Յո՞ երթաս, Հայաստան-2

Յո՞ երթաս, Հայաստան-2

2020թ․ հունիսի 16-ին «Հրապարակ»-ում գրել էի. «100 տարի… է, ինչ մենք տեղապտույտի մեջ ենք ու չենք կարողանում կողմնորոշվել, թե ինչ ենք ցան­­­կանում, ի վերջո, երբ ենք դուրս գալու ամեն տեսակի կոնֆլիկտներում պա­տանդի կարգավիճակից»: Ցավոք, ամենավատ երազում հնարավոր չէր պատկերացնել, որ նկարագրված վիճակից ավելի վատթարագույնում կարող ենք հայտնվել:

Մի քանի հատվածներ այդ հոդվածից․ «…այնպես է ստացվել, որ ներկայում ոչ միայն Արցախի հարցը (իմա՝ իր բնօրրանում հայի ապրելու) հրատապ չէ, այլեւ երկրորդական է, երրորդական կամ չորրորդական է կորոնավիրուսի համավարակը, տասներորդական՝ երկրի սոցիա­լական ու տնտեսական անկումը: Համենայնդեպս, այդպիսի տպավորություն է ձեւավորվում որոշ իրադարձությունների ֆոնին: Դրանցից մեկն էլ այսօր մեկ­նար­կեց»: Խոսքը վերաբերում էր հայտնի գործարարի, ՀՀ Ազգային ժողովի պատ­գամավորի քրեական կամ, ավելի ճիշտ՝ քաղաքական հետապնդմանը, որին անձամբ չեմ ճանաչում:

Հոդվածի գաղափարն այն էր, որ, այսպես կոչված, օլիգարխներին պետք չէ «ոչնչացնել», քանի որ դրանք այլեւս իրողություն են, գուցե՝ ոչ ցանկալի: Պետք է փոխել դերերը. ոչ թե օլիգարխները պետք է կառավարեն պետությունը, այլ պե­տությունը՝ նրանց՝ երկրի զարգացման համար կարեւոր տնտեսական ծրագրերի իրագործման նպատակով: Ի դեպ, եթե պողոսները կամ ամբոխը հասկանային, որ «ոչնչացվելիք» օլիգարխների ունեցվածքից իրենց ոչինչ բաժին չի հասնելու, ապա նրանք հաստատ չէին ցանկանա, որ հարուստներն ունեզրկվեին: «Օլիգարխիան կառավարելու» համար պետական կառավարման մեջ պետք է ներմուծվեն որոշակի ավտորիտար տարրեր, այսինքն՝ պետությունը պետք է լինի «կոշտ». ինչպե՞ս կարող է բորենիներով շրջապատված երկիրը լինել խորհրդարանական, ո՞ր հանճարեղի «հանճարեղ» գաղափարն էր դա:  

Հաշվի առնելով Հյուսիային Կորեայի փորձը՝ վերոնշյալը հասկացվում էր երկրի տնտեսության կառուցվածքի արմա­տական փոփոխության, ինովացիոն զարգացման նպատակով, հաջողակ գործարարներին այդ գործ­ընթացում ներգրա­վելու իմաստով: Այնուհետեւ հարցադրում էի արել. «Կառավարությունն արդյոք նման առաջարկութ­յուններ ա­րե՞լ է հայկական ֆինանսաարդյունաբերական խմբերին։ Օրինակ, առաջարկվե՞լ է արդյոք ձեռ­նարկել հրթիռների կամ ռազմական այլ սպա­ռազի­նութ­յունների ար­տադրություն․․․ Հնչում են կարծիքներ, թե վարչապետը ձգտում է բռնապետ դառնալ:

Դա լավ է, եթե նախագահ Պակի նման նա միտված է Հայաստանը զարգացած երկիր դարձնելուն: Բայց ինչպե՞ս՝ պողոսներո՞վ, թե՞ կայացած գործարարներով»: Բանից պարզվեց, որ ասվածը չի հասկացվել, ինչպես որ չէին հասկացվել 2018 թվականին մեր ու էլի շատ-շատերի ասածները, որոնք առանց որեւէ ակնկալիքի պատրաստ են եղել իրենց ներդրումն ունենալ երկրի զարգացման, անվտանգության ամրապնդման գործում:

2018 թվականի նոյեմբերին կայացած «Ի՞նչ անել. Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները եւ ռազմավարական ուղղությունները» գիտագործնական խորհրդաժողովի ժամանակ (որին ներկա էր վարչապետը) ասել ենք. «Այժմ մենք չունենք այն ռեսուրսներն ու ժամանակը, ինչն ունեին առաջին բարեփոխիչները եւ նրանցից հետո եկած իշխանությունները:

Շատ գործընթացներ դարձել են անշրջելի` բացասական իմաստով»: Եվս մեկ պարբերություն նշված խորհրդաժողովի նյութերից. «…տնտեսական զարգացման հիմնախնդիրը… չի հաջողվել լուծել, որովհետեւ ՀՀ տնտեսական քաղաքականությունը, անկախ իշխանական դեմքերի փոփոխությունից, տեւական ժամանակ մնացել է անփոփոխ. շեշտադրումն արվել է տնտեսական աճի, այլ ոչ զարգացման վրա»: Իսկ վարչապետը խոստացել էր ընթերցել այդ նյութերը։
Բոլոր չհաջողած կառավարությունների, առավել եւս այս կառավարության ողբերգությունն այն է, որ չեն լսում փորձառու մասնագետներին, փորձա­գետներին: Իսկ մենք գրեթե բոլոր ոլորտներում ունենք արժեքավոր կադրեր: Չլսելու այդ «ֆենոմենալ» հատ­կությունն առաջացնում է մեկ այլ ֆենոմեն՝ երեւույթները հասկանալու ցանկության իսպառ բա­ցակայություն: Մինչդեռ Լեոնարդո դա Վինչին նկատել է, որ ամենաարժա­նա­պատիվ ցանկությունը հաս­կանալու ուրախությունն է: 
Ցանկալի է, որ այսուհետ այլեւս չլինեն «Յո՞ երթաս, Հայաստան» հար­ցադրումներ: Մենք շատ բարձր գին ենք վճարել, որպեսզի այդպես լինի:

ՀԳ. Ասվածից պարզ է դառնում, որ ՀՀ ԱԺ պատգամավորներին, իշխանությանն ուղղված բոլոր հորդորներն անիմաստ են, քանզի նրանց մեծ մասի մոտ բացակայում է արժանապատիվ ցանկությունը՝ իրավիճակը հասկա­նալու ուրախությունը: Թեպետ մեր իրականության պարագայում խոսքը կարող է վերա­բերել տխրությանը, այնուամենայնիվ, հասկանալու դեպքում այսօր հասարա­կության վրդովմունքի թիրախում հայտնվածները հանգիստ խղճով կկարողանային շունչ քաշել, ինչը, անտարակույս, իրենց ուրախություն կպատճառեր:

Գագիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր