Որքան է կազմել միջին աշխատավարձը Երեւանում եւ մարզերում` 2024-ին

Օրերս հրապարակված «ՀՀ Աշխատաշուկա 2024» ամենամյա զեկույցում մանրամասն ներկայացված են ՀՀ աշխատաշուկայի հիմնական ցուցանիշներն ու միտումները: Վերլուծությունն իրականացվել է staff.am կարիերայի օնլայն հարթակի կողմից, սեփական տվյալների և staff.am թիմի կողմից 2024թ. տարբեր ուսումնասիրությունների արդյունքում հավաքված տվյալների հիման վրա։ Աշխատաշուկայի մակրոտնտեսական ցուցանիշների մասով տվյալների համար օգտագործվել է ՀՀ Վիճակագրական կոմիտեի (ՎԿ) կողմից հրապարակված պաշտոնական տեղեկատվությունը, իսկ աշխատավարձերի մասով վերլուծության մեջ կիրառվել են ինչպես ՀՀ ՎԿ, այնպես էլ staff.am տվյալները։ Վերլուծության շրջանակներում ուսումնասիրվել է մոտ 69,500 աշխատանքի հայտարարություն`2022- 2024 ժամանակահատվածի համար: ՀՀ-ում առաջարկվող աշխատավարձերի ուսումնասիրությունն ըստ մարզերի ցույց է տվել, որ Երևանում և Սյունիքում վճարվում են ամենաբարձր աշխատավարձերը, իսկ Շիրակում և Գեղարքունիքում՝ ամենացածրերը։ 2024թ.-ին աշխատավարձի աճ է արձանագրվել բոլոր մարզերում, բացառությամբ Տավուշի մարզի։ Համաձայն զեկույցի, 2018թ.-ից ի վեր աշխատավարձերի ամենափոքր աճը գրանցվել է 2024թ.-ին։ Սա կարող է մասամբ պայմանավորված լինել նաև բարձր վարձատրվող այլազգի ՏՏ մասնագետների ՀՀ-ից այլ երկրներ տեղափոխվելով։ Հատկանշական է, որ տեղեկատվության և կապի տնտեսական ոլորտը, որի միջին աշխատավարձի բարձր լինելը հիմնականում պայմանավորված է ՏՏ ոլորտով, լինելով առաջատարը միջին աշխատավարձի չափով, զիջում է տղամարդկանց միջին աշխատավարձով ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտին։ Աշխատավարձերի վերլուծությունն ըստ սեռի և տնտեսական ոլորտի ցույց է տալիս, որ ամենաբարձր վճարվող ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաներն ու կապը, ֆինանսաբանկային ոլորտն ու հանքարդյունաբերությունը, տղամարդկանց աշխատավարձը զգալիորեն բարձր է կանանց աշխատավարձից։ Սա ամենացայտունն արտահայտված է ֆինանսական ոլորտում՝ կազմելով մոտ 900,000 ՀՀԴ։ Սա հնարավոր է պայմանավորված է նրանով, որ այս ոլորտներում ամենաբարձր վարձատրվող հաստիքները (տնօրեն, դեպարտամենտի տնօրեն, բարձր օղակի ղեկավար և այլն) հիմնականում զբաղեցնում են տղամարդիկ։ «Միջին անվանական աշխատավարձի բաշխվածությունն՝ ըստ Երևանի և ՀՀ մարզերի» գրաֆիկի համաձայն՝ Երևանում և Սյունիքում միջին ամսական աշխատավարձի մակարդակները բավականին մոտ են։ Սա հիմնականում պայմանավորված է մարզում հանքարդյունաբերության խոշոր գործատուների առկայությամբ։ Ամենացածր աշխատավարձերը վճարվում են Գեղարքունիքի և Շիրակի մարզերում։ Բոլոր մարզերում գրանցվել է աշխատավարձի աճ, բացառությամբ Տավուշի մարզի։
Կարծիքներ