Ի՞նչ է տալիս արտակարգ դրությունը էպիդեմի՛կ, ո՛չ քաղաքական առումով

Ի՞նչ է տալիս արտակարգ դրությունը էպիդեմի՛կ, ո՛չ քաղաքական առումով

Սերբիայի մայրաքաղաքում քանի օր է՝ բողոքի ակցիաներ են, եւ ցուցարարները ոստիկանների հետ բախումներից հետո անգամ կարճ ժամանակով գրավեցին երկրի օրենսդիր մարմինը՝ այսկերպ դժգոհելով երկրում արտակարգ դրությունը դարձյալ երկարաձգելու նախագահ Ալեքսանդր Վուչիչի մտադրության դեմ։

Հայաստանում եւս իշխանությունը մտադիր է արդեն չորրորդ անգամ երկարաձգել արտակարգ դրության իրավական ռեժիմը, քաղաքական ընդդիմության կարծիքով՝ արտակարգ դրությունը բացառապես քաղաքական նպատակներով օգտագործելու, հավաքներ ու բողոքի ակցիաներ թույլ չտալու համար։ Այնուամենայնիվ, արտակարգ դրության իրավական ռեժիմն ի՞նչ է տալիս համաճարակաբանական տեսանկյունից։ Հարցն ուղղում ենք համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանին։ Նրա խոսքով, այս պահին արդեն արտակարգ դրությունն այլեւս ոչնչով չի նպաստում համաճարակի նվազմանը։ Բժիշկ-համաճարակաբանն անգամ վստահ չէ, որ կարանտինային միջոցների նոր խստացումները կարող են եղանակ փոխել այս փուլում։ «Հաշվի առնելով, թե վարակի փոխանցման հիմնական ուղին որն է, կարանտինը որեւէ շոշափելի բան չի տալու, որովհետեւ վարակն այն աստիճան է դուրս եկել վերահսկելիությունից, որ․․․ կարող է մի փոքր մի բան, այն էլ՝ խստագույն կարանտինի դեպքում»։ Այսինքն՝ Ռուբեն Հովհաննիսյանի գնահատմամբ, այս պահին միակ էֆեկտիվ միջոցն այն կլիներ, որ առողջապահական համակարգն այնպես կազմակերպեր գործունեությունը, որ հետազոտությունն ու բուժումը մաքսիմալ հասանելի լինեին մարդկանց։ «Ըստ որում՝ ժամանակին բուժումը եւ նորմալ բուժումը, ոչ թե այն ձեւով, ինչպես հիմա ստիպված պոլիկլինիկաներն են զբաղվում։ Այսինքն, երբ պացիենտը կարող է օրերով խորհրդատվություն չստանալ եւ այլն, այլ՝ լիարժեք բուժսպասարկում լինի»։

Իսկ այժմ՝ հարցի քաղաքական կողմի մասին։ Իրավունք ունի՞ ընդդիմությունը կասկածել, ավելին՝ համոզված լինել, որ արտակարգ դրությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդհատ երկարաձգում է քաղաքական պատճառներով։ Հարցն ուղղում ենք քաղաքագետ Մանուկ Սուքիասյանին։ Նրա խոսքով՝ վիճակը երկակի է․ ե՛ւ իրավիճակն է դժվար կառավարելի, ե՛ւ այն ծառայեցվում է քաղաքական նպատակների։ «Այն, որ իրականում համաճարակաբանական վիճակը կատաստրոֆիկ է, եւ իշխանությունը չգիտի ոնց այլեւս դեմն առնի, այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Միեւնույն ժամանակ, այո, կարող են դրա անվան տակ փորձել կանխել քաղաքական գործընթացներ, որովհետեւ, եթե անընդհատ երկարաձգում ես արտակարգ դրությունը եւ թույլ չես տալիս որեւէ հրապարակային միջոցառում, այո, դա հօգուտ իշխանությունների է։ Մյուս կողմից, բոլոր նրանց, ովքեր ասում են, որ կարելի է վերացնել արտակարգ վիճակը, մի դիտարկում․ եթե արտակարգ իրավիճակը վերանա, պարետատունը վերանա, ապա այդ պարագայում հարց է առաջանալու՝ ո՞վ եւ ո՞ր կետով է իրավունք ունենալու ինչ-ինչ ոլորտներում մտցնել ինչ-ինչ սահմանափակումներ։ Կարող են ծագել, այսինքն, իրավական որոշ խնդիրներ»։ Մանուկ Սուքիասյանն ասում է, որ այսպիսի կատաստրոֆիկ ցուցանիշներ ունենալու դեպքում առնվազն տարակուսելի են իշխանության՝ «երեկոյան ժամերգության նմանվող» ճեպազրույցները։

Սուքիասյանին հարցրինք՝ իր կարծիքով, այնուամենայնիվ, ո՞ւմ մեղավորությունն է, որ հասանք այս կետին, որովհետեւ մարդիկ էլ, եթե անկեղծ, հիմնականում պարտաճանաչ կրում են դիմակ, ախտահանում են ձեռքերը։ Մանուկ Սուքիասյանը համաձայն է՝ գերակշիռ մասը հիմա արդեն կրում է դիմակ, բայց կարող են հավաքներ անել տներում, հյուր գնալ եւ որպես ասիմպտոմ հիվանդ՝ նորից տարածել վարակը։ «Ահա, այդ ամենի պատճառահետեւանքային կապը գալիս է փետրվար-մարտ ամիսներին իշխանությունների կողմից կորոնավիրուսի վերաբերյալ անլուրջ, ոչ հետեւողական, իրավիճակի ողջ լրջությունը չընկալելու այդ վարքագծից։ Ամենացցունն էլ եղել է վարչապետի անլուրջ վերաբերմունքն այդ ամենին։ Առողջապահության նախարարն էլ 3 ամսվա մեջ 5-6 անգամ տեսակետ փոխեց, թե դիմակներ պե՞տք են, թե՞ չէ, օգնում են, չեն օգնում, բաց տարածքներում, փակ»,- կարծում է Մանուկ Սուքիասյանը։ Նա հստակեցնում է՝ իշխանությունը չունի վարակի տարածման դեմն առնելու ստրատեգիա, ինչն առաջացնում է թերահավատություն վարակի գոյություն չունենալու մասին համոզվածների մոտ՝ համաշխարհային դավադրության կողմնակիցների։ «Թե չէ, այ, դուք սենց եք, այ, դուք նենց եք, մենք ուզում էինք ավելացնել տուգանքները, բայց լավ, բարի ենք, չենք անում…։ Շատ պարզունակ է այդ ամենը։ Ընդհանուր առմամբ, հակահամաճարակային պայքարում, ինչպեսեւ այլ բաներում, իշխանությունների մոտ տեսնում ենք ռազմավարության բացակայություն»։

Երեկ կառավարությունը գնաց այն քայլին, որի մասին տեւական ժամանակ խոսվում էր, սակայն որն առժամանակ չէր հրապարակայնացվում։ Այն, որ Հայաստանում բոլոր մասնավոր կլինիկաների ԲԿ կառավարումն արտակարգ դրության պայմաններում տրվում է առողջապահության նախարարությանը։ Հիշեցնենք․ բժիշկ, Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ՈՒՀԱ նախկին թիմի անդամ Արմեն Գրիգորյանը գրել էր Հայաստանի մասնավոր կլինիկաների տնօրեններին ու բժիշկներին, որ, «ահա, հիմա Արսեն Թորոսյանը եկավ բոլորիդ հետեւից», ու ավելացրել․ «Նա արտաքին ղեկավարում է իրականացնելու բոլոր բուժական հաստատություններում, եւ կարծում եմ՝ այնտեղ կնշանակի, ինչը նա սիրում է անել, նախկին հարկային տեսուչների։ Քողարկվելով արտակարգ դրության եւ պարետի որոշումներով՝ նրանք մեկ ամսից կկազմաքանդեն ձեր կլինիկաները, քթները կմտցնեն ձեր հաշվապահություններ, քրեական գործերի հարուցման սպառնալիքներով եւ շանտաժով իրենց կենթարկացնեն ձեր կլինիկաները»։ 
Կառավարության նիստին որոշման անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանին զեկուցող նախարար Արսեն Թորոսյանը մեղրի կարասն ընկածի հաճույքով արտաբերեց․ «Առաջարկվող փաթեթով առաջարկում ենք սահմանել, որ արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ բժշկական օգնություն իրականացնող եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների՝ անկախ սեփականության ձեւից, կառավարման լիազորություններն անցնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնին։ Բացառությամբ՝ պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալների»։

Արտակարգ դրության ժամանակ բնակչության օգնությունն ու սպասարկումը կազմակերպվում են առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանների համաձայն, որոնք չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն։ Իսկ այդ ԲԿ-ներում կորոնավիրուսային բուժման համար վերապատրաստման կուրսեր ու որակավորում չստացած բուժանձնակազմերի կողմից համապատասխան վերապատրաստում անցնելը պարտադիր է՝ առողջապահության նախարարի հրամանի համաձայն։ 

Ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանը մասնավոր կլինիկայի սեփականատեր է, մեզ հետ զրույցում նա ասաց․ «Ես, ճիշտն ասած, չէի պատկերացնում, որ նման բան կարող է լինել։ Դե, քանի որ ընդունել են, կարծում եմ՝ մանրամասների հետ պիտի ծանոթանանք։ Արդյոք տնօրենի՞ փոփոխություն պիտի անեն, ի՞նչ են ասում։ Չեմ պատկերացնում, որ ինչ-որ մեկ ուրիշը գա, որեւէ մեկի սեփականությունը տնօրինի, այսինքն՝ ինչպես հարկ կհամարի, էնձեւ էլ կանի․․․ մի քիչ դժվար եմ պատկերացնում։ Կան առողջապահական կազմակերպիչներ, որոնք նաեւ հիմնարկի տնօրեններ են․ նրանց փոխարինելու իմաստը ո՞րն է։ Իրենցից լա՞վ կառավարիչներ են գալու։ Մանավանդ որ առողջապահության համակարգում կառավարիչ-մասնագետների լուրջ խնդիր կա»։ 

Տարոն Տոնոյանն ասում է՝ բժշկական կազմակերպությունները՝ կլինիկաներից շատերը, զրոյից ստեղծվել են հսկայական վարկերով, ամենափոքրերն անգամ ամսական մի քանի միլիոն դրամի վարկերի տոկոսադրույքներ են տալիս։ «Էդ, որ քթները մտցնեն հաշվապահություն, դա էդքան կարեւոր չէ, կարծում եմ՝ բոլորի հաշվապահություններն էլ հիմա կարգին վիճակում են։ Բայց խնդիրն այն է, որ ինչպե՞ս կվերաբերվի կառավարիչը, այնպես, ինչպես մարդն իր սեփական գույքի՞ն։ Եվ բացի այդ՝ ես, օրինակ, մեծ վարկեր ունեմ վճարելու, եթե պրոֆիլը փոխում են, վարկերի մասը ո՞նց պիտի լինի։ Շատ հարցեր կան, որոնց պատասխաններն ունենալու դեպքում նոր հնարավոր կլինի մեկնաբանել»։

Ափոփելով՝ մեր զրուցակիցն ասաց․ բոլորն էլ հասկանում են՝ եթե արտակարգ իրավիճակ է, բոլորովին պարտադիր չէ, որ բոլորը շահույթով դուրս գան, բայց այդ դեպքում պետությունը կամ բանկերը պիտի սառեցնեն վարկերը, վարկային արձակուրդ տան։

Հարցին, թե սա ինչ քայլ է կառավարության կողմից, Տոնոյանը պատասխանեց․ «Վատ որակումներ չտամ, երեւի թե սա իրավիճակից դուրս գալու միջոց է, բայց լավագույն, ճիշտ միջոցը չէ ընտրված»։