Թիմում չկան թմրամոլներ․ ովքեր են Գյումրու ավագանու թեկնածուները

Թիմում չկան թմրամոլներ․ ովքեր են Գյումրու ավագանու թեկնածուները

10 քաղաքական ուժ պատրաստվում է Գյումրու ՏԻՄ ընտրություններին։ Գյումրեցիները խճճվել են․ ավագանու անդամների 300-ից ավել թեկնածու է առաջադրվել, նրանցից մեկը բարեկամ, մյուսը ընկեր ու ծանոթ է, բոլորն էլ` տարբեր քաղաքական ուժերի թիմերում, ում ձայն տալ, ում թողնել։

Շատերին էլ, սակայն, ցուցակներում հայտնված անունները ոչինչ չեն ասում, կամ էլ պարզապես տեղյակ չեն, թե քաղաքում հայտնի այսինչ անձը որ քաղաքական ուժի թիմակիցն է։

Մենք անդրադարձել էինք իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակին, թե որքան խայտաբղետ է այն՝ 41 հոգանոց ցուցակում կան եւ բժիշկներ,եւ թաղային հեղինակություններ։

 Ընդդիմադիր «Հանրապետական» կուսակցությունը ավագանու 33 թեկնածու է առաջադրել։ Ցուցակը գլխավորում է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Արտյոմ Ղուկասյանը, նրան հաջորդում է ՀՀԿ մարզային կառույցի նախկին ղեկավար Սահակ Մինասյանի քրոջորդին՝ Նարեկ Միրզոյանը։

«Հանրապետական»-ների ընտրությունը հետաքրքիր է․ ցուցակում հայտնի մանկավարժներ են, «Կռունկ» բարեգործական հիմնադրամի ղեկավար Գարիկ Ուզունյանն է, որը երկար ժամանակ անվճար հաց էր բաժանում կարիքավոր գյումրեցիներին, քաղաքապետարանի պաշտոնյայի փեսան է՝ Արտյոմ Կոշտոյանը, քաղաքում քիչ թե շատ հայտնի ակտիվ երիտասարդներ։

Զարմանալի է նորաստեղծ «Թասիբով» դաշինքի կազմը, քանի որ ցուցակի 22 անդամներից գրեթե բոլորն էլ Գյումրիում բավականաչափ ճանաչված են։ Թե ինչպես է հաջողվել կարճ ժամանակահատվածում նրանց իրենց շուրջը համախմբել, դաշինքը գլխավորող Կարապետ Պողոսյանը նախ կատակում է․

«Թիմում չկան թմրամոլներ», իսկ ավելի լուրջ՝ մեկնաբանում, թե ընտրել են ավագանու թեկնածուների առաջադրման 17+5 բանաձևը, որը  քաղաքապետարանում հայտնվելու առավել իրատեսական տարբերակն  է ։

«Թասիբով» դաշինքի ցուցակում են 44-օրյա պատերազմի 4 մասնակից, որոնցից Գագիկ Մկրտչյանը Գյումրիի միակ զինագործն է,Գագիկ Գինոսյանը՝ ռազմական ոստիկանության Շիրակի մարզի կայազորի պետը, ով վերադասի հետ տարաձայնությունների պատճառով  աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց  3 ամիս առաջ։ Մտավորականներից ճանաչված քանդակագործ Արթուր Գևորգյանն է, երաժիշտ, «Նռանէ բենդ»-ի հիմնադիր Արմեն Քոչարյանն է ցուցակում, ընդգրկված են նաև լրագրողներ, մանկավարժներ եւ գործարարներ, այդ թվում՝ մեկ հաշմանդամ, որն ընտրվելու դեպքում բարձրաձայնելու է հաշմանդամների խնդիրները ։