Ստանդարտ բան են Հայաստանում և Ադրբեջանում ամերիկյան դեսպանատների այդ կոչերը

Ստանդարտ բան են Հայաստանում և Ադրբեջանում ամերիկյան դեսպանատների այդ կոչերը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հորդորել է իրենց քաղաքացիներին զերծ մնալ Հայաստանի ու Ադբեջանի սահմանային տարածքներին հարող տեղանքներ այցելություններից՝ լարվածության սրացման և վերջին բախումների պատճառով: Ինչպես նաև Արցախ այցելություններից։ Հաղորդագրությունը հրապարակվել է երեկ` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կայքը։ Նշենք, որ նմանատիպ հայտարարություն է արել նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ նորմալ է, որևէ արտառոց բան չկա, ստանդարտ բան է, քանի որ հենց մի փոքր սրվում է սահմանային իրավիճակը, ԱՄՆ դեսպանությունը նման կոչեր անում է։ Նկատեցինք, որ, այնուամենայնիվ, իրավիճակը հիմա մի քիչ այլ է և պատերազմի մասին սկսել են ավելի ռեալ խոսել։

Հիշեցնենք, որ մի կողմից ադրբեջանական պահեստազորայինների զորավարժություններն են շարունակվում, մյուս կողմից,երեկ, օրինակ, արցախյան հրամանատար Վահան Բադասյանը հայտարարեց, որ վերջին մի քանի օրերին ամեն օր Անկարայից Բաքու սպառազինություններով ինքնաթիռներ են գալիս։

«Բնական է՝ ադրբեջանական ու թուրքական բանակները մշտապես կազմակերպում են զորավարժություններ, մշտապես համատեղ միջոցառումներ և պահպանում  այդ երկու պետությունների միջև ամենաբարձր մակարդակի համագործակցությունը բոլոր ոլորտներում և զենքի հնարավոր տեղափոխման վերաբերյալ տեղեկությունները պարբերաբար հայտնվում են, և թուրքական ինքնաթիռներ մշտապես լինում են Նախիջևանում կամ ադրբեջանական այլ քաղաքներում։ Այնպես, որ, վստահ եմ, սա նույնպես գտնվում է մեր հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, որպեսզի անեն հնարավորինս, առավել տեղեկություններ ունենան այս երկու պետությունների համագորկցության վերաբերյալ,որը, բնականաբար,ուղղված է Հայաստանի դեմ»։

Նշենք, որ իր վերջին գրառման մեջ Սուրեն Սարգսյանն անդրադարձել էր նախագահ Թրամփի՝ Սեպտեմբերի 21-ի առիթով շնորհավորանքին, «սմայլիկ» դրել և  գրել․«Այսինքն նոր ձեռքբերում չկա: Աֆղանստանն ու Կոսովոն են ամենակարևորը: Մեկ էլ ինչու՞ առաջիկա տարվա ընթացքում: Կարող ա՞ դեմոկրատներն են տեքստը գրել»։

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձում ասվում էր, որ հայ և ամերիկյան ժողովուրդների միջև կապերն անհերքելիորեն ամուր են ու տևական՝ լինի դա միասնաբար նոր կորոնավիրուսի գլոբալ համավարակին դիմակայելիս, թե Աֆղանստանի կամ Կոսովոյի միջազգային խաղաղապահ գործողություններում կողք կողքի ծառայելիս: