեն կպատասխանեմ՝ չգիտեմ: 

Քանի որ կապ չունեմ ո՛չ բախտագուշակների և ո՛չ էլ հոգի կանչողների հետ: Նաև չունեմ մարգարեի համարում ունեցող Սիդիկ Աֆղանի ունակությունները, որպեսզի մաթեմատիկորեն հաշվարկեմ, թե Նիկոլին որքան ժամանակ է մնացել վայելելու իր կարգավիճակը: Եվ դրանից հետո ինչքան է մնալու նրա կյանքից, որպեսզի այդ մնացածն անցկացնի առանձին խցում տխուր մտորումների մեջ: Ուղղակի գիտեմ, որ չի կարելի երկար ժամանակով բռնապետությունն արևմտյան երկրների ղեկավարության վրա ծախել որպես ժողովրդավարություն: Չի կարելի անընդհատ հեծնել հակառուսականությունը և միաժամանակ օգտվել ռուսական անվտանգային համակարգի ընձեռած հնարավորությունից: Չի կարելի սեփական ժողովրդին պառակտել՝ ինչպես կաներ արտաքին թշնամին, ու դրա հիման վրա պահպանել իշխանությունը: Չի կարելի մի քանի հազար տարվա կենսագրություն ունեցող ազգությունը հասցնել կործանման եզրին ու մնալ անպատիժ: Չի կարելիների շարքը կարելի է անընդհատ շարունակել, բայց սահմանափակվեմ եղածով: 

Հ. Գ. Այնուամենայնիվ, մանուկներն իրավունք ունեն ուրախանալու մեր երկրում՝ քանի դեռ այն կանգուն է: Եվ կանգուն կլինի դարեդար՝ ի հեճուկս նիկոլների ու նիկոլանմանների: Ու ըստ այդմ՝ պապիկի տարիքի հասած մարդու պարտականությունն է մանուկներին մաղթելու իրական երջանիկ մանկություն և իրական երջանիկ ապագա: