Նռնակը պայթեց հենց Փաշինյանի ոտքերի տակ․․․

 Նռնակը պայթեց հենց Փաշինյանի ոտքերի տակ․․․

Այսօր երևի մարդ չկար, որ Էդմոն Մարուքյանին «չքրֆի»։ Անընդհատ ասում են՝ «քրֆելու», վիրավորելու, հայհոյելու համար տուգանք սահմանեն, բայց, անկեղծ եմ ասում,  այսօրվա «քրֆոցը թանկ քրֆոց էր»։ Մարդիկ «քրֆում էին» իրենց պետականության հիմքը սասանելու, Սահմանադրության համար։ Շատերը լավ գիտեն, որ այդ կռիվը Հրայր Թովմասյանի դեմ  չէ, ոչ էլ փորձառու դատավորների, այդ կռիվը ուրիշ կռիվ է՝ մեր ինքնության, արմատների, արժեհամակարգի դեմ․․․ Ու այս անգամ, քավության նոխազ են գտել․․․ Ռոբերտ Քոչարյանին։ Ասում են՝ եթե այդ կազմը չլինի, Քոչարյանը նստելու, բանտում փտելու է։ Սա է մարդկանց գրգռելու, հունից հանելու, «քսի տալու սուրբ ծրագիրը», սրա շուրջն են մարդիկ հավաքագրում։ Ինչպես մի ժամանակ հավաքագրում էին «Մերժիր Սերժին» ծրագրի շուրջ։ Սթափ մարդիկ հասկանում են, որ վտանգ է սպառնում մեր երկրին ու Սահմանադրությունը, Սահմանադրական դատարանի հիմքը քանդել չեն ուզում և համազգային քրֆոցը՝ Էդմոն Մարուքյանի նկատմամբ դրա վկայությունն է։ Ափալ- թափալ  փոփոխություններն ասեղի պես դուրս են պրծել պարկից ու հուշում են՝ շտապ, շատ շտապ են պետք այդ փոփոխությունները, շտապեցնում են։ Ռոբերտ Քոչարյանն իրենց երեսը փրկելու պատրվակ է, ով էլ լինի Սահմանադրական դատարանի նախագահը, գործը արդեն ամբողջ աշխարհում մեծ աղմուկ է հանել, կատարվելու է այնպես, ինչպես թելադրեն միջազգային դատարանները։ Գործը միջազգային օրենքի դաշտում է, մենք շատ փոքր ենք սեփական ամբիցիաներով վճիռներ իրականացնել։

․․․ Իսկ Էդմոն Մարուքյանը այդ մեծ պատերազմում  օգտագործվող նռնակ  էր, որը պայթեց ու վտանգավոր չէ այլևս։ Այլևս այդ նռնակը չի կարող օգտագործվել իրավական պետությունը կազմաքանդելու համար։ Պարզապես համախբվել է պետք ու հետևանքները վերացնելու։  Իսկ Մարուքյանի համար գիտե՞ք ինչ հսկայական ռեսուրսներ էին ծախսվել․․․ Երևի հիշում եք, մամուլը տեղեկացրել էր, որ մայիսի 5-ին Նիկոլ Փաշինյանն  առանձին հանդիպում ունեցավ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։ Հանդիպումից հետո վարչապետը հրաժարվեց հարցերի պատասխանել։ Հարցին, թե ինչ էին քննարկում, Փաշինյանն ասաց. «Սուրճ էինք խմում»։
Նռնակը պայթեց հենց Փաշինյանի ոտքերի տակ․․․ Ոչ միայն Էդմոն Մարուքյանը թուլացավ, այլ նաև նռնակ օգտագործողը, որովհետև դա այլևս նրա ձեռքին չէ՝ հնարավոր բոլոր հետևանքներով։