Բանաստեղծն իր ստեղծագործությունը չի մեկնում․ Րաֆֆին՝ իր հրապարակած ցուցակի մասին 

Բանաստեղծն իր ստեղծագործությունը չի մեկնում․ Րաֆֆին՝ իր հրապարակած ցուցակի մասին 

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհանիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց, թե ինչ չափանիշներով է կազմել իր Հանրային վստահության խորհրդի ցանկը, որում նաև Նիկոլ Փաշինյանի կառավարության երկու անդամի անուն է ընդգրկել՝ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Համբարձում Մաթևոսյանի։

«Գիտե՞ք ինչ, բանաստեղծն իր ստեղծագործությունը չի մեկնում, և սա շատ ավելի խորն է, քան բանաստեղծությունը, ինքը ամբողջական ստեղծագործություն է, և ով ուզում է  հասկանալ դրա տրամաբանությունը՝ ելնելով մեր բևեռվածության աստիճանից, մեր ներհասարակական մարտահրավերներից, մեր ռեալ ներքաղաքական խնդիրներից, թե ինչ է լինելու, եթե վերջապես քարը տրաքի, և այս խցանը դուրս գա․․․ սա ուղղակի մի առաջարկ է»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Մեր տարակուսանքին, թե ինչո՞վ է Համբարձում Մաթևոսյանն, օրինակ, արժանացել իր այդ բանաստեղծության հերոսը լինելու պատվին, Հովհաննիսյանը կարճ արձագանքեց․ «Ուրեմն Դուք այդ Ձեր ասած անուններից Ձեր սիրածը կարող եք դրա փոխարեն ավելացնել»։

Hraparak.am-ի դիտարկմանը, թե հիմա արդեն կոչեր են անում, որ Երևանում միտինգ անելու փոխարեն պետք է գնալ Բերձոր, Աղավնո և այնտեղ տեղում պաշտպանել այդ գյուղերը հայաթափումից, ինքն ի՞նչ կարծիքի է այս մասով, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց․ «Նախ ինձ չեն թողել, և միգուցե ինձ չեն թողել ոչ միայն իմ ազատ խոսքի համար կամ վրեժխնդրությունից ելնելով, միգուցե նաև այդ պատճառով, ես չեմ կարող ասել։ Բայց վատ գաղափար չի»։