Ճանապարհ ենք կառուցում, որ արժանանա Լաչինի միջանցքի ճակատագրի՞ն

Ճանապարհ ենք կառուցում, որ արժանանա Լաչինի միջանցքի ճակատագրի՞ն

Թե Ադրբեջանի հետ այսքան թմբկահարվող «խաղաղության» դարաշրջանի հաստատման եւ «խաղաղության» պայմանագրի կնքման խոստումներն իրենց խորքում ինչ խաբեություններ են պարունակում, բոլորին է արդեն հասկանալի։ Սակայն անհասկանալի է, թե մինչեւ հիմա Հայաստանի իշխանություններն ինչու են լուրջ ընդունում եւ հայտարարում այդ մասին։ Մի՞թե դեռ չեն գիտակցել, որ ինչ էլ անեն Ադրբեջանի իշխանությունները, միեւնույն է՝ երկարատեւ խաղաղություն մեզ չեն տալու: Մեր դիմաց կանգնած թշնամին իր խոսքով թեեւ ցույց է տալիս, թե պատրաստակամ է երկարատեւ խաղաղություն հաստատելու, պատերազմ եւ ագրեսիա չի ուզում, նոր զոհեր ու վիրավորներ՝ նույնպես, բայց ինչպե՞ս կարելի է նրան հավատալ եւ լուրջ ընդունել՝ փորձելով նրա հետ երկարատեւ խաղաղության պայմանագիր կնքել: 

Եթե անգամ մոռանանք նրա իրականացրած գործողությունները եւ դիտարկենք միայն 4 ամսից ավելի տեւող Լաչինի միջանցքի շրջափակումը, որի հետեւանքով տեսնում ենք, թե ինչ աղետների առջեւ են կանգնեցրել Արցախի 120 հազարանոց բնակչությանը եւ լկտիաբար չեն կատարում ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի անվերապահ կատարման որոշումը, արդեն պարզ է դառնում, որ Ադրբեջանը թքած ունի բոլորի վրա։ Ինչպե՞ս կարելի է թեկուզ մեկ տոկոս հավատ ունենալ նրա հանդեպ եւ հույս փայփայել, որ երկարատեւ խաղաղության պայմանագիր է կնքվելու, ապա՝ մեզ համար շահեկան սահմանագծում ու սահմանազատում: Այդ խաղաղասերը չէ՞, որ հենց այս պահին անցակետ է  տեղադրել Արցախի մուտքի մոտ՝ փաստացի ասելով. ես եմ այստեղ տերուտիրականը, երբ ու ինչ ուզեմ՝ կանեմ: 

Պարզ է նաեւ, որ աշխարհի  հզորներից ոմանք նրան ծածուկ քարտ բլանշ են տվել: Եվ սա փաստացի նույն խաղն է, որը 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ իրականացվում էր Հայաստանի նկատմամբ: Առնվազն զարմանալի է, թե Ադրբեջանի այս կեղտոտ խաղերից հետո ինչպես կարելի է նրա եւ նրա հովանավոր Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Փաստացի, սա Ադրբեջանի եւ Թուրքիայի խաղն է Հայաստանի հետ, ինչպես կատվի խաղը մկան հետ։ Սա ընդամենը ձեռառնոցի է Հայաստանի նկատմամբ։

Գոնե ինձ՝ լիովին անհասկանալի է, թե Ադրբեջանի բազմաթիվ ու բազմապիսի բացահայտ ագրեսիվ քայլերից հետո Հայաստանի իշխանություններն ինչ երաշխիքով են սկսել Տեղ-Կոռնիձոր միջանցքի շինարարական աշխատանքները, որն այսօր համարյա ավարտման փուլում է: Եթե Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը եւ այսքան պայքարից, կոչերից ու միջազգային ատյանների որոշումներից հետո անգամ ոչ միայն չի բացում, այլեւ անցակետ է տեղադրել ճանապարհին, ապա ո՞րն է երաշխիքը, որ նույն Ադրբեջանը նույնկերպ չի փակելու նաեւ այդ նոր միջանցքը: Ասեմ ավելին․ ո՞րն է երաշխիքը, որ  նույնկերպ չի փակելու բացվելիք նոր ճանապարհներն ու միջանցքները, որոնց մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը: Մի՞թե ակնհայտ չէ, որ եթե 100 հատ էլ նոր միջանցք բացվի, 100-ն էլ փակելու են, քանի որ նրանց  նպատակը ոչ թե ճանապարհների ապաշրջափակումն ու կոմունիկացիաներ բացելն է, ոչ թե խաղաղություն եւ բարիդրացիական հարաբերություններ հաստատելը, հարեւանների հետ առեւտուր եւ քաղաքակիրթ շփում ստեղծելը, այլ Հայաստանին վնասելը, Արցախի կապն աշխարհի հետ կտրելը, հայ ժողովրդին ճնշելն ու տարածաշրջանից դուրս մղելը։

Ու, ընդհանրապես, հասկանալի չէ՝ Հայաստանը քայլեր ու ծախսեր է անում, որպեսզի փորձի բացե՞լ Լաչինի միջանցքը, թե՞ ցույց տա, որ ինքն ամեն կերպ եւ ամեն ինչ անում է, որպեսզի վերականգնի Արցախի կապն աշխարհի հետ, բայց չի ստացվում, եւ իրեն ոչինչ չի մնում, քան համաձայնել, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում: Իբրեւ թե արցախահայության ցեղասպանությունը կանխելու համար։ Եթե շինարարություն է իրականացնում Արցախում ու Հայաստանում, բայց քայլ չի անում՝ ապահովելու հայկական երկու երկրների անվտանգությունը, չի՞ նշանակում, որ վաղ թե ուշ այդ ամեն ինչն անցնելու է Ադրբեջանին: Այսինքն՝ մենք հիմա սարքում ենք ինչ-որ բան, զարգացնում ենք, որ Ադրբեջանի՞ն ծաղկեցնենք: Իսկ գուցե ի սկզբանե Հայաստանը հենց այդ նպատա՞կն է իր առջեւ դրած եղել...
Այսինքն, հիմնական հարցը թողած՝ ընկել ենք անիմաստ բաների ետեւից։

 Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ