Շնչառական սարքեր են վերանորոգում, բայց թե քանի՞ հատ՝ չգիտեն եւ չեն ուզում ասել 

Շնչառական սարքեր են վերանորոգում, բայց թե քանի՞ հատ՝ չգիտեն եւ չեն ուզում ասել 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ այսօր այցելել է «Ինժեներական քաղաք»: Կառավարության հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ վարչապետին ներկայացվել են «հայ մասնագետների կողմից ռազմական նշանակության տեխնիկական միջոցների մշակումներն ու լուծումները, այնուհետև վարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին»: 
Ըստ այդ հայտարարության՝ «Հայաստանի ինժեներական ասոցիացիայի ներկայացուցիչները նշել են, որ այժմ աշխատում են թոքերի արհեստական շնչառության նոր սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության մշակումների վրա և կոնկրետ առաջարկություններ են ներկայացնելու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: Միաժամանակ նշվել է, որ մասնագետները հաջողությամբ կարողանում են վերականգնել սարքերը, որոնք մինչ այդ գտնվում էին պահեստներում: Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված ուղղություններով հայ ինժեներների աշխատանքները և նշել, որ կառավարությունն իր հերթին պատրաստ է օժանդակել ծրագրերի արդյունավետ իրականացմանը»։ 
Այս հաղորդագրությունն անշուշտ շարքային մարդկանց համար է, որոնք կարդալով կամ լսելով մտածեն, թե մեր կառավարությունը ջանք-եռանդ չի խնայում, որ պայքարի կորոնավիրուսի դեմ, անգամ տեխնոլոգիական մտքի գիգանտներին են գործի դրել ու էստրեմալ լուծումներ են փնտրում։ Բայց փիառի տողատակերը կարդացող մարդու մոտ բազմաթիվ հարցեր կծնվեն։ Օրինակ, թե այդ քանի չաշխատող սարք կա, որ դրանց նորոգումը պետության առաջին դեմքերն այդքան կարեւորում են եւ այդպիսի ծանրակշիռ պատվիրակությամբ գնացել են դրանց ընթացքին հետեւելու։ Նաեւ, արդյոք նման քայլերն ու հաղոդագրությունները ձեռքերը փրփուրին գցելու չի նմանվում՝ դրսում նոր սարքավորումներ են առնում, պավիրում, մերոնք՝ ինչ որ նորոգման մասին են խոսում եւ այլն։

Քանի որ Կառավարության տարածած հայտարարությունում չի նշվում, թե քանի՞ նմանատիպ սարք է վերանորոգվում, և ինչո՞ւ են այդ սարքերը անսարք վիճակում, ինչ որ պահեստներում, մենք հարցեր ուղղեցինք վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին։ Սակայն, ինչպես պարզվեց, նման պատկառելի պատվիրակություն տարել-հասցրել են այդ ինժեներական քաղաքը, բայց ոչ ոք չի հաշվել, թե քանի սարք է նորոգվում։ Ավելին՝ խոսնակը դժվարացավ ճշտել ու տեղեկացնել մեզ այդ տվյալները։ Գևորգյանը այդ պարզ հարցին պատասխանելու համար, որը կարելի է ճշտել ընդամենը մեկ հեռախոսազանգով, գրավոր հարցում ուզեց՝ ասելով, որ կպատասխանի 2 օրից, մեկ ժամում չի կարող այդ տեղեկությունը ճշտել։ 

Փորձեցինք տեղեկությունը ճշտել Հակոբ Արշակյանի մամուլի քարտուղար Սիրանույշ Գյուրջինյանից, նա ժամանակ խնդրեց ճշտելու համար, ապա մոտ մեկ ժամ անց ասաց, որ այդ թիվը չի համարվում հրապարակային ինֆորմացիա․ «Մենք այս պահին չենք կարող տեղեկություն տրամադրել, մենք հավաքագրումը ավարտում ենք ամսի 5-ին, դրանից հետո տեղեկատվություն կլինի, այս պահին հրապարակման ենթակա թիվ չկա, դրա համար չեմ կարող վերջնական պատասխան տալ»,- ասաց խոսնակը, հաստատելով մեր կասկածները, որ երեկվա այցն ընդամենը փիառ ակցիա էր՝ առանց որեւէ հետեւանքների եւ արդյունքի։ 
Բայց չէ՞ որ հայտարարությունում նշվում է, որ վերանորոգվում են այդ սարքերը, հայտնի չէ՞, թե քանի հատ են վերանորոգում՝ կրկին հարցրեցինք Գյուրջինյանից․ «Այո, ընթանում են, ուղղակի թիվ չկա, դա չի հանդիսանում հրապարակային թիվ»,-պատասխանեց խոսնակը։ 

Դե ինչ, հայտնվել ենք մի իրավիճակում երբ իր անկարողությունը, անփութությունը, պոպուլիզմը իշխանությունը կարող է թաքցնել արտակարգ դրության դրույթների տակ եւ ցանկացած տեղեկատվություն հայտարարել գաղտնի՝ հանրությանը զրկելով տարրական տեղեկատվությունից։