Իրենք կարող են ինձ միանալ, ես ոչ մեկին չեմ միանում

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որով ասվում է.
««Համահայկական ճակատ» շարժումը հայտարարում է «Համահայկական միասնական խորհուրդ» նոր ուժի ստեղծման գործընթացի մեկնարկի մասին։Ժամանակն է միավորել ջանքերը, համախմբել մեր ժողովրդին միակ ճշմարիտ նպատակի՝ ազգային անվտանգության ապահովման և Հայոց պետականության պահպանման շուրջ։ Մենք հաստատակամ և հետևողականորեն պաշտպանելու ենք մեր պետության ազգային շահերն ու անվտանգությունը: Զինվորականների, հոգևորականների և Հայաստանի ճակատագրով մտահոգ ցանկացած հայի միաբանությունը դարձնելու է մեզ ավելի հզոր և պատրաստ ամեն գնով և ամենուր առաջ տանելու Հայաստանի պետական շահը։ Մենք գալիս ենք, որովհետև Հայաստանը պետք է վերականգնի իր երբեմնի հեղինակությունը, գալիս ենք, որովհետև Հայաստանը կարիք ունի ամրապնդելու իր ռազմաքաղաքական կապերը դաշնակից ու բարեկամ երկրների հետ։ Եվ այսպես, «Համահայկական միասնական խորհուրդ» նոր ուժը հիմնվում է ԱզգԲանակ-Եկեղեցի եռամիասնության վրա, և այս միասնությունը ազդարարելու է՝ մեր պետությունը պարտվողական դիրքից նորից վեր հանելու մեկնարկը։
Եվ ուրեմն, ի գործ՝ հանուն հաղթական Հայաստանի Հանրապետության»։
Ըստ Կարապետյանի տարածած հաղորդագրության՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը ևս միացել է իրենց։
«Ես ոչ մի խորհրդի, ոչ մի ուժի, ոչ մի կուսակցության ու կառույցի անդամ չեմ։ Իրենք ինձ դիմել են հոգևոր օժանդակության, խորհրդատվության ու աջակցության համար, ես էլ ասել եմ՝ խնդրեմ, պատրաստ եմ որպես հոգևորական օգտակար լինել ձեզ: Բայց ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել՝ ես ոչ մի քաղաքական թիմի կամ խորհրդի անդամ չեմ ու չեմ էլ պատրաստվում լինել: Ոչ էլ առհասարակ տեղյակ չեմ իրենց անելիքներից, անգամ կադրերին չգիտեմ: Կդիմեն ինձ որևէ հարցով, օրինակ՝ իմ կարծիքը այս կամ այն բանի մասին, ես սիրով կտամ իմ հոգևոր խորհուրդը: Ասեմ, որ ցանկացած մարդու համար էլ պատրաստ եմ դա անել: Բայց ես ոչ մեկին չեմ միանում, իրենք կարող են ինձ միանալ: Բոլոր այն մարդիկ, ովքեր բարի ցանկություն ունեն հայրենիքի փրկության հարցում, մենք պատրաստ ենք օժանդակելու նրանց»,- «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Արշակ Կարապետյանի առաջնորդած շարժմանը միանալու մասին լուրերին՝ նման տեսակետով հանդես եկավ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը:
Ի՞նչ կարծիք ունի Վեհափառը Արշակ Կարապետյանի շարժման մասին, նրա հետ եղե՞լ է քննարկում, մեր զրուցակիցը շեշտեց. «Վեհափառի հետ այս հարցը քննարկելու անհրաժեշտություն չի եղել, քանի որ ես հանդես եմ գալիս հոգևորականի դիրքերից: Ես քաղաքական շարժման անդամ չեմ»:
Կարծիքներ